Քաղաքային իշխանությունը իրեն ընդհանրապես չվերաբերող ոլորտներում հատուկ ակտիվություն է ցուցաբերում . Նարե Արամյանի
ՆերքաղաքականՔաղաքապետ Տիգրան Ավինյանը Երեւանի բյուջեի հաշվին պատրաստվում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Մարինա Աղաջանովային եւ Երեւանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թեւանյանին փետրվարի 13-15-ը գործուղել Ֆրանսիայի Նիցցա քաղաք՝ «Կեցցե՛ թագուհին» դիմակահանդեսին մասնակցելու համար։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԻ հետ:
— Տիկին Արամյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Երեւանի քաղաքապետի վերոնշյալ որոշումը:
— Անկեղծ զարմանում եմ, որ դեռ զարմանում ենք: Հասկանալի է, որ անլուրջ, զվարճանքների եւ ժամանցի հետ կապված յուրաքանչյուր գործողություն կարող է շատ բուռն արձագանք գտնել մեր ներկայիս քաղաքական իշխանության շրջանակում: Այն բոլոր հիմնախնդիրները, որոնք օրհասական են ու լուծման ենթակա՝ օր առաջ, նրանց որեւէ կերպ չեն հետաքրքրում: Մենք արդեն որերորդ տարին է համոզվել ենք, որ հատկապես քաղաքային իշխանությունը իրեն ընդհանրապես չվերաբերող ոլորտներում հատուկ ակտիվություն է ցուցաբերում: Ու սա այն դեպքում, երբ իրեն անմիջական վերաբերող եւ բնակչության համար ամենակարեւոր սուր խնդիրները մնում են այդպես էլ չլուծված ու կիսատ-պռատ որոշումների մակարդակում:
— Այսինքն, չբացառե՞նք, որ ամեն ամիս մի միջոցառման կարող են մասնակցել, եւ դա անել հատկապես հարկատուների գրպանների հաշվին:
— Ասեմ ավելին, այդպիսի ճանապարհորդությունների, նաեւ մայրաքաղաքում զանազան եւ իրենց բացարձակ չվերաբերող զվարճություններին մասնակցելու արդյունքում նրանք պարգեւավճարներ էլ կստանան: Իսկ այդ պարգեւավճարները լավ գիտենք, որ ե՛ւ համայնքային միջոցներից են ուղվում, ե՛ւ ուղիղ քաղաքացու գրպանից: Ու դա այն դեպքում, երբ դրանք պետք է ուղղվեին, օրինակ, ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին: Էլ չենք էլ ասում՝ տրանսպորտ, աղբահանություն եւ այլն: Ուղղակի, տարրական միջավայրի անվտանգության խնդիրները կարելի է լուծել մի մայրաքաղաքում, որտեղ իրենք անում են բալետներ կամ գնում են արտասահման ինչ-որ դիմակահանդեսների մասնակցելու: Արդյոք դա կարելի է նորմալ գնահատել ցանկացած երկրում:
Գիտեք, այստեղ խնդիրն այն չէ, որ Հայաստանն աղքատության բարձր տոկոս ունեցող երկիր է, եւ այդ աղքատները նաեւ մայրաքաղաքում են, տարրական հիգենիայի ու կեցության խնդիր լուծելու առջեւ են կանգնած: Խնդիրն այն է, որ անգամ այդպիսի հարցեր չունեցող քաղաքներում, նման ցոփ ու շվայտ ծախսեր իրենց թույլ չի տալիս: Դա որեւէ կերպ բարոյական եւ արժեհամկարգային բարձր տեսակին հարիր չէ:
— Հարիր չէ նաեւ այն պատճառով, որ նախորդ տարվա ավարտին մոտ երեքուկես միլիարդ դրամ կառավարությունն իր բյուջեից տրամադրել է քաղաքապետարանին, որ Տիգրան Ավինյանը կարողանար պակասորդը փակել…
— Ի՞նչ պակասորդի մասին է խոսքը, երբ անգամ մինչ ընտրությունները, այսինքն՝ քաղաքապետի պաշտոնը բռնազավթելը, նրանք եւս մի քանի միլիարդների ծախս ունեցան, որը պարզ չէր, որ ուղղությամբ է գնացել: Եվ այսօր, եթե նրանք խոսում են, թե՝ բավականաչափ եկամուտ եւ տարբեր մուտքեր են ապահովել, օրինակ, պետբյուջեից՝ համայնքային բյուջե, ապա ինչպե՞ս է ստացվում, որ, միեւնույնն է, անհրաժեշտ է կրկին ստանալ հավելյալ գումար, կրկին ծախսել դրանք ոչ նպատակային եւ որեւէ կերպ բնակչի շահը չսպասարկել:
Մենք այստեղ նաեւ պետք է ուշադրություն դարձնենք բազմաթիվ գնումների գործընթացներին, որոնք անվերահսկելիորեն եւ անտրամաբանորեն հայտարարվում են, իրացվում եւ ծախսվում: Միանշանակ դա կոչվում է մսխում:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

