Անբարոյական է բարձրացնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարց. Ալավերդյան
Ներքաղաքական«Իրավունք»-ն անդրադարձել է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստան այցելած Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիին եւ վերջիններս հանդիպման ընթացքում քննարկել են նաեւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը: Այս մասին զրուցել ենք ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:
«ԻՐԱԿԱՆՈՒՄ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅԼ ՀԱԿԱԱՐԺԵՔՆԵՐ ԵՆ ՄՏՑՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
— Ձեր կարծիքով՝ եթե Հայաստանն արդեն ունի կանանց իրավունքների պաշտպանությանն ու կանանց դեմ բռնությունների կանխարգելմանն ուղղված միջազգային պարտավորություններ եւ ներպետական օրենսդրություն, ապա ո՞րն է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման իրական նպատակը եւ ի՞նչ քաղաքական կամ գաղափարական օրակարգ է այն հետապնդում։
— Փաստորեն, նորից ցանկանում են Հայաստանում արդիականացնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման թեման: Նախ առաջինը՝ անբարոյական է այս վիճակում, երբ մենք ունենք բազմաթիվ շատ սուր խնդիրներ, բարձրացնել մի հարց, որի մասին մենք օրենքներ ունենք: Այսինքն՝ եթե ցանկանում են ցույց տալ, որ Ստամբուլյան կոնվենցիան վերաբերում է զուտ կանանց դեմ բռնությունների մակարդակն իջեցնելուն, ապա դա չի համապատասխանում իրականությանը: Մենք ունենք կանանց իրավունքները պաշտպանելու եւ նրանց դեմ խտրականության բոլոր ձեւերի արգելման մասին կոնվենցիա, որին միացել ենք շատ վաղուց: Մենք ունենք նաեւ կանանց դեմ բռնությունների կրճատման մասին օրենքներ, ունենք հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում են այս ուղղությամբ բավականին արդյունավետ: Եվ այս հարցի բարձրացումը բացատրվում է բոլորովին այլ պատճառներով:
Եթե մարդիկ ընթերցեն ոչ միայն Ստամբուլյան կոնենցիան, այլ նաեւ Եվրամիության մեկնաբանությունները դրանց հանդեպ, ապա կտեսնեն, որ հենց այս մեկնաբանությունների մեջ խոսվում է բավականին վիճահարույց ու ինձ համար մերժելի այնպիսի բանի մասին, ինչպիսին է սոցիալական սեռը: Պատահական չէ, որ Գերմանիայում, կարծես թե, տասնյակ սեռ են արձանագրում: Այն, ինչ հենց գերմանացի գիտնականները ստիպված են եղել, դեռ անցյալ տարի մի բավականին լայնածավալ հոդվածով հանդես գալ, որտեղ ասվում է, որ բնության մեջ գոյություն ունի երկու սեռ: Մնացածը հոգեբանական, սոցիալական դրսեւորումներ են եւ կոչել դա սեռ, բոլորովին արդարացված չէ:
Ժամանակին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հարցրել են՝ ինչպե՞ս եք վերաբերում այդ գենդերային կոչված հարցերին, նա պատասխանել է, որ ավանդական հարաբերությունների կողմնակից է, բայց միշտ դեմ է եղել բռնություններին ցանկացած անձանց նկատմամբ: Պետք է ասեմ, որ ես ամբողջովին համաձայն եմ: Դեռ Մարդու իրավունքների պաշտպան ժամանակ, ինձ հարցրել են, ես պատասխանել եմ՝ ցանկացած բռնություն, անգամ այն անձանց նկատմամբ, որոնք դրսեւորում են մեզ համար տարօրինակ սոցիալական կեցվածք, բացառում եմ եւ մերժում եմ: Այս առումով, այն բոլոր ծայրահեղական դրսեւորումները համարում եմ, որ պետք է բացառվեն:
Բայց բոլորովին այլ է, որ Հայասատանի եւ շատ ու շատ պետությունների համար այդ հարցի արդիականությունը խիստ հարցականի տակ է, քանի, որ մեր երկրում կան այնպիսի հարցեր, ինչպիսիք են դատական իշխանությունների, գործադիր իշխանությունից անկախ գործելու հարցը: Այս ամենի ֆոնին, նման հարցերի քննարկումը, կարծես թե, դառնում է ձեռառնելիք: Մենք ունենք տասնյակ քաղաքական բանտարկյալներ, գործադիր իշխանությունը ոտնահարում է սահմանադրական նորմը, ազգային եկեղեցին, (այդպիսինն է կարգավիճակը Հայ Առաքելական եկեղեցու Սահմանադրական 18-րդ հոդվածի համաձայն): Այս իրավիճակում բոլորովին տեղին չէ բարձրացնել մի հարց, որի շուրջ ունենք օրենսդրական բավարար կարգավորումներ եւ միացել ենք դրան՝ դեռ 90-ական թվականներին (կանանց դեմ բոլոր խտրականությունների արգելման մասին կոնվենցիային): Այսինքն՝ ես համարում եմ, որ դա այն փորձն է, որը մերժել է Վրաստանը:
Գիտեք, որ Վրաստանի հանդեպ Եվրամիության հարաբերությունները կտրուկ փոխվել են հենց այդ պատճառով: Քանի որ ե՛ւ Վրաստանի լայն հասարակությունը, ե՛ւ Ուղղափառ եկեղեցին մերժել են այդպիսի կոնվենցիային միանալու առաջարկությունը: Նկատենք, թե ինչու է կոչվում Ստամբուլյան, որովհետեւ Ստամբուլում է ընդունվել այդ կոնվենցիան: Պատկերացրեք, սկզբում Թուրքիան միացած է եղել դրան, հետո դուրս է եկել, քանի որ իրենց սահմանարական դատարանը հստակեցրել է, որ դա հակասում է բոլոր թե՛ սահմանադրական նորմերին եւ թե՛ բարոյական այն չափանիշներին, որոնք գերակա են հասարակության մեջ: Բուլղարյան եւս իրենց սահմանադրական դատարի որոշումով ուղղակի մերժել է այդ կոնվենցիային միանալուն: Այսինքն՝ ցանկանում եմ ասել, հանկարծ թյուր կարծիք չստեղծվի, թե Հայաստանի հասարակությունն այդքան հետամնաց է կամ եզակ է, որը ժամանակին՝ մի 10 տարի առաջ, այդ հարցը նորից բարձրացվում էր եւ հասարակությունը դեմ է դուրս եկել: Հիմա չգիտեմ՝ ինչ խոստանալով, կրկին արդիականացրել են:
Իհարկե, գործող Մարդու իրավունքների պաշտպանը ճիշտ է արել, որ հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ, ու այդ առումով ինձ շատ հետաքրքրում է ոչ թե հանդիպման փաստը, որքան դրա հետեւանքները: Ես կրկին անգամ պնդում եմ, որ հասարակությունը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը, որովհետեւ հենց Եվրոպական գիտնականները եւ շատ այլ պետություններ մերժում են այդ կոնվենցիան, քանի որ պարզ է դառնում, որ մեկ թեզ ներկայացնելով՝ մարդկանց հանդեպ բռնությունը կրճատելու, իրականում բոլորովին այլ հակաարժեքներ են մտցնում հասարակության մեջ:
«ՊԱՍԻՎՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ Է ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊՇԵԼՈՒ Է»
— Տիկին Ալավերդյան, այս ամենը լավ հաշվի առնելով, այնուհանդերձ, ի՞նչ եք կարծում՝ կընդունվի՞ Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանում:
— Դատելով այն ամեն ինչից, ինչ տեղի է ունենում միանձնյա կառավարման ներքո, երբ բոլորն էլ լավ գիտեն, որ գործադիր իշխանությունը ամբողջովին տիրել եւ զավթել է թե՛ օրենսդրական դաշտը, եւ թե; դատական իշխանությունը, չեմ բացառում, որ թմբկահարելով այս կեղծ թեզերը եւ լինելով որակական մեծամասնություն ԱԺ-ում, իրենց խանգարելու է ինչ-որ բան՝ ընդունելու այդ կոնվենցիան: Եվ սա մեծ վտանգ է:
Ես պնդում եմ, որ գլոբալիստական կենտրոնների ցանկացած խնդիր իրականացվում է այնտեղ, որտեղ հասարակությունը թույլ է: Վերջի զարգացումները՝ շատ անգամ խայտառակ, ապացուցում են նույնը: Օրինակ, Վենեսուելայի նախագահին գողացել են, եւ դա ոչ մի լուրջ հետեւանք չառաջացրեց Վենեսուելայում, իսկ Գրենլանդիայի հանդեպ այդ մկրտումները կտրուկ հանդիպել են դիմադրության: Այս դեպքում, արդեն նույն այդ նկրտումներ ունեցող ԱՄՆ-ի նախագահը ստիպված է փնտրել այլ ճանապարհներ՝ պայմանավորվել, ինչ-որ ձեւով համոզել եւ այլն:
Այդ պատճառով, ես երբեւէ չեմ մտածել, որ ամեն ինչը միայն այլոց ձեռքերում է: Բոլոր շտեմարանի գործիքները, որով կարելի է դրան դիմադրել, հասարակությունը կարող է օգտագործել: Այստեղ կա եւս մտահոգություն, քանի որ այն պասիվությունը, որը ցուցաբերվում է ակադեմիական հանրությունը, իրավաբանների մեծ մասը, ապշելու է: Ես ողջունում եմ այն փոքր խմբերին, որոնք անդադար պայքարում են մարդու իրավունքների համար, սակայն մենք ունենք հասարակության մեջ ցածր մակարդակի իրավագիտակցություն: Եթե գիտակ եւ կիրթ հանրությունը ակտիվ դիմադրի, ապա դա կարող է չանցնի:
Ես ցանկանում եմ շեշտել, որ ո՛չ Վրաստանն է ընդունել եւ ո՛չ էլ Ադրբեջանին են դա առաջարկել: Այդ երկրների իշխանությունները հստակ հասկանում են, որ այդ բոլոր առաջարկները ոչ թե նպաստում են հասարակության եւ երկրի զարգացմանը, այլ ուղղակի ենթարկում են ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների ճնշմանը: Այնպես չէ, որ Եվրոպական բոոլոր պետություններն ուրախ են այս կոնվենցիայից:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

