Ինչ սպասել հնարավոր նոր էսկալացիայից տարածաշրջանում
ՏեսանյութերՀայաստանյան արտաքին մարտահրավերների եւ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք միջազգայնագետ ԳՈՌ ՎԱՐԴԱՆԱՆՑԻ հետ։
— Իրանի շուրջ բավականին լարված իրավիճակ է։ Ինչպե՞ս կգնահատեք առկա իրադրությունը․ կարո՞ղ ենք ասել, որ ներսից Իրանը քանդել չկարողացան, փորձում են դրսից այն իրականացնել։
— Եթե չեմ սխալվում, օրեր առաջ Իրանի բարձրագույն խորհուրդը հրապարակեց երեք հազարից ավելի զոհի մասին։ Իրանը փակ երկիր է, ինֆորմացիոն առումով այնտեղից ալտերնատիվ աղբյուրներ գրեթե չկան։ Կարելի է ասել՝ ինչ որ մատուցվում է, դրանով էլ բավարարվում ենք։ Սակայն հակասական տվյալներ կան՝ կապված երկրի վարած քաղաքականության հետ։
Նախ եւ առաջ Իրանի իշխանությունները գտնվում են սանկցիաների տակ, եւ Իրանի իշխանությունները ընկալելի չեն ԱՄՆ-ի եւ եվրոպական որոշ պետությունների համար։ Այս պարագայում Իսրայելն էլ դարձել է շատ կարեւոր ռեգիոնային խաղացող։ Ներկա պահին Իրանի դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգները C-17 մի քանի ինքնաթիռ արդեն ուղղել են Միջին Արեւելք, այսինքն՝ ռազմական ներկայությունն ավելացնում են։
Սա կարո՞ղ է խոսել էսկալացիայի մասին, թե` ոչ, դժվար է ասել։ Տարբեր պետությունների կողմից լսում ենք տարբեր կարծիքներ՝ հիմնված նրանց արտաքին եւ ներքին քաղաքական նարատիվների վրա։ Բայց միանշանակ անալիտիկ որեւէ միտք ասել չի կարելի, քանի որ ինֆորմացիան բավարար չէ։
— Բացասական սցենարի զարգացման դեպքում մենք կարո՞ղ ենք զերծ մնալ վտանգներից։ Օրինակ, եթե Միացյալ Նահանգները որոշի ուղղակիորեն հարվածել Իրանին։
— Բնականաբար, տարածաշրջանում էսկալացիան կազդի Հայաստանի Հանրապետության վրա՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա ապրանքաշրջանառությունը եւ անվտանգային քաղաքականությունը։ Շատ կարեւոր է նկատի ունենալ, որ Հայաստանը Հարավային Կովկասի եւ Միջին Արեւելքի անվտանգային քաղաքականության եւ անվտանգային ճարտարապետության կենտրոններից մեկն է։ Դա մենք տեսանք 2020 թվականի պատերազմից հետո։ Հայաստանի պարտությամբ եւ Արցախի կորստով տեսանք, թե ինչ էսկալացիաներ այն հետագայում բերեց, ինչ եղավ Միջին Արեւելքում, ինչպես պատերազմներ սկսվեցին։ Այսինքն՝ ուժային բալանսը, երբ խախտվում է, բնականաբար, դա բերում է որոշակի էսկալացիաների ռեգիոնում։
Հայաստանը, կարծում եմ, ցանկացած պարագայում պետք է պրագմատիկ քաղաքականություն վարի եւ, ըստ իրավիճակի, հասկանա, թե ինչ դիվանագիտական կապեր պետք է զարգացնել ներկա պահին։ Շատ ցավալի փաստ են կորուստները, սակայն հեղափոխության դեպքում պետք է հաշվի առնել դուալիզմը։ Այսինքն՝ իշխանության պարագայում արդյոք կա դուալիզմ, կա՞ ալտերնատիվ իշխանություն, որը կառաջնորդի այս շարժումները, եւ որը կբերի իշխանափոխության։ Սա հարց է։
Ոմանք կարող են ասել, որ այդ ալտերնատիվը Փահլավիի ժառանգն է, որը ԱՄՆ-ից փորձում է հորդորներ հղել, բայց դա ի վերջո հեղափոխության չբերեց։ Այսինքն՝ ներկա պահին կարելի է ասել, որ Իրանում իրավիճակը կայուն է, իսկ էսկալացիայի հետ կապված, ինչպես նշեցի, ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ավելանում է։ Տեսնենք, թե սա ինչի կբերի։
— Հայաստանի քրդական համայնքը Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ օրերս բողոքի ակցիա իրականացրեց՝ ընդդեմ Թուրքիայի կառավարության կողմից աջակցվող սիրիական իսլամիստների գործողությունների։ Նրանք զգուշացնում են՝ քրդերի հանդեպ բարբարոսական գործողությունների նկատմամբ աչք փակելը կհանգեցնի «Իսլամական պետության» երկրորդ գալուստին, որն աշխարհը կտանի կործանման։ Ի՞նչ կասեք այս մասին։
— Բնականաբար, Թուրքիայի հիմնախնդիրներից մեկը քրդական հարցն է։ Թուրքիան ակտիվորեն լծված է այս խնդրի «լուծմանը»։ Վերջերս Թուրքիայում հենց քրդական կուսակցության գործունեության դադարեցման մասին հայտարարություն արեց Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։ Թուրքիան միշտ նշել է, որ չի կարող թույլ տալ իր հարավային շրջաններում Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայություն, իսկ ԱՄՆ-ն՝ սկսած 2015 թ.-ից, Սիրիայում «սիրիական դեմոկրատական ուժերի» անվան տակ ֆինանսավորում եւ աջակցում էր այդ քրդական ուժերին։
Տվյալ պարագայում ԱՄՆ-ի շահերը համընկնում էին, քանի որ փորձում էր տարածաշրջանում պահպանել ազդեցությունը՝ Սիրիայում նախկին իշխանությունների՝ Բաշար ալ-Ասադի ժամանակ։ Հետագայում, երբ փոխվեց իշխանությունը, արդեն անիմաստ դարձավ, քանի որ Թուրքիայի հետ դա նախ եւ առաջ կբերի կոնֆրոնտացիայի։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, քրդական հարցի շուրջ մշտապես ունեն խնդիրներ, այդ թվում՝ նաեւ ներկա պահին։
Աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ զարգացումների տեսանկյունից Թուրքիան, բնականաբար, փորձում է քրդական հարցը անընդհատ ճնշել։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

