ՊԱՏԱՀԱԲԱ՞Ր ԷԻՆ ՆԻԿՈԼՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ՀԵՆՑ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԱԲՈՒ ԴԱԲԻՈՒՄ
ՎերլուծությունԻհարկե, նոր գլոբալ կառավարման համակարգի (Տես նաեւ https://iravunk.com/?p=333806&l=am) անկյունաքարային կարեւոր դետալներից մեկը շարունակում է մնալ հարցը, թե վերջապես կհաջողվի՞ ավարտին հասցնել ուկրաինական պատերազմը: Աբու Դաբիում վերջին օրերին տեղի ունեցած եռակողմ` ՌԴ–ԱՄՆ–Ուկրաինա բանակցություններից քիչ բան հայտնի դարձավ: Դա խոսում է հետեւյալի մասին` գործընթացը ծայրահեղ գաղտնիացված է, այսինքն, լուծումների հավանականությունը կտրուկ մեծանում է:
Ուկրաինական աղբյուրները տարածում են այն միտքը, որ բանակցային փակ դռների հետեւում ծայրահեղ կոշտ ճնշում է գործադրվում Ուկրաինայի վրա՝ «Փետրվարի վերջին տարածքների`անվտանգության երաշխիքների վերաբերյալ շրջանակային համաձայնագրերի հասնելու ճանապարհային քարտեզի շուրջ համաձայնության գալու համար»: Բայց ասել, թե Աբու Դաբիում ճնշում գործադրելը բան կփոխի, երեւի այդքան էլ ռեալ չէ: Ուկրաինական պատվիրակությունը կարող է նաեւ համաձայնվել ներկայացված պայմաններին, բայց ամենեւին էլ Աբու Դաբիում չգտնվող Զելենսկին կստորագրի՞ դա, սա է հարցը: Այսինքն, լավագույն դեպքում Աբու Դաբիում կարող է կազմվել փաստաթղթի վերջնական տարբերակ, համաձայնեցված նաեւ Մոսկվայի հետ, որից հետո կմնա, որ ԱՄՆ-ն Զելենսկուն ստիպի ստորագրել: Իսկ Զելենսկու ստորագրությունը կախված է շատ պարզ հանգամանքից, որի մասին, ի դեպ, խոսեց նաեւ Պուտինի ներկայացուցիչ Դմիտրիեւը. «Գիտեք, այստեղ մեկ ցուցանիշ կարող է լինել այն, որ Եվրոպայից եւ Մեծ Բրիտանիայից պատերազմ հրահրողները անընդհատ փորձում են խոչընդոտել այս գործընթացին, անընդհատ փորձում են միջամտել դրան...»:
Միայն թե ներկա պահին «պատահաբար» Բրիտանիայում բարդ վիճակ է, կապված արքայական ընտանիքի գլխին պայթած սկանդալի հետ, որը եկավ գումարվելու մնացած բոլոր ներքին խնդիրներին: Նման իրավիճակում Զելենսկու համար բրիտանակա՞ն, թե՞ ամերիկյան գործոնն է դառնում առաջնայինը, այստեղ է «պատերազմի կամ խաղաղության» բանալին:
Մյուս կողմից, էլի «պատահաբար», այս օրերին Աբու Դաբիում են նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը: Հասկանալի է, այնտեղ ընթացող գլոբալ գործընթացներին մասնակցելու համար նրանց ոչ մեկը չէր հրավիրի: Բայց դե մեդալ ստացան, հանդիպելու ժամանակ գտան, եւ հազիվ թե դրա ընթացքում գոնե «ականջ դնելու» մակարդկով շրջանցեն ինչպես «կողքի շենքում» ընթացող ուկրաինական բանակցությունների թեման, այնպես էլ` բրիտանական սկանդալը. այդ երկու գործոնն էլ էական դեր ունեն ինչպես Նիկոլի, այնպես էլ` Ալիեւի քայլերում: Չնայած, նրանք սպասում են Վենսի այցին, դա եւս կարեւոր ցուցիչ է: Բայց եթե ռուսներն ու ամերիկացիները հանկարծ Ուկրաինայի շուրջ լեզու գտնեն, շատ բան կփոխվի: Ամեն դեպքում, պատմական փաստ է, որ ռուսներն Ուկրաինայից անմիջապես հետո նայում են Հարավային Կովկասի ուղղությամբ: Իսկ եթե Թրամփի հետ լեզու գտնեն, բրիտանացիներն էլ կենտրոնանան ոչ միայն արքայական ընտանիքի, այլ նաեւ վարչապետ Սթարմերի կառավարությունը պահել–չպահելու եւ երկրի կառուցվածքային փոփոխությունների հարցի վրա, ապա ռուսները շատ ավելի համառ կարող են նայել Հարավային Կովկասին:
Նման է, որ Նիկոլը դա սկսել է զգալ: Ամեն դեպքում այն, որ Ալեն Սիմոնյանին որոշեց ուղարկել Մոսկվա, հետաքրքիր ազդակ էր: Առավել եւս, որ Մոսկվայում Ալենին համաձայնվեց ընդունել Լավրովը: Ընդ որում, հանդիպումից առաջ պարզ հասկացնել տալով` «Հատուկ ուշադրություն կդարձվի եվրասիական ընդհանուր կառույցներում Մոսկվայի եւ Երեւանի փոխգործակցությանը եւ այդ ուղղությամբ երկխոսությանը»: Թերեւս, մի փոքր ավելի վաղ արված հայտարարության ֆոնին, թե Հայաստանն արդեն պետք է ընտրություն կատարի Եվրամիության եւ ռուսական ուղղության միջեւ: Մի խոսքով, տեսնենք, թե Ալենն այս հարցում նիկոլյան ի՞նչ որոշում է փոխանցում Մոսկվային: Ալենի երդումները, թե չենք պատրաստվում ԵԱՏՄ–ից դուրս գալ, իհարկե, դեռ բավարար չեն Նիկոլի հաղորդածի իրական իմաստ հասկանալու համար. սպասենք ռեալ դետալներին:

