Ուկրաինական սցենարը՝ Հայաստանում. Վենսի այցը եւ Եկեղեցու դեմ ճնշումների ստվերը
ՎերլուծությունՈւկրաինայի իշխանությունները կասեցրել են Ուկրաինյայց Ուղղափառ Եկեղեցու արգելման եւ այն Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու հետ միավորելու ծրագրի իրականացումը՝ ամերիկյան կողմի միջամտությունից հետո։ Այդ մասին հայտնում է քաղաքագետ Միխայիլ Պավլիվը։
Նրա խոսքով՝ ծրագիրը դադարեցվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի դիրքորոշման պատճառով, ով համակարգում է Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակը։
Հիշեցնենք, որ Ուկրաինյայց Ուղղափառ Եկեղեցու ոչնչացման ծրագիրը սկսել էր իրականացվել ամռանը, իսկ օգոստոս-սեպտեմբերին նախատեսվել էին կոնկրետ քայլեր․ մինչեւ հոկտեմբերի վերջ նախատեսվում էր ամբողջությամբ արգելել Եկեղեցու գործունեությունը, երկրից արտաքսել Նորին Ամենապատիվ Օնուֆրիին եւ անցկացնել արտահերթ սինոդ՝ եկեղեցին Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու հետ միավորելու նպատակով։
Սակայն Վենսի միջամտությունից հետո պարզվում է՝ Ուկրաինյայց Ուղղափառ Եկեղեցու դեմ ուղղված բոլոր օրենսդրական եւ դատական գործընթացները սառեցվել են։ Բացի այդ, Պատրիարք Բարդուղիմեոսը, ով ակտիվ դեր էր խաղում այս իրադարձություններում, կանչվել է ԱՄՆ, որտեղ նրանից պահանջել են դադարեցնել նման գործողությունները։ Հատկանշական է, որ այս ֆոնին Ուկրաինյայց Ուղղափառ Եկեղեցու Կիեւյան միտրոպոլիայի լուծարման գործի քննությունը հետաձգվել է անորոշ ժամկետով։ Այդ որոշման պատճառը եղել է առաջին ատյանի դատարանում գործի համար անհրաժեշտ նյութերի բացակայությունը։
Ուկրաինայում տեղի ունեցող այս իրադարձությունները մեզ հիշեցնում է այն գործընթացները, որոնք այսօր տեսանելի են նաեւ Հայաստանում. երբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին փորձում են «վերաձեւակերպել» որպես «Հայաստանի Առաքելական եկեղեցի»՝ այն ենթարկելով օրվա իշխանության քաղաքական օրակարգին եւ զրկելով համահայկական-համասփյուռ առաքելությունից։ Այս համատեքստում խորհրդանշական է, որ այժմ Ջեյ Դի Վենսի այցը սպասվում է Հայաստանում: Ահա, թե ինչու են լարված իշխանական վերնախավում, ինչու են ցայտնոտի մեջ տիրադավ դարձած «հոգեւորականները»։ Իհարկե, ամերիկյան որեւէ միջամտություն, թեկուզ հօգուտ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, չի լինելու «մեր սիրուն աչքերի համար» եւ ունենալու է իր ամբողջական քաղաքական հետեւանքները, սակայն ակնհայտ է՝ զարգացումները մտնում են առավել հետաքրքիր եւ վճռորոշ փուլ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

