Կառավարության «Տնական արաղով դիզինֆեկցիա անելու» օպերացիայի 2-րդ սերիան
ՆերքաղաքականԸստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխության՝ 2026 թ. հունվարի 1-ից՝ աշխատանքային պայմանագրերը պետք է բացառապես կնքվեն էլեկտրոնային տարբերակով։ Այդ նպատակով ՀՀ քաղաքացիները պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ եւ էլեկտրոնային ստորագրություն, այլապես չեն կարող աշխատել։ Այս որոշումն, անշուշտ, մեծ անհարմարավետություն է պատճառել թե՛ աշխատանքի ընդունվողների, թե՛ գործատուների շրջանում, քանի որ նույնականացման քարտ ստանալու համար գոյացած հերթեն աննախադեպ են:
Այս մասին «Իրավունք»-ը բարձրաձայնել էր փաստաբան Աշոտ Նուրիջանյանի հետ զրույցում: Մեր ահազանգն եւ փաստաբանի դիտարկումներն անարձագանք չմնացին: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ հաշվի առնելով չկանխատեսված խնդիրները՝ պատրաստվում են էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման հետ կապված որոշակի փոփոխությունների: Ավելին՝ անգամ հնարավոր է խնդրեն ԱԺ–ին` արտահերթ ձեւով այդ հարցը քննարկել, քանի որ դա ենթադրում է նաեւ նորից Աշխատանքային օրենսգրքի փոփոխություն։
Արսեն Թորոսյանը, սակայն, չի մոռանում կրկին իրենց թերի կատարած աշխատանքի համար մեղադրել քաղաքացուն՝ համարելով, որ որքան էլ ժամանակ են տրամադրում նույնականացման քարտ ձեռք բերելու համար, միեւնույնն է, քաղաքացին դա թողնում է վերջին օրը: Թորոսյանը դժվարանում է ընդունել, որ այս ծրագիրը եւս ձախողել են իրենց ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով, ինչի հետեւանքով նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին հերթագրված է մինչ օգոստոս ամիսը եւ ավելին: Հետեւաբար, Թորոսյանը նախքան քաղաքացուն մեղադրելը, լավ կանի հասկանա՝ որտեղ են թերացել կամ մինչեւ երբ են թերանալու: Սա էլ դարձավ «կորոնավիրուսներին պինցետով հանելու ենք ու տնական արաղով դեզինֆեկցիա անենք» «Операция Ы» 2-րդ սերիան:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

