Միլանի «Ինտերը» դիտարկում է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն՝ հղում անելով FCInter1908-ին։ Ըստ իտալական պարբերականի՝ «Ինտերը» պատրաստվում է մրցաշրջանի ավարտին կարճաժամկետ պայմանագիր առաջարկել Մխիթարյանին։
Նրա գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է այս տարվա հունիսին: Թեև կողմերը դեռ պաշտոնական բանակցություններ չեն սկսել, աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը փոխել է դիրքորոշումը և մտադիր չէ բաժանվել վետերան կիսապաշտպանից։
Թեև միլանյան ակումբը հակված է չերկարաձգել համագործակցությունը թիմի վետերանների հետ, սակայն Մխիթարյանի պարագայում իրավիճակն այլ է։
Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն շարունակում է վստահել հայ ֆուտբոլիստին։ Չնայած տարիքին՝ Մխիթարյանը մնում է թիմի կարևորագույն օղակներից մեկը։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

