Փորձում են տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին. Գարիկ Քեռյան
ՆերքաղաքականԹե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում այս օրերին ակտիվ քննարկումների առանցքում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող տարածաշրջանային այցը։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել էԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ։
— Ի՞նչ կարող է տալ այս այցը Հայաստանին, եւ ի՞նչ ռիսկեր կամ պարտավորություններ կարող է այն ենթադրել։
— Կարծիքները շատ տարբեր են, քանի որ նման բարձրաստիճան պաշտոնյայի այցելությունը Հայաստան, եթե չեմ սխալվում, երբեւիցե չի եղել: Մեկ անգամ եղավ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը, սակայն փոխնախագահի այց, ես չեմ հիշում, որ եղել է: Սա, իհարկե, լուրջ քաղաքական իրադարձություն է: Բազմաթիվ հետազոտական, վերլուծական կենտրոններում, քաղաքական շրջանակներում քննարկվում է մեկ հարց, թե որն է այս այցելության նպատակը: Իհարկե, այստեղ կա նաեւ դիվանագիտական, պետական գաղտնիք, որը կարող է եւ Հայաստանում իմանալ մեկ կամ երեք անձ, բայց փորձագիտական առումով դիտարկելով այցը՝ ես կարող եմ ասել իմ կարծիքը:
Գիտեք, ուկրաինական ճակատում բավականին լուրջ ջանքեր են գործադրվում պատերազմի դադարեցման գործում: Բացառված չէ, որ մոտակա ամիսներին հաջողվի հասնել պատերազմի ավարտին: Արեւմտյան ստրատեգները շատ լավ գիտեն, որ ուկրաինական ճակատում խաղաղությունից հետո Ռուսաստանը կրկին իր հայացքները ձգելու է Խորհրդային տարածության մյուս տարածաշրջաններին, քանի որ կա՛մ թուլացել է իր ազդեցությունը, կա՛մ ընդհանրապես այն կորցրել է: Գաղտնիք չէ, որ Պուտինի գերնպատակը միշտ եղել է հետխորհրդային տարածաշրջանում ռուսական ազդեցության վերականգնումըՄիացիալ Նահանգները եւ Եվրամիությունը փորձում են Հարավկովկասյան տարածաշրջանից ընդհանրապես դուրս մղել Ռուսաստանին: ԱՄՆ-ի դիվանագիտութան ակտիվությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման, խաղաղության պայմանագրի կնքման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով փորձում են այս գործընթացներն, ի վերջո, հասցնել նրան, որ Հարավային Կովկասում դուրս մղվի Ռուսաստանը եւ նրա ազդեցությունը: Պարզ է, որ ԱՄՆ-ն ոչ թե առաջնորդվում է այն ուղենիշով, որ մտահոգված է Հայաստանի խաղաղությամբ, այլ նպատակը ՌԴ-ին հեռացնելն է: Օգոսոսի 8-ի պայմանագիրը՝ TRIPP-ի նախագիծը, Հայաստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի ինչ-որ կոմունիկացիոն ծրագրերի մեջ ընդգրկելը եւ հարաբերությունների կարգավորման գործում ԱՄՆ-ի ակտիվությունը հենց այս տրամաբանությամբ են առաջնորդվում:
Բնականաբար, Միացիալ Նահանգները շտապում է եւ Վենսը գալիս է հենց այդ նպատակով, որովհետեւ պետք է մինչեւ ուկրաինական ճակատում խաղաղության հասնելը, այստեղ այնպիսի պայմանագրաիրավական կառուցվածքներ ստեղծել կամ այնպիսի կախման մեջ դնել տարածաշրջանի պետություններին մեկը մյուսից, որ հետագայում Ռուսաստանի միջամտության դեմ լուրջ պատնեշ ստեղծվի: Կարծիք կա, որ Վենսը ոչ թե գալիս է բանակցությունների, այլ գալիս է, որպեսզի ուլտիմատում դնի Հայաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին՝ գործնական քայլեր կատարելու եւ արագ կերպով ստեղծելու այն, ինչն ԱՄՆ-ի վերահսկողությամբ կապահովի ազդեցություն:
Իհարկե, ԱՄՆ-ի ռազմաքաղաքական շահն այստեղ միայն Իրանն է, քանի որ այնտեղ որտեղ ԱՄՆ-ն ոտք է դնում, այդտեղ սահմանից այն կողմ Իրանն է: Սա ռազմաքաղաքական շահ է: Իրականում տնտեսական շահ ԱՄՆ-ն չունի, որովհետեւ TRIPP-ից, դժվար թե, այնպիսի եկամուտներ լինեն, որ Թրամփն այդքան մեծ էներգիա ներդնի: Պարզապես, տնտեսական, առեւտրատնտեսական, էներգետիկ եւ այլ հաղորդկացային կոմունիկացիաներ ստեղծելով ու դա վերցնելով իր վերահսկողության տակ՝ Միացիալ Նահանգները ապահովում է իր ներկայությունն ու ազդեցությունը: Բայց կրկնում եմ՝ սա ոչ թե տնտեսական մեծ օգուտների հետապնդում է, այլ առաջին հերթին պայմանների ստեղծում, որ Ռուսաստանն այլեւս չկարողանա վերականգնել իր ազդեցությունը: Եվ երկրորդ՝ ոտք դնելով Հարավային Կովկաս՝ ԱՄՆ-ն որոշակի վերահսկողություն եւ հեռահար հարվածի հնարավորություն է ունենում Իրանի նկատմամբ:
— Համենայնդեպս, լիբերալ գործիչներն ուրախացել են եւ մեծ հույսեր են փափագում Վենսի այցի հետ՝ ակնկալելով, որ դրա արդյունքում նոր աշխատատեղեր են ստեղծվելու եւ այլն: Ի՞նչ կասեք այս մասին:
— Չեմ կարող հստակ ոչինչ ասել, դա կերեւա գործարկումից հետո: Չենք բացառում որոշակի տնտեսական Էֆեկտներ: Այսինքն՝ հարաբերությունների կարգավորումը միշտ էլ տնտեսական էֆեկտ ունենում է: Օրինակ, ներկայումս, որոշակի ապրանքների, վառելիքի ներկրումն՝ Ադրբեջանի տարածքով: Դա արդեն ցուցանիշ է: Հարաբերությունների կարգավորումն իր տնտեսական ազդցությունը ունենում է: Հիմա TRIPP-ի գործարկումից ավելի պարզ կերեւա, թե ինչ կլինի:
—Կարո՞ղ ենք գոնե ակնկալել, որ Ջեյ Դի Վենսի այցն ինչ-որ կերպ կնպաստի Բաքվում դեռ մնացած գերիների հարցի լուծմանը:
— Եթե գա այնպիսի մի պահ, որ գերիների ազատագրումը նպաստի թուրք-ադրբեջանական, նաեւ ամերիկյան պլանների իրականացմանը, այդ ժամանակ բաց կթողնեն: Սակայն գերիների պահելն ու անիմաստ երկար դատավարությունների նպատակը մեկն է, պարզապես, դա օգտագործել որպես ճնշման գործիք կամ պետք եղած ժամանակ այդ խաղաքարտը օգտագործել ինչ-որ օգուտներ կորզելու համար:
Պրիմիտիվ բան է. ինչ-որ մի գերի են ազատում, բայց դրա դիմաց կրկին ինչ-որ բան են պոկում: Սա դեռեւս ճնշման եւ գործարքի խաղաքարտ է:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

