Ժամանակն է, որ մենք եվրոպական արժեքները պաշտպանենք հենց եվրոպական կառույցներից. Նաիրա Կարապետյան
ՆերքաղաքականՍտրասբուրգում կայացավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը: Ընդունվեց «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» վերնագրով բանաձեւը, որտեղ անդրադարձ կա նաեւ ՀՀ-ում առկա իրավիճակին՝ որպես ամբողջական մոնիտորինգի տակ գտնվող երկիր։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ Է ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԹԱՂԵԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ»
— Իհարկե, տարբեր շրջափուլերում մենք սովոր էինք տեսնել ԵԽԽՎ անատամ զեկույցներ, բայց այս վերջինը հատկապես լրիվ հակառակ իրականությունն էր ներկայացնում: «Խորապես մտահոգված ենք … իշխանությունը զավթելու վերաբերյալ մի քանի հոգեւորականների կողմից կազմակերպված դավադրությունների մասին հաղորդումներով», - սա է եվրակառույցի պատկերացումը մեր իրողության մասին: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:
— Եվրոպական միջազգային կառույցների խիստ լոյալ վերաբերմունքն ու հովանավորչությունն այս ռեժիմի նկատմամբ նորություն չէ: Եվրոպայի խորհուրդը բացառություն չեղավ, ցավոք, իսկ այս վերջին զեկույցում տեղ գտած եւ հատկապես տեղ չգտած ձեւակերպումներն ուղղակի անընդունելի են:
Անցնող տարում Հայաստանը բացարձակ ռեկորդակիր է ժողովրդավարության վրա կեղտոտ ոտքերը մաքրելու եւ մարդու հիմնարար իրավունքները թաղելու առումով: Ազատ խոսքի բացահայտ լռեցում՝ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի օրինակով, լրատվամիջոցներին ահաբեկելու փորձեր՝ «Անտիֆեյքի» օրինակով, խաղաղ բողոքի ակցիաների եւ հավաքների ձեւախեղում՝ «Սրբազան պայքարի» 18 արդարներին ահաբեկիչ «կարգելու» օրինակով, ընդդիմության փողոցային շարժման միասնական առաջնորդ Բագրատ սրբազանի ապօրինի կալանավորում, իմպիչմենտի՝ ընդդիմության միասնական թեկնածուի ազատազրկում՝ Դավիթ Համբարձումյանի օրինակով, ազգային խոշոր բարերարի՝ Սամվել Կարապետյանի կալանավորում՝ միայն «մեր ձեւով» արտահայտության համար… Այս շարքն անվերջ է: Սրանք չնկատելն ուղղակի կողմնակալություն է:
Ինչ վերաբերում է Ձեր մեջբերած հատվածին՝ «…իշխանությունը զավթելու վերաբերյալ մի քանի հոգեւորականների կողմից կազմակերպված դավադրությունների մասին», այնքան լղոզված է գրված, որ ցանկացած կերպ կարելի է մեկնաբանել, օրինակ՝ կարգալույծ քահանաների կողմից եկեղեցու բանալիները զավթելը՝ Ստեփան Ասատրյանի օրինակով, կամ՝ Արման Սարոյանին՝ իրեն թեմի առաջնորդ երեւակայելը… Ուղղակի շատ ցավալի է մեր երկրին վերաբերող հատվածը համեմատել հարեւան երկրների նկարագրության հետ, եւ անմիջապես աչք է ծակում եվրոպական երկակի ստանդարտների ճչուն փաստը:
«ՆԵՐԿԱ ՌԵԺԻՄԻ ՀԱՆԴԵՊ ԵՎՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԿԱՏԵԼԻ Է ԱՆԹԱՔՈՒՅՑ ՄԵԾ ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅՈՒՆ»
— Ստացվում է՝ ԵԽԽՎ-ում տեղյակ էլ չէին, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, չգիտեին, որ սրբազաններից մինչեւ բլոգերներ՝ ապօրինի կերպով բանտարկված են քաղաքական հայացքների համար: Եվ սա, ըստ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի, Հայաստանի պատվիրակության ընդդիմադիր հատվածի տապալումն է եւ խայտառակությունը։ Կարո՞ղ էին ընդդիմադիր պատգամավորները կանխել զեկույցի այսպիսի բովանդակությունը, որն ունենք այսօր:
— Ցավում եմ, որ ԵԽԽՎ պատվիրակության անդամ եղած իմ նախկին գործընկերը նման մտքեր է արտահայտել՝ այն դեպքում, երբ նման խնդիրների մեջ եղել է, եւ իր ԵԽԽՎ աշխատանքի որեւէ փայլուն արդյունք ես չեմ հիշում, օրինակ՝ նույն հայ ռազմագերիների վերադարձի մասով: Վեհաժողովի աշխատանքների կազմակերպման կարգը նույնն է, ինչ եղել է միշտ, իմ տեղեկություններով, մեր ընդդիմադիր պատգամավորները (գոնե Հայկ Մամիջանյանի մասով եմ տեղյակ), հետեւողական աշխատանք են տարել: Ես ինքս էլ եմ, որքան հնարավոր է եղել, մշտապես ինֆորմացված պահել իմ նախկին գործընկերներին, սակայն երկրորդեմ միտքս՝ ներկա ռեժիմի հանդեպ եվրոպական կառույցների կողմից նկատելի է անթաքույց մեծ հովանավորչություն:
— Առնվազն Ձեր պատգամավոր աշխատած տարիներին մենք հիշում ենք, թե ինչպես էր հայաստանյան պատվիրակությունը հնարավոր բոլոր միջոցներով ինտենսիվ աշխատում եվրապատգամավորների հետ՝ մեկ դրական խոսք, մեկ քվեարկություն «կորզելու» համար: Ի՞նչ փոխվեց այսօր:
— Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ նախկինում մեր պատվիրակության աշխատանքներն ինտենսիվ էին, եւ ավելացնեմ, որ շատ բարդ շրջանում, երբ Ղրիմի դեպքերից հետո Ռուսաստանի հանդեպ ողջ նեգատիվը ստվերում էր նաեւ մեզ՝ շատ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Այստեղ պետք է գումարել նաեւ արդեն իսկ բացահայտված եւ եվրոպական մի քանի մայրաքաղաքներում աղմկահարույց քրեական գործերի հիմքում ընկած ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» փաստը, երբ Ադրբեջանը կաշառում էր ԵԽԽՎ առանցքային դերակատարներին՝ իր օգտին, այսինքն՝ մեր դեմ, աշխատելու համար: Այնուհանդերձ, մենք աշխատում էինք արդյունավետ, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը վարում էր բալանսավորված արտաքին քաղաքականություն, եւ Հայաստանն ուներ միջազգային բարձր հեղինակություն:
«ԳՈՒՆԱՎՈ՞Ր ԾԽՈՎ ԷԻՆ ՍՊԱՆԵԼՈՒ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ, ԻՆՉՊԵՍ ԿԱՍԵՐ ՀԵՆՑ ԻՆՔԸ, «ԷՍ ՉԵ՞Ք»
— Այնուհանդերձ, զեկույցն ինչքան էլ իշխանահաճո էր, բայց անգամ այդ փաստաթղթում արձանագրված է, որ ԵԽԽՎ-ն խորապես մտահոգված է վարչապետի եւ Հայ Եկեղեցու առաջնորդի միջեւ առկա լարվածությամբ: Իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ-յան ամբիոնից ներկայացրեց, թե իբր հոգեւորականները Հայաստանում ժողովրդավար կերպով ընտրված ղեկավարներին, այդ թվում՝ իրեն սպանելու կոչեր են արել: Հանուն արդարության պետք է շնորհակալ լինել, որ չի ասել՝ «արդեն սպանել են իրեն», բայց եթե լուրջ՝ որքանո՞վ է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հնչեցրած մտքերը լուրջ: Արդյոք այս ամբիոնը պետք էր օգտագործել ինչ-որ մտացածին վախերի մասին բարձրաձայնելով:
— Շուրջ 8 տարի է` Հայաստանի իշխանական ներկայացուցիչների կողմից այդ բարձր ամբիոնից չեն հնչում հայկական շահը ներկայացնող եւ Հայաստանի կարմիր գծերը ուրվագծող ելույթներ, ցավոք: Այսօր, երբ Բաքվի բանտում մենք ունենք 19 պատանդ, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական բարձր ղեկավարության ներկայացուցիչներ, իսկ որոշ տվյալներով Ադրբեջանում են գտնվում շուրջ 70 հայ՝ անհայտ ճակատագրով, այս եւ մյուս բոլոր ամբիոններից պետք է հնչի պահանջ՝ նրանց ազատ արձակելու համար: Այս եւ մյուս բոլոր ամբիոններից պետք է հնչի պահանջ՝ հայկական հինավուրց մշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանման եւ պաշտպանության, պետք է հնչի բռնի տեղահանված 120 000 արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջ, եւ սա միայն Արցախի մասով:
Այն, ինչ հնչեցրեց ԱԳ նախարարը, ամոթ էր, ուղղակի ամոթ, Սրբազան պայքարի առաջնորդը եւ համակիրները գունավո՞ր ծխով էին սպանելու Արարատ Միրզոյանին: Անհերքելի փաստ է Բագրատ սրբազանի գաղտնալսման կեղծված եւ մոնտաժված լինելը, Միքայել սրբազանի «մեղքը» իր հնչեցրած կարծիքն է, Արշակ սրբազանի գործի միակ «իրեղեն ապացույցը» անհետացել է, Մկրտիչ սրբազանի գործը տիրադավ մի կարգալույծ քահանայի խոսքերի վրա է հիմնված, եւ մի ամբողջ ԱԳ նախարար, երեւի թե չգիտակցելով իր պաշտոնի կշիռը՝ այս կեղծիքներն ու անհիմն մեղադրանքները հերիք չէ բերում է ԵԽԽՎ, մի բան էլ կողքից բողոքում, թե «իրեն էլ էին սպանելու»: Ինչպես կասեր հենց ինքը, Արարատ Միրզոյանը, «էս չե՞ք»…
— Իսկ Հայաստանին անցած քվոտայով ԵԽԽՎ փոխնախագահ է դարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Մարդ, ով ամենօրյա ռեժիմով Մայր Աթոռի եւ Վեհափառ Հայրապետի դեմ գրառումներ է անում, թեմի առաջնորդներ «նշանակում», աջ ու ձախ զրպարտում բարձրաստիճան հոգեւորականներին: Ի՞նչ եք կարծում՝ ԵԽԽՎ-ն տեղյա՞կ է, թե ում է դարձրել փոխնախագահ, թե՞ այստեղ էլ, ինչպես միշտ, «ժողովրդավարության» անվան տակ պարզապես աչք են փակել ամեն ինչի վրա: Եվ ընդհանրապես՝ կարո՞ղ ենք ասել, որ ԵԽԽՎ-ում այլեւս խավիարային դիվանագիտություն բանեցնելու կարիք չկա, քանի որ Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիան հետայսու այս կառույցում ունի այնպիսի վստահելի անձ, ինչպիսին Ռուբինյանն է:
— ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի ընտրվելն իր անձի հետ որեւէ կապ չունի: Վեհաժողովն աթոռը տալիս է երկրին, եւ ոչ թե անձին: Սակայն Ռուբինյանի վարքագիծը, եւ ելույթները պետք է որ մտահոգեն ԵԽԽՎ-ին, եթե վերջինիս մոտ մնացել է «դեմքը փրկելու» ցանկություն: Միայն մեկ օրինակ բերեմ՝ հայտնի զեկույցի ընդունումից հետո, երբ վեհաժողովն իր խիստ մտահոգությունն է հայտնում մեր պետության եւ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդի միջեւ լարվածության, պետության կողմից ճնշումների մասին, ԵԽԽՎ նորընտիր փոխնախագահը հերթական գրառումն է անում, որով հաստատում է այդ ճնշումներն ու առճակատումները: Ես իրոք շատ մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ մեր երկրի արտաքին վարկանիշի այսպիսի անկումները, եւ հատկապես միջազգային կառույցների կողմից այս կողմնակալությունը, որը կարծես այլեւս քողարկված էլ չէ: Եվ կրկնում եմ` ժամանակն է, որ մենք եվրոպական արժեքները պաշտպանենք հենց եվրոպական կառույցներից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

