Պարտավոր ենք կառուցել այնպիսի երկիր, որտեղ օրենքը ծառայում է մարդուն, ոչ թե մարդը՝ օրենքին. «ԴՕԿ» կուսակցության շտաբի պետ, հայտնի իրավապաշտպանը օրվա հրամայականի մասին
Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, միջազգային ատյաններում նախադեպային որոշումների հասած, այժմ նաեւ «ԴՕԿ» կուսակցության շտաբի պետ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ անդրադարձել երկրում առկա իրողություններին եւ օրենքի երկիր դառնալու հրամայականին.
-Մենք հաճախ շփոթում ենք օրենքն ու իրավունքը՝ կարծելով, թե դրանք նույնն են։ Բայց իրականում դրանք տարբեր բաներ են։
Օրենքը գրում է իշխանությունը, իսկ իրավունքը ձևավորվում է արդարության և մարդու արժանապատվության հիման վրա։ Դատախազը, ոստիկանը պարտավոր են կիրառել օրենքը։ Բայց փաստաբանը կոչված է պաշտպանելու մարդուն, նրա իրավունքը, նույնիսկ այն ժամանակ, երբ օրենքը թերի է կամ անարդար։
Եթե փաստաբաններըի չվիճարկեին անարդար օրենքները, եթե դատարանները չկանգնեին արդարության կողքին, մենք այսօր էլ կապրեինք հնացած ու անարդար կանոններով։
Դատարանի առաքելությունը միայն օրենք կարդալը չէ։ Դատարանը պարտավոր է նժարի մի կողմում դնել օրենքը, մյուս կողմում՝ արդարությունը և մարդու իրավունքը։
Որովհետև պետությունը ուժեղ է ոչ թե խիստ օրենքներով, այլ արդար դատական համակարգով։
Եվ մենք պարտավոր ենք կառուցել այնպիսի երկիր, որտեղ օրենքը ծառայում է մարդուն, ոչ թե մարդը՝ օրենքին։

