ՆԱԽԱԳԱՀ ՍԻԻ ԴԵՄ ՁԱԽՈՂՎԱԾ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՎերլուծությունԻհարկե, ներկա բոլոր զարգացումները (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=333594&l=am), այդ թվում` Էպշտեյնի գործի հետ կապված սկանդալը, մեկ հարցի պատասխանի եւս սպասում է` ինչո՞ւ հենց այս պահին: Առավել եւս, երբ Իրանն ու Մերձավոր Արեւելքը կանգնած են մեծ պատերազմի շեմին:
Մի կողմից, կա այն մեկնաբանությունը, թե Էպշտեյնի գործի հետ կապված սկանդալը մոռացության տալը կստիպի Թրամփին` սկսել պատերազմը: Մյուս կողմից, իր անվան հետ կապված առանձնապես սկանդալ էլ չկա. բոլոր մեղադրանքները Թրամփը կարող է հանգիստ «մարսել»:
Բայց մեկ բան եւս տեսանելի է. այս ընթացքում նորանոր դետալներ են ի հայտ գալիս, որոնք Իրանի հետ պատերազմի մեջ մտնելը Վաշինգտոնի համար դարձնում են էլ ավելի վտանգավոր, այն է` էլ ավելի անցանկալի: Այսպես, եթե մինչ այս ինչպես Չինաստանից, այնպես էլ Ռուսաստանից դեպի Իրան իրականացվում էին բավականին ակտիվ ռազմաբեռնափոխադրող թռիչքներ: Դրանց էլ գումարվեց Իրանի կողմից ցուցադրաբար միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը եւ իրանական կողմի երկիմաստ հայտարարությունները, թե իրենք միջուկային զենք չեն ցանկանում, բայց հենց կարիք եղավ, ապա կունենան:
Իսկ ամենակարեւոր դրվագներից մեկի մասին հայտնեց իրանական հայտնի փորձագետ Հայալ Մուազզին: Այն է. «Վերջապես տեղի ունեցավ ամենակարեւոր իրադարձությունը, որին մենք սպասում էինք։ Իրանը, Չինաստանը եւ Ռուսաստանը պաշտոնապես ստորագրեցին համապարփակ ռազմավարական համաձայնագիր՝ 21-րդ դարի միջազգային հարաբերությունների ամենակարեւոր տեղաշարժերից մեկը։ Եթե այս կարեւոր համաձայնագիրը լիովին իրականացվի, մենք ականատես կլինենք միասնական Արեւելյան բլոկի ձեւավորմանը, որն այսուհետ կասկածի տակ կդնի ցանկացած գլոբալ որոշում, այդ թվում՝ Իրանի վրա հնարավոր հարձակումը...»:
Իսկ սա համեմվեց ավելի առարկայական, տեսանելի ռազմական բաղադրիչով այն պահին, երբ շատերը սկսեցին խոսել, թե ԱՄՆ–ն առաջիկա 24 կամ, ասենք, 48 ժամերին կհարվածի, Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը հայտարարեցին ամերիկյան նավերի քթի տակ` Հորմուզի նեղուցում մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին: Իսկ նման մեսիջը, իհարկե, անգամ Թրամփը չէր կարող անտեսել: Եվ այն, որ այդ խոսակցությունների տարածման ընթացքում հայտնի դարձավ, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը հեռանում է դեպի Հնդկական օվկիանոս, իր հերթին շատ կարեւոր մեսիջ դարձավ:
Այս ամենը, թերեւս, բացի բուն իրանական ուղղությունից, մեկ այլ իմաստ էլ ունի իր տակ: Այն, որ Մոսկվան եւ Պեկինը միանգամայն հստակ եւ համատեղ դիրք վերցրին իրանական ուղղությամբ, իր հերթին է խոսում այն մասին, թե գլոբալիստների եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում ինչ ուղղությամբ կգնա Չինաստանը: Իրանի հարցում նման միանշանակ դիրքորոշումը թեեւ հստակ փաստարկ էր այդ հարցի հետ կապված, բայց այլ հետաքրքիր դետալներ եւս կան:
Վերջերս նախագահ Սիի դեմ կազմակերպված ռազմական հեղաշրջման փորձը եւս հետաքրքիր ակնարկ էր: Չինաստանում ոչ թե թրամփական, այլ գլոբալիստական թեւն ունի բավականին լայն ցանց: Բավական է միայն հիշել, թե ինչպես էր կորոնավիրուսի տարածման պատճառ դարձած չինական լաբորատորիան կապվում Բիլ Գեյթսի անվան հետ (ընդ որում, ինչպես ցույց տվեցին Էպշտեյնի գործի որոշ փաստաթղթեր, Գեյթսն Էպշտեյնի հետ գլոբալ համավարակի տարածման թեմայով քննարկումներ է ունեցել): Իսկ ո՞վ ասաց, որ նաեւ չինական բանակային ղեկավարությանը չեն հասել գլոբալիստական ձեռքերը. դրա համար երկար ժամանակ էր պետք (թրամփիզմը այդ ընթացքում նոր–նոր էր ստեղծվում), եւ ոճն էլ, ակնհայտորեն, գլոբալիստական է: Նման է, որ նախագահ Սիի հարցում գլոբալիստներն ի սկզբանե էլ մտավախություններ ունեին, ցանկանում էին փոխել: Միայն թե հեղաշրջումը չստացվեց: Իսկ ահա Շոյգուի` նախօրեի այցը Պեկին նորից ակնարկ է, որ նախագահ Սին մնում է ռուսներին դաշնակից:
Եվ այն, որ նման իրավիճակում Թրամփը սկսեց խոսել Իրանի հետ բանակցելու մասին, թերեւս պատահական չէր: «Հուսով եմ՝ մի քանի օրվա ընթացքում կկարողանամ համաձայնության գալ»,– երեկ հայտարարեց ԱՄՆ նախագահը: Նաեւ կարելի է կռահել, որ այդ բանակցություններում, թեեւ դեռ քիչ տեսանելի է մնում, սակայն Մոսկվան ունի միջնորդական ֆունկցիա: Իհարկե, Թրամփին պետք է պահպանել հաղթական կերպարը, եւ կարծես թե Թեհրանը դրան կարող է համաձայնել: Թրամփն այս պահին Իրանի հանդեպ իր բոլոր պահանջները հասցրեց մեկի. «Հնարավոր է հասնել ընդունելի համաձայնության, որտեղ նրանք միջուկային զենք չեն ունենա: Նրանք պետք է համաձայնվեն դրան, բայց չգիտեմ՝ արդյոք նրանք կհամաձայնվեն»: Կարճ ասած, որ Իրանը ստորագրի մի փաստաթղթի տակ, որում ֆիքսված է այն, ինչը պաշտոնապես Թեհրանը քանիցս հայտարարել է: Ու Արախչին այդպես էլ արձագանքեց. «Մենք լիովին համաձայն ենք դրա հետ: Դա կարող է շատ լավ գործարք լինել: Դրա դիմաց մենք ակնկալում ենք, որ պատժամիջոցները կվերացվեն, եւ այդ դեպքում նման գործարքը հնարավոր կլինի»: Ու վերջ, կբաժանվեն` ամեն մեկն իրեն հաղթող համարելով:

