Լույս աշխարհ է եկել հերոս Արթուր Մխիթարյանի եղբայրը
ՀասարակությունՇիրակի մարզի Ախուրյան համայնքում փետրվարի 2-ին լույս աշխարհ է եկել 2022 թվականի հունվարի 11-ին Վարդենիսի Վերին Շորժայի դիրքերում հակառակորդի հարձակման ժամանակ զոհված Արթուր Մխիթարյանի եղբայրը։ Նորածնի անունը ավագ եղբոր պատվին Արթուր են դրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է մայրը՝ Սեդա Մարգարյանը, փոքր Արթուրը ծնվել է 3 կգ քաշով։
«Ընդհանուր նմանություն ունի եղբոր հետ՝ աչքերի գույնը և դիմագծերը նման են։ Յուրաքանչյուր երեխա իր տեղն ունի, ու ոչ մեկը մյուսի տեղը չի լրացնում։ Մեր ընտանիքում փոփոխություն էր անհրաժեշտ, և փոքրիկի ծնունդը միջնեկ որդուս՝ Արսենի ամենամեծ երազանքն էր։ Նա ցանկանում էր նորից եղբայր ունենալ»,-պատմել է մայրը՝ հավելելով, որ ինչպես քույրն ու եղբայրը, այնպես էլ կրտսեր Արթուրը պետք է իմանա, որ հերոս եղբայր ունի:

