Սպառնալիքի լեզվով փորձում են Իրանից կորզել այն ամենն, ինչ հնարավոր է. Վարդան Ոսկանյան
ՆերքաղաքականԱմերիկյան մամուլը ողողված է լուրերով, որ ԱՄՆ-ն կարող է արդեն այս շաբաթ ճշգրիտ հարվածներ հասցնել իրանցի պաշտոնյաների ու հրամանատարների ուղղությամբ: Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարում էր, որ «Թրամփի ուղին» (TRIPP) դառնալու է Հայաստանի ամենամեծ անվտանգային սպառնալիքը։ «ԱՄՆ-ն բրդելու է այս ծրագիրն առաջ, բայց իր տնտեսական շահը չեմ տեսնում, միակ բացատրության անունն է` Իրան։ Նրանք ուզում են Իրանը վերցնել հսկողության տակ։ Այսպիսով` այս ծրագրով Հայաստանն իրեն դնում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում»,- զգուշացրել էր նա: Այս համատեքստում Իրանում զարգացող ռազմաքաղաքական իրադարձությունների եւ դրա հետեւանքների մասին, «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ:
«ԻՐԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ Է»
— Պարոն Ոսկանյան, ասում են՝ «Թրամփի ուղին» հայ-ամերիիան պայմանավորվածություն է՝ ընդդեմ Իրանի, որը շատ վտանգավոր է: Ի՞նչ կասեք այս մասին:
— Չեմ կարծում, որ դա լուրջ խոսակցություն է: Ակնհայտ է, որ իրանական կողմը մտահոգություններ ունի այդ ճանապարհի վերաբերյալ: Եվ այդ մտահոգությունները վերաբերում են թե ինչպիսին կլինի Միացյալ Նահանգների ազդեցությունն այդ ճանապարհի վրա: Այսինքն, ըստ էության, հայկական վերահսկողության, ինքնիշխանության հետ խնդիր չկա: Ամերիկյան ներկայությունն է խնդրահարույց, որի մասին իրանցիները տարբեր խողովակներով եւ հարթություններում հայտարարել են:
—Այսինքն, մտահոգությունն այն է, որ «Թրամփի ուղին» ամերիկացիները կօգտագործե՞ն, որպեսզի նաեւ հարվածեն իրանցիներին:
— Առհասարակ, եթե նույնիսկ խոսքը հարվածի մասին չգնա էլ, իրանցիները չեն ցանկանում, որպեսզի իրենց սահմանների երկարությամբ լինի ամերիկյան ներկայություն: Խոսքը վերաբերում Է ամերիկյան ներկայությանը՝ անվտանգային մակարդակում՝ լինի դա զինված ուժերի, թե որեւիցե այլ՝ մասնավոր պահնորդական ընկերության տեսքով կամ որեւէ այլ ձեւաչափով: Դա վերաբերում է ոչ միայն Հայաստան-Իրան սահմանին, այլ ընդհանրապես՝ ցանկացած այլ երկրի հետ Իրանի ունեցած սահմանին: Մենք գիտենք, որ այս հարցում իրանցիներն ակտիվորեն աշխատում են բոլոր հնարավոր ուղղություններով եւ փորձում են ամերիկյան ներկայությունը սահմանափակել իրենց սահմանների երկայնքով մեկ: Հայաստանի պարագան էլ բացառություն չէ:
«ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՄՏՔՈՒՄ Է»
—ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրեթե ամեն օր վախեցնում է, թե պատրաստվում է հարվածել Իրանին: Անգամ ժամանակ է մատնանշվում: Դրանով ինչի՞է ցանկանում հասնել Միացյալ Նահանգները:
— Իրականում Իրանին հարվածելու որոշումը մեկ մարդու մտքում է եւ որեւէ մեկը չի կարող հստակորեն պնդել, թե նա գիտի այդ որոշման մասին կամ այն ինչպիսին է լինելու: Կարծում եմ՝ այդ որոշումը դեռեւս վերջնականապես ընդունված էլ չէ նախագահ Թրամփի եւ նրա մերձավոր շրջապատի կողմից: Համենայնդեպս, տեղի է ունենում հետեւյալը՝ սպառնալիքի լեզվով Իրանից փորձում են կորզել այն ամենն, ինչ հնարավոր է:
Պահանջները, որոնք ԱՄՆ-ի նախագահը ներկայացնում է Իրանին, ըստ էության, Իրանի հանձնվելու մասին է՝ չունենալ որեւէ միջուկային ծրագիր, հրթիռային սպառազինություն: Այս ամենը նշանակում է, որ Իրանը պետք է զինաթափվի, ինչին, բնականաբար, իրանցիները չեն գնա, եւ կամավոր կապիտուլիացիա իրանական կողմը չի անի:
Բանակցությունների օրակարգը Իրանի կողմը տեսնում է հավասարազոր, առանց նախապայմանների, առանց ուժի գործադրման եւ թելադրանքների: Մեկ այլ կարեւոր կողմ. սպառնալիքն առ այն, որ Իրանին հարվածներ կհասցվի եւ ամերիկյան ռազմական ողջ ուժը կկիրառվի Իրանի նկատմամբ, իրանական կողմը դիտարկում է, որպես բանակցություններ սկսելու համար անհարիր հռետորաբանություն եւ սեփական կողմից էլ՝ իրանական պաշտոնյաներ, ռազմական գործիչներ, բարձրաձայնում են այն մասին, որ այս հարվածը նախկինի նման չի լինելու, այլ պատկերավոր ասեմ՝ սոցցանցային գրառմամբ խորհրդանշական հարված է լինելու:
Իրանը պատրաստ է ցանկացած հարված վերածելու տարածաշրջանային խոշոր անկայունության եւ բախման, ինչը, բնականաբար, առիթ է տալիս Միացիալ Նահանգներին ծանրութեթեւ անել, որովհետեւ հետեւանքները կարող են աղետաբեր լինել՝ ողջ տարածաշրջանի համար: Մյուս կողմից իրանական այս դիրքորոշումը դրդում է թե՛ Թուրքիային, թե՛ Մերձավոր Արեւելքի արաբական պետություններին հնարավոր դիվանագիտական ճնշում բանեցնել Վաշինգտոնի վրա, որպեսզի տեղի չունենա Իրան-ԱՄՆ բախում, քանի որ այստեղ կարող է խաթարվել տարածաշրջանի բոլոր երկրների շահերը՝ բացառությամբ մեկ-երկուսի: Դրանցից առաջինը Իսրայելն է, թերեւս արաբական պետությունների շարքում միակ երկիրը, որը Վաշինգտոնի հետ դիվանագիտական խողովակներով պատերազմը կանխելու ուղղությամբ չի աշխատում ՝ Հորդանանն է: Մնացյալ բոլոր երկրները այդ ուղղությամբ աշխատանքներ տանում են:
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԷ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՍՔԻՑ»
— Եթե, այնուհանդերձ, Միացյալ Նահանգները հարվածի Իրանին, Հայաստանին ի՞նչ է սպառնում:
— Մեր պարագայում առաջ են գալու բազմաթիվ ռիսկեր: Այդ ռիկսերը ընդգրկելու են տնտեսական հարթությունից սկսած՝ մինչեւ հնարավոր փախստականներին տեղավորելու հարցեր, ՀՀ-ի սահմանների անվտանգության, ինչպես նաեւ «Թրամփի ուղու» կյանքի կոչելու խնդիր, որովհետեւ, ինչպես գիտենք, այդ ճանապարհը նախատեսվում է, որ պետք է անցնի Իրանի սահմանի անմիջական հարեւանությամբ:
Եթե մենք փորձենք մեզ համար առաջնային խնդիրը վեր հանել, իմ կարծիքով՝ դա անվտանգային խնդիրն է, քանի որ, գաղտնիք չէ, որ Իրանի ներկայությունն ու ռազմական զսպող հանգամանքը թույլ չի տալիս ադրբեջանական կողմին իրականացնելու իր երազանքը՝ տիրելու իրենց արատավոր եզրույթով ասված՝ «Զանգեզուրյան միջանցքին», կյանքի կոչելու Սյունիքի եւ Վայոց Ձորի նկատմամբ նրանց մկրտումները: Այսինքն, այդ իմաստով, Իրանի կայուն, հզոր ներկայությունը տարածաշրջանում, որոշակի բաղադրիչ է ապահովում նաեւ Հայաստանի անվտանգային ճարտարապետության մեջ:
— Վերջերս մամուլում լուրեր տարածվեցին, որ Մեղրիի սահմանային հատվածում, Իրանի Հանրապետությունից տասնյակից ավելի անձինք են փորձել ներխուժել Հայաստան։ Ի՞նչ կասեք այս մասին:
— Նման տեղեկատվության չեմ տիրապետում, բայց կարող են լինել եւ չենք բացառում, որ կլինեն հանցավոր անձիք կամ խմբեր, որոնք կփորձեն մուտք գործել Հայաստան: Ինչպես տեսանք, Իրան-Իսրայել 12 օրյա պատերազմի ընթացքում, տեղի ունեցավ որոշակի հոսք: Դրանք, անշուշտ, փախստականներ չէին: Եթե խոսքը գնա Իրան-ԱՄՆ երկարատեւ եւ արյունալից բախման մասին, բնականաբար, Հայաստանն ապահովագրված չէ փախստականների հոսքից՝ հաշվի առնելով, որ Իրանի հետ ցամաքային սահման ունեցող պետություն է:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

