Խիստ վտանգավոր է Հայոց բանակի համար. ինչ սպասել նախարարի «աղմկոտ» հրամանից հետո
ՀանդիպումՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրապարակված հրամանով նախարարությունը փաստացի դադարեցրել է Զինված ուժերի հոգեւոր ծառայության գործունեությունը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Ազգային» ՀԿ նախագահ, ռազմաքաղաքական վերլուծաբան, պատմաբան ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆԻ հետ:
— Ըստ պաշտպանության նախարարի հրամանի, 2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցվում է ՀՀ զինված ուժերի հոգեւոր առաջնորդի եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգեւոր ծառայողների գործունեությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում: Այս հրամանը որեւէ տրամաբանություն ունի՞, թե՞ լիովին տեղավորվում է իշխանության եկեղեցու դեմ թափ առած հալածանքների համատեքստում:
— Սա արդեն նախադեպ է ստեղծում Մայր եկեղեցու եւ բանակի միջեւ խզման: Միանշանակ, այս հրամանը միջոց է՝ պառակտել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին: Շեշտում եմ՝ ՀայաստանյաՅց, որովհետեւ, ցավոք սրտի, վերջին ամիսների ընթացքում նույնիսկ ընդդիմության շարքերում շատ սխալ մոտեցում է ցուցաբերվում մեր եկեղեցու անվան վերաբերյալ: «ՀայաստանյաՅցը» գրաբարյան է, նշանակում է Հայաստանների կամ Հայոց եկեղեցի, այսինքն` մեծ եւ փոքր Հայքերի: Նիկոլ Փաշինյանն այստեղ կատարում է մանիպուլյացիա՝ որոշ զանգվածների կիսագրագիտության, կարելի է ասել նույնիսկ անգրագիտության վրա հիմնվելով։ Նա առաջ է քաշում «Հայաստանյաց» բառը եւ իր հակաեկեղեցական գործունեության արդյունքում փորձում է ստեղծել Հայաստանի Հանրապետության Առաքելական եկեղեցի՝ սկսելով անվանումից:
Վերադառնալով Ձեր հարցին՝ նշեմ, որ նախարարի կողմից ընդունված հրամանն ամբողջությամբ այս իշխանության վարած քաղաքականության մարմնացումն է։ Նախեւառաջ սրանով վերացվում է 2000 թ.-ին ստեղծված շուրջ երեք տասնյակ տարիների հոգեւոր ծառայությունը։ Արդեն 2000 թ.-ից մեր բոլոր ճեմարանականներն ավարտելուց հետո գնում էին բանակ, որպես առանձին խումբ՝ հանդես գալով գնդերեցներ: Ծառայությունն անցնում էին 2 տարի՝ ոչ թե հաստիքային ձեւով, այլ` կից։ Այսինքն` իրենք հոգեբանական, բարոյական աջակցություն էին ցուցաբերում: Դրանից հետո գնում էին արդեն հետագա ծառայության՝ Մայր Աթոռի որոշմամբ: Իսկ նախարարի հրամանը խորամանկ քայլ է, այն հիմք է տալիս, որպեսզի բանակում ծառայող գնդերեցները դուրս գան Մայր Աթոռի ենթակայության տակից եւ բառիս բուն իմաստով նստեն զինվորական հաստիքների վրա։ Ընդ որում՝ շատ հետաքրքիր ձեւակերպմամբ, որը խիստ վտանգավոր է Հայոց բանակի համար:
— Նույն հրամանի 3-րդ կետով նախարարը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետից պահանջել է, որ 3-օրյա ժամկետում ներկայացնի առաջարկություններ՝ ՀՀ զինված ուժերում հոգեւոր ծառայություն իրականացնելու գործառույթներով ավագ սպայական մայոր եւ կրտսեր սպայական կապիտան կոչումային դասակարգմամբ համապատասխանաբար ավագ գնդերեցի եւ գնդերեցի ոչ հրամանատարական զինվորական պաշտոններ ստեղծելու վերաբերյալ, որոնք զբաղեցնելու համար պարտադիր պայման է հանդիսանալու Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգեւոր կրթություն ստացած լինելու հանգամանքը: Սա՞ նկատի ունեք:
— Այս կետով նախատեսված է, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու սպասավորը փաստացի շարքային կազմում կարող է նստել հատուկ ստեղծվող գնդերեցի հաստիքին: Այո՛, ստեղծվում է գնդերեցի հաստիք, բնականաբար՝ աշխատավարձով։ Սակայն, այդ գնդերեցը որեւէ առնչություն չի ունենալու Մայր Աթոռի հետ՝ լինի սարկավագ, հասարակ ինչ-որ դպիր կամ, ասենք, կարող է լինել ճեմարանն ավարտելուց հետո՝ աղանդավոր դարձած կամ մահմեդականություն ընդունած մեկը: Էլ չասեմ, որ այդ հաստիքներում կարող են հայտնվել տիրադավները, կարգալույծ հոգեւորականները: Օրինակ, բանակում կարող է հայտնվել նախկին Տեր Արամը կամ նախկին Տեր Թադեն, մի հատ էլ աշխատավարձ ստանան: Այսինքն՝ ունենա ճեմարանի դիպլոմ, բայց Մայր Աթոռի հետ որեւէ կապ չունենա:
Ավագ սպայականի համար սահմանվում է մայորի հաստիք, իսկ հասարակ սպայականի համար՝ լեյտենանտից մինչեւ կապիտանի: Ընդ որում՝ երկու պաշտոններն էլ ոչ հրամանատարական են, այսինքն` ինքը հրամանատարի տեղակալ չի կարող լինել, զուտ դառնում է գնդերեց: Այսինքն՝ հոգեւոր ծառայության սպասավոր է դառնում՝ մայորի եւ կապիտանի աշխատավարձով, կարող է տան համար դիմել եւ այլն՝ որպես պետական աշխատող:
— Լավ, ինչ-որ ձեւով հասարակությանը պետք է ներկայացնեն չէ՞, թե ինչով է պայմանավորված ՀՀ ԶՈւ Հոգեւոր առաջնորդության լուծարումը: Չէ որ բոլորի աչքի առաջ է, որ գնդերեցներն այսքան տարի զինվորին հավասար կռվել են, վիրավորվել են, զոհվել են, անհետ կորել են, բարոյահոգեբանական առումով, միջանձնային հարաբերությունների հարցում անուրանալի դրական դերակատարություն են ունեցել բանակի համար:
— Իրենց արդարացումների մեխը լինելու է այն, որ իրենք փաստացի գնդերեցներին տալու են աշխատավարձ, նրանք լինելու են գրանցված պետական աշխատող: Գնդերեցներն առ այսօր նվիրական ձեւով էին ծառայում: Եվ հիմա ԶՈՒ հոգեւոր առաջնորդության հոգեւորականներին գայթակղելու են՝ պետական աշխատավարձով ու պետական պաշտոնով։ Եվ եթե հրամանատարն ասի, որ դու քո ծառայության դիմաց պիտի ամբողջությամբ նվիրյալ ծառայես Նիկոլին, ինքն ասի՝ ոչ, հեռացվելու է։ Եթե ասի՝ այո, համարեք, որ տիրադավերը մտան բանակ։ Սա բանակը եկեղեցուց անջատելու թիվ մեկ մեխանիզմն է: Ազգ-բանակ-եկեղեցի եռամիասնությունն այլեւս արդեն գոյություն չունի։ Առաջի հարվածը հենց դրան էր ուղղված:
— Այսքանից հետո՝ էլ ի՞նչ սպասել, Աշոտ Բ Երկաթ Բագրատունի թագավորի խաչը ե՞ւս «չեղարկելու» են, որը համարվում է Հայոց բանակի պահապան եւ հովանավոր սրբություն: Հիշենք, որ Սուրբ Խաչի կրկնօրինակը 2012թ. հունվարի 29-ին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ օծվեց եւ հանձնվեց ՀՀ զինված ուժերի հոգեւոր առաջնորդությանը՝ որպես Հայոց բանակի պահապան Խաչ:
— Ինձ թվում է՝ իրենք կփորձեն եկեղեցուց նույնիսկ դա վերցնել՝ որպես պետական արժեք եւ կպահեն իրենց թանգարանում: Այս նպատակով է նաեւ Սուրբ Գեղարդի հարցը բարձրացվում, այսինքն` գործ ունենք եկեղեցու պատկան գանձերի եւ ամբողջ սրբությունների թալանի հետ։ Չեմ զարմանա, որ վաղն էլ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշի ինչ-որ Սուրբ մասունքներ իրենով անել: Էլի եմ շեշտում՝ փորձում են ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական եկեղեցի, որը կլինի օրվա իշխանության սեփականությունը: Այստեղ հարցը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը չէ, ոչ էլ եպիսկոպոսների հարցն է, այլ Մայր եկեղեցու գոյությունն է։ Համասփյուռ հայկական, տիեզերական եկեղեցին վերացնում են, դարձնում զուտ ՀՀ տարածքային եկեղեցի, որը հեշտ է կառավարել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

