«ԱՆՑԱԾ ՏԱՐԻՆ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՀԱՋՈՂ ՉԷՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ» . ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆ
ՍպորտՕրերս Iravunk. com -ի մարզական լրագրողը այցելել է Աբովյան քաղաք, հանդիպել ու զրուցել Հայաստանի Բռնցքամարտի մեծահասակների հավաքականի անդամ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ։
- Ողջույն, Արթուր։ Ինչպիսի՞ն էր քեզ համար անցած 2025 թվականը, ինչպիսի նվաճումներ կարողացար ունենալ։
- Անկեղծ ասած, անցած տարին այդքան էլ հաջող չէր ինձ համար, քանի որ կարող էի ավելին անել։Հանդես եմ գալիս 60 կգ քաշային կարգում։ Ապրիլ ամսին մասնակցեցի «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային խոշոր մրցաշարին, հաղթեցի Ղազախստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչներին, եզրափակչում զիջեցի մեր հայրենակցին։ Հունիս ամսին էլ Վրաստանում կայացած Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի ժամանակ ոսկե մեդալի եմ արժանացել։ Հաղթեցի Թուրքիայի, Թուրքմենստանի ու եզրափակչում մեր հայ մարզիկներին։ Շատ աննկարագրելի զգացողություններ առաջացան ինձ մոտ հատկապես այն պահին, երբ կարողացա հաղթել թուրք մրցակցիս, քանի որ դա ինձ համար պատվի հարց էր, շատ կարևոր հաղթանակ էր սա ինձ համար։ - Ինչպիսի զգացողություններ ունեցար այն պահին, երբ իմացար, որ մրցելու ես մեզ համար դարավոր թշնամի պետության Թուրքիայի ներկայացուցչի դեմ։
- Միայն մտածում էի մենամարտը հաղթանակով ավարտելու մասին, ուրիշ ձև չէր էլ կարող լինել։ Այս հաղթանակս նվիրեցի 2020 թվականի Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմում հերոսաբար անմահացած հարազատիս ԷԴՄՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ պայծառ հիշատակին։ Բոլորս ենք պարտավոր միշտ հիշել ու խոնարհվել մեր բոլոր անմահ հերոսների առաջ, վառ պահել նրանց պայծառ հիշատակը։ Նշեմ, որ անցած տարի մասնակցել եմ նաև Լիտվայում կայացած միջազգային մրցաշարին ու արծաթե մեդալ նվաճել։
- Արթուր, կա արդյոք որևէ անվանի մարզիկ, որ հավանում ես նրա մարտաոճը։
- Իհարկե, ուկրաինացի Վասիլի Լամաչենկոն է։ - Տեղյակ եմ, որ զբաղվում ես նաև մարզչական գործունեությամբ։
- Եղբայրս ևս բռնցքամարտիկ է, Ջանիկ Սահակյանը, նրա և մեր լավ ընկերոջ, անվանի բռնցքամարտիկ, Եվրոպայի գավաթակիր Նարեկ Մանասյանի հետ միասին մեր ծննդավայր Աբովյան քաղաքում զբաղվում ենք մարզչական գործունեությամբ, մատաղ սերնդին փոխանցում տարիների ընթացքում կուտակած մեր մարզական փորձը, հմտությունները։ Ընդունելությունը կատարվում է 5 տարեկանից, չկա տարիքային սահմանափակում, ունենք տարբեր տարիքային խմբեր, թե սիրողական, թե պրոֆեսիոնալ։
- Կարող ես պատմել որևէ հիշարժան հաղթանակի մասին։ - 2017 թվականին Բուլղարիայում կայացած Եվրոպայի առաջնությանը հաղթեցի ադրբեջանցի մրցակցիս, շատ էի ուրախացել, այս հաղթանակը երբեք չի ջնջվի իմ հիշողությունից։ - Այս տարվա ծրագրերը որոնք են։
- Փետրվարի 8-ից կլինի Հայաստանի առաջնությունը։ Եթե կարողանամ հաղթել, ապա հնարավորություն կստանամ մասնակցելու Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին։ Ջանք ու եռանդ չեմ խնայի, որպեսզի այս տարին ավելի հաջող լինի ինձ համար։
- Շնորհակալություն, Արթուր, ջերմ ընդունելության, հաճելի զրույցի համար։
- Ես էլ եմ շնորհակալ, ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

