ԻՐԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ԳՆԱԼՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԴԱՌՆՈՒՄ
ՎերլուծությունԱյսպիսով, Իրանում կլինի՞ մեծ պատերազմ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=333343&l=am): Ինչպես ասում էր Օստապ Բենդերը` «Շանսերը գնալով մեծանում են, բայց ադամանդներ այդպես էլ չկան»: Այն է` սպառնալիքներն ամենօրյա են, օրական մի քանի անգամ ամերիկյան ամենաբարձր ղեկավարությունից: Բայց գոնե երեկվա դրությամբ պատերազմը չկար:
Իհարկե, կարելի է հասկանալ, ասենք նաեւ Իրանում են այդպես գնահատում, որ այդ ամենօրյա սպառնալիքների, թե այսքան նավ ենք բերել, այսքան ավելացավ, իմաստը Թեհրանին վախեցնելն է: Բայց իրանական աղբյուրները շարունակում են հավաստիացնել. չեն վախենում, պատրաստ են պատասխան հարվածի: Իսկ ահա արեւմտյան աղբյուրներն էլ պնդում են, թե Թեհրանը դադարեցրել է «ստվերային բանակցությունները»` մերժելով Վաշինգտոնի բոլոր պահանջները: Այն է` լիովին հրաժարվել միջուկային ծրագրերից եւ իրանական պրոքսի–խմբավորումների ֆինանսավորումից, ինչպես նաեւ էապես կրճատել հրթիռային ծրագիրը` մտցնելով հեռահարության եւ քանակական խիստ սահմանափակում: Այն է` կապել սեփական ձեռքերը եւ սպասել Իսրայելի ողորմածությանը:
Այդ մերժումից հետո նորից գնդակը հայտնվեց Թրամփի դաշտում` ի՞նչ անել: Կարճաժամկետ օպերացիայի տարբերակը, որ մի քանի տասնյակ հարված կհասցնեն եւ կբաժանվեն, կարծես թե գնալով զրոյանում է: Այսինքն, Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ անգամ մեկ հարվածը կհամարեն պատերազմի սկիզբ եւ կանցնեն այդ տրամաբանությունից բխող գործողությունների` պատասխան զանգվածային հարվածներ, Հորմուզի նեղուցի փակում եւ այլն:
Իսկ մեծ պատերազմը, դատելով մի շարք ազդակներից, Թրամփի համար իրոք կարող է վատ վերջաբան ունենալ: Նախ, իսրայելական աղբյուրներն են հավաստիացնում, որ Իրանն ունի շատ մեծ հարվածային պոտենցիալ: Այսինքն, բացի հրթիռներից, նաեւ առնվազն 80 հազարանոց օդային հեռահար անօդաչուների եւ մոտ 20 հազարանոց ցամաքայինների պաշար: Եթե Իսրայելին անցած տարի հարվածելու համար անօդաչուներն ունեին ֆունկցիոնալ սահմանափակումներ, ապա հիմա, երբ խոսքը մասնավորապես Պարսից ծոցի, Հորմուզի նեղուցի եւ մերձիրանական այլ ջրերի մասին է, դրանք կարող են շատ էֆեկտիվ գործել:
Դրան էլ գումարած, նախօրեին ուշագրավ լուր հայտնեց իրանական աղբյուրը. «Ռուսաստանը կարող է «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռի տեխնոլոգիան փոխանցել Թեհրանին»: Խոսքը այն հրթիռի մասին է, որից պաշտպանություն ամերիկյան ՀՕՊ–ը չունի: «Նման հրթիռների օգտագործումը թույլ կտա Թեհրանին արդյունավետորեն փակել ծովային հիմնական զարկերակները և հարվածել թշնամու զորքերի կենտրոնացումներին մինչև 1000 կմ հեռավորության վրա»,– գրում է աղբյուրը: Ավելին, այդ թեման սկսեցին զարգացնել նաեւ եբրայերեն լեզվով աղբյուրները` հղում անելով ԱՄՆ հետախուզության պաշտոնյաներին: Այն է, Իրանը ոչ միայն ստացել է այդ նոր տեխնոլոգիա, այլ արդեն ունի «300 հիպերձայնային հրթիռ՝ յուրաքանչյուրը 2.1 տոննա մարտագլխիկներով»: Իսկ դա ընդամենը սպառնալիքի տեսք չի տալիս իրանական աղբյուրների ակնարկներին, որոնք ամերիկյան նավերը պատկերում են դագաղներ բարձել` գրառելով. « Պարսից ծոցի խորքերը կլինեն «Աբրահամ Լինքոլնի» վերջնական նշանակակետը»:
Այսքանից էլ զատ, մի շարք միանգամայն լուրջ աղբյուրներ տեղեկացնում են, որ ամերիկացիները զգուշանում են նաեւ չինական գործոնից: Այն է, այն հետախուզական տվյալներից, որոնք Իրանը ստանում է չինացիներից գրեթե օնլայն ռեժիմով: «Չինաստանի ռազմական և հետախուզական արբանյակները ներկայումս ուշադիր հետևում են Մերձավոր Արևելքին, դասակարգելով և գրանցելով զորքերի տեղաշարժը գրեթե իրական ժամանակում... Կասկած չկա, որ Պեկինը բազմաթիվ անակնկալներ է պատրաստել ԱՄՆ-ի համար։ Իրան արդեն իսկ հոսող արբանյակային տվյալները միայն սկիզբն են։ Ապագայում մենք, հավանաբար, կտեսնենք Չինաստանի և Իրանի միջև խորացող ռազմատեխնիկական համագործակցություն, այդ թվում՝ ավելի զգայուն մակարդակներում։ Նախադեպեր եղել են, պարզապես հիշեք Starlink-ի չեզոքացումը Իրանում»:
Սա եւս մերկապարանոց սպառնալիք չի թվում, հաշվի առնելով այն գնահատումը, որ իրականում Իրանում ԱՄՆ–ն հարվածում է Չինաստանին: Ընդ որում, որ դա կարող է անել ոչ թե Իրանին հարվածելու, այլ ուրիշ տարբերակով: Այդ թվում` «ԱՄՆ-ն, հնարավոր է, հարվածի փոխարեն պատրաստվում է Իրանի ռազմածովային շրջափակման»: Իմաստը հասկանալի է` դա կկանգնեցնի դեպի Չինաստան նավթի արտահանումը, հաշվի առնելով, որ ներկա պահին արտահանման առյուծի բաժինն իրականացվում է ծովով, քանի դեռ ողջ ծավալով չի սկսել գործել Իրանից` Չինաստան ցամաքային կապուղիները»: Միայն թե սա եւս կարող է չաշխատել: Բանն այն է, որ վերջերս Չինաստանը ներկայացրեց բեռնանավեր (նաեւ` տանկերներ), որոնք կրում են ռազմական պաշտպանություն: Այսինքն, չենթարկվելով ամերիկյան բլոկադային եւ բեռնանավերն ուղարկելով Իրան, Պեկինը Վաշինգտոնին թույլ չի տա սովորական դեսանտի միջոցով դրանք գրավել: ԱՄՆ–ին կմնա դիմել ավելի լուրջ ուժի, իսկ դա արդեն կգնահատվի հարձակում Չինաստանի վրա: Կգնա՞ նման քայլի Թրամփը. վտանգավոր է:
Մի խոսքով, պատերազմ սկսելը հիմա Թրամփի համար շատ հեշտ է: Ամբողջ հարցն այն է, թե ինչպե՞ս է այն վերջացնելու:
Նաեւ հաշվի առնելով, որ արդեն մեկ–երկու ամսից մտնելու է չափազանց լուրջ ընտրական գործընթացի մեջ, որտեղ Կոնգրեսը կորցնելու լուրջ վտանգ կա: Իսկ այդ դեպքում Իրանի հետ պատերազմը կդառնա իմպիչմենտի եւս մեկ պատճառ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

