Կուբան չէր կարող այդքան վախեցնել Թրամփին. Ո՞րն է արտակարգ դրության իրական պատճառը
ՄիջազգայինՀայտնի դարձավ, որ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-ում։ Պատճառը ցնցող է` սպառնալիքը Կուբայից:
Այո, այդպես է։ Տասնամյակներ շարունակ պատժամիջոցների տակ ապրած փոքրիկ կղզին, որը շարունակում է մի կերպ յոլա գնալ, որը չունի ո´չ հրթիռային, ո´չ ավիացիոն, ո´չ ռազմածովային պոտենցյալ, ո´չ էլ. առավել եւս, զանգվածային ոչնչացման զինատեսակներ, հանկարծ այնպիսի գոյության սպառնալիք դարձավ ԱՄՆ-ի կարգի մեծ տերության, որ այլ տարբերակ չկար, քան արտակարգ ռեժիմով պաշտպանությունը... Նման բան միայն Թրամփը կմտածեր:
Թե իրականում ինչ կա դրա տակ, փորձագիտական հանրությունը մոտավորապես կիսվել է: Մի կեսի գնահատմամբ, Վենեսուելայի վրա իր հաջող հարձակումից հետո ոգևորված՝ Թրամփը, որը Իրանում է հայտնվել փակուղու առաջ, հիմա կփորձի կրկնել Մադուրոյի հնարքը։ Ինքն իրենից փրկվելու նոր թիրախը Կուբան է։ Միայն թե այս վարկածը մեկ հիմնական թերություն ունի. Կուբա ներխուժելու համար Թրամփի ինչի՞ն էր պետք ներամերիկյան արտակարգ ռեժիմը. ինչպես Վենեսուելայում, կհարձակվեր ու վերջ:
Ըստ այդմ էլ, ավելի իրատեսական է երկրորդ վարկածը: Արտակարգ ռեժիմ ասվածը ենթադրում է ԱՄՆ-ում ներքին մի շարք սահմանափակումներ: Ու այն իրավիճակում, երբ ԱՄՆ-ն սկսել է ներքին ցնցումների նոպաներ ապրել հակաթրամփյան ելույթների առումով, նման սահմանափակումներ մտցնելը վաշինգտոնյան իշխանությունների կողմից հնարավոր է օգտագործել, որպես այդ ելույթների համար զսպաշապիկ:
Բայց եթե սա է պատճառը, նշանակում է, որ Թրամփի գործերն իրոք վատ են: Այսինքն. նախ, սկսել է վախենալ ներքին քաղաքական ճնշումների աճող ուժից: Հաջորդը, դրանց դեմ այլ միջոց չգտնելով, ստիպված է արտակարգ ռեժիմի կարգի տրագիակոմեդիան խաղարկել: Այն է` «օրինականացնել» ուժային ճնշումների տարբերակը:
Միայն թե նման մեթոդը կարող է շատ վտանգավոր լինել` դեպի հակառակ ճամբար մղելով ոչ միայն տատանվողներին, այլ անգամ թրամփյան քաղաքականությունից դժգոհ շատ յուրայիններին:

