Իրանի նախագահն անսպասելի այցով ժամանել է Մոսկվա
ՎերլուծությունԻրանական մի շարք աղբյուրներ երեկ ուշ ժամերին հայտնեցին, որ Իրանի կառավարական ինքնաթիռը թռել է դեպի Ռուսաստան: Թե ով է այնտեղ գտնվում ու ինչ նպատակով, աղբյուրները տեղեկացված չէին:
Եվ ահա, ռուսական աղբյուրները մեկնաբանում են, որ այդ ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում:
«Վնուկովո օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում, հավանաբար, գտնվում էր Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը»,- հայտնում է ռուսական աղբյուրը։
Այս խառը ժամանակներում նման այցը, առավել եւս, երբ տարբեր աղբյուրներ հայտնում են, որ ԱՄՆ-ն (Իսրայելը) ծրագրել են թիրախային հարվածներ հասցնել Իրանի ղեկավարությանը, պետք է, որ արտակարգ կարեւոր պատճառ ունենար:
Եվ այստեղ հիշենք Թրամփի երեկվա հայտարարությունը. «Ես անձամբ խնդրեցի նախագահ Պուտինին մեկ շաբաթ չհրթիռակոծել Կիևը...»: Եթե անձամբ է խնդրել, դա նշանակում է, որ կապ են ունեցել, թեեւ այս մասին պաշտոնական լուր չկա: Նախագահների նման կապը հազիվ թե Կիեւի մասին խնդրելու պատճառով լիներ. պետք է հիմքում շատ ավելի լուրջ թեմա լիներ: Ու եթե հաստատվի, որ Պեզեշկիանն իրոք անսպասելի այցով մեկնել է Մոսկվա, թերեւս պարզ կդառնա նաեւ, թե ինչի մասին են խոսել Պուտինն ու Թրամփը: Եվ, ըստ ամենայնի, արդյունավետ, հաշվի առնելով, որ իրանական կողմին հաղորդելու, ինչ-որ բան պայմանավորվելու կարիք է առաջացել:
Մի խոսքով նման է, որ Մոսկվան Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ ոչ տեսանելի միջնորդություն է ստանձնել, ինչը, թերեւս, ներկա հիպերլարվածությունից դուրս գալու միակ տարբերակն է:

