Մի՛ խառնեք մեզ. Վահագ Ռաշը եւ Արմեն Դոլինյանը հանդես են եկել զուգերգով
ՄշակութայինՀայաստանի բանակի օրվա՝ հունվարի 28-ի նախօրեին հանրության դատին է հանձնվել հայրենասիրական նոր երգ՝ «Մի՛ խառնեք մեզ» վերնագրով։ Երգը հարդ ռոք ժանրի զուգերգ է, որը կատարում են երգիչ-երգահան Վահագ Ռաշը եւ երգիչ Արմեն Դոլինյանը։ Երաժշտության հեղինակը Վահագ Ռաշն է, իսկ խոսքերի հիմքում դրված է մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի համանուն հայտնի բանաստեղծությունը։
Ստեղծագործությունը ուղեկցվում է տեսահոլովակով, որի ռեժիսորն է Սերժ Գաբյանը։ Տեսաշարը հագեցած է ուժեղ պատկերային լուծումներով, որոնք ընդգծում են երգի գաղափարական առանցքը՝ ազգային արժանապատվությունը, դիմադրողական ոգին եւ հայրենիքի անփոխարինելի արժեքը։ Հարդ ռոքի կտրուկ ու հզոր հնչողությունը միախառնվում է Տերյանի խորիմաստ բառերին՝ ստեղծելով ժամանակակից, բայց, միեւնույն ժամանակ, արմատներին ամուր կառչած ազգային ուղերձ։

