ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ UFC ՆԱԽԱԳԱՀԻՆ. «ՆԵՐԵՔ ԻՆՁ ԵՎ ՏՎԵՔ ՏԻՏՂՈՍԱՅԻՆ ՄԵՆԱՄԱՐՏ»
ՍպորտԽառը մենամարտերի /MMA /թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ /Հայաստան / ներողություն է հայցել UFC նախագահ Դանա Ուայթից և տիտղոսային մենամարտի հնարավորություն խնդրել։ «Դանա Ուայթ, Հանթեր Քեմփբել, ներեք ինձ։ Տիտղոսային մենամարտի հնարավորություն տվեք։ Ես լավ տղա կլինեմ և այլևս ոչ մեկին չեմ հարվածի, կփորձեմ ճիշտ վարք դրսևորել, մարզումային ճամբարում ամեն ինչ հնարավոր է, ցանկացածը կարող է վնասվածք ստանալ, բայց քաշքշուկներ, գլխով հարվածներ այլևս չի լինի», ասել է Արման Ծառուկյանը Դանիել Կորմիեի յութուբյան ալիքի եթերում։ Ծառուկյանը MMA -ում անցկացրել է 26 մենամարտ ու տարել 23 հաղթանակ։ Արմանը, պատմել է նաև իր մանկության ծանր տարիների մասին։ «3-7 տարեկանում շատ ծանր փուլ էր։ Մենք քնում էինք ավտոմեքենայում, տուն չունեինք, ցուրտ էր։ Այդ ժամանակ մի դաղստանցի առաջարկեց ապրել իրենց տանը, անվճար։ Եվ մենք 1 տարի ապրեցինք նրանց տանը, մինչև կկառուցեինք մեր տունը։ Կյանքը փոխվեց, երբ ես 12 տարեկան էի»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

