Մեր նախնական հաշվարկներով դեռ բոլորը չեն եկել Ստեփանակերտից. Մետաքսե Հակոբյան
ՆերքաղաքականՕրերս Արցախում մնացած շուրջ տասը հայ վերադարձել են Հայաստան: Այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը: Վերջինս մասնավորապես գրել է. «Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր եւ ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ ՀՀ տեղափոխվելու խնդրանքով»։
Նկատեք, որ իշխանություն ներկայացնող անձը առիթը բաց չի թողել, որպեսզի Արցախը համարի «Ադրբեջանի հանրապետություն», ինչին Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ այսպես է արձագանքում. «Ինձ այլեւս չի ցավեցնում, հունից չի հանում, երբ նիկոլները Արցախի վերաբերյալ հերթական հայտարարությունով իրենց կատարած հանցանքի դրվագներից են բացահայտում։ Հունից չի հանում, քանզի հանուն Արցախի Հանրապետության լինելիության, հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության ու բարգավաճման, կանգ չեմ առնելու։ Ես պիտի՛ իմ տուն գնամ։ Նիկոլներից մեկը թրքահաճո հայտարարություն էր արել Արցախը կոչելով «Ադրբեջանի հանրապետություն» եւ խոստովանել, որ այնտեղ մնացած հայերին ստիպել են թշնամի պետությունից թույլտվություն խնդրել։ Այսօր հակահայ իշխանությունն արձանագրեց ոչ թե խաղաղություն, այլ իրենց կողմից ավարտված հայաթափումը»:
Թե ովքեր են այն անձինք, ովքեր օրերս վերադարձել են Հայաստան, ինչ վիճակում են եւ արդյո՞ք նրանք վերջին հայերն էին Ստեփանակերտում, պարզեցինք հենց արցախցի պատգամավորից:
«ՇԱՏ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԷՐ, ՆՈՒՅՆԻՍԿ ԱՅԴ ԱՌՈՒՄՈՎ ԱՐՑԱԽԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷՐ»
— Տիկին Հակոբյան, Հայաստան վերադարձած 10-ը համաքաղաքացիների մասին ի՞նչ տեղեկություն ունեք, եւ արդյոք մենք այլեւս հայ չունենք մնացած արցախյան հողում:
— Ցավոք, մեր տեղեկատվությունն այդ առումով շատ կցկտուր է, քանի որ նախնական ինչ տվյալ հասցրեցինք ունենալ այդ քաոսի ընթացքում, այդքանն էր: Նրանք մարդիկ էին, ովքեր առողջական խնդիրներ ունեին, նաեւ տարիքով էին: Նրանք չէին լսել իրենց հարազատներին եւ պաշտոնատար անձանց ու դուրս չէին եկել Ստեփանակերտից: Ընթացքում մենք մի քանի դրվագներով տեսանք, որ այնտեղ կային մարդիկ, ովքեր նույնիսկ Բաքվի դատարանում ցուցմունք էին տվել մեր պատանդառված հայրենակիցների դեմ:
Առավել մանրամասն ճշտել չհաջողվեց, քանի որ նման դեպքերում հարազատներն են կաշկանդվում կապի դուրս գալ ու ավելի լիարժեք տեղեկատվություն տալ: Հետեւաբար, հստակ ցանկով չգիտեինք, սակայն նախնական տվյալներով՝ ամենասկզբից մոտ 50 մարդ էր մնացել, որից հետո «Կարմիր Խաչի» ուղեկցությամբ, մոտ 20 անձ վերադարձան, մեկը մահացավ: Այսինքն, 10-11 մարդու մասին տեղեկատվություն կա, դա կարծում եմ՝ բոլորը չեն: Հետեւաբար, չեմ կարող վստահ լինել, որ բոլոր հայերն են այնտեղից վերադարձել եւ այլեւս այնտեղ հայ չկա: Այսինքն, մեր նախնական հաշվարկները որ անում ենք, ստացվում է՝ դեռ բոլորը չեն եկել, եւ նրանց ճակատագրից մենք տեղեկություն չունենք:
— Օրինակ, Միշա Գրիգորյանը՝ Գիպսի Միշիկը, վերադարձե՞լ է Հայաստան: Նա այն անձն է, որը պրոադրբեջանական հարցազրույցներ էր տալիս ու հայերին մեղադրում ամեն ինչում։
— Նա խնդիրներ ունեցող մարդ էր՝ ալկոհոլիզմով էր տառապում: Այսինքն՝ կային նաեւ այդ տեսակ մարդիկ, ովքեր որեւէ կերպ չեն ենթարկվել որեւէ մեկին ու որոշում էին կայացրել մնալ Ստեփանակերտում: Պետք է ասեմ, որ ժամանակին նույնիսկ լուրեր էին տարածվում, իբր այդ մարդկանց հետեւից որեւէ մեկը չի գնացել, սակայն դա այդպես չէ:
Գիպսի Միշիկը եկել է, թե՝ ոչ, չեմ կարող ասել, քանի որ պաշտոնական կերպով անուններ չեն հրապարակվում, բայց կարծում եմ՝ եկել է: Չեմ կարող հստակ ասել, որովհետեւ սա շատ անսպասելի էր: Նույնիսկ այդ առումով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը տեղյակ չէր եւ որեւէ կառույց ու կազմակերպություն տեղյակ չէին: Դա եղել է հապշտապ, թե նախնական պայմանավորվածություն են ունեցել իշխանությունները ադրբեջանական կողմի հետ, չեմ կարող ասել:
«ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՄԵՐ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՑ ՄԻ ՔԱՆԻՍԸ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑԱՆ»
— Իսկ այն ռուս կնոջ՝ Ռիտայի մասին, ով չորքոտանիների համար չի լքել իր կացարանը եւ մնացել էր Ստեփանակերտում, լուր կա՞:
— Լսել եմ, որ նա էլ է եկել: Ազգությամբ մեկ ռուսը, ում մասին հայտարարել են, կարծես թե, նա է: Այդ կնոջը գրեթե ողջ Ստեփանակերտը ճանաչում էր: Նա իր տանը շատ շներ էր պահում ու զուգահեռ հոգ էր տանում փողոցի շների մասին՝ կերակրում էր: Մեզ մոտ էլ կարծես ընդունված օրենք լիներ՝ Ռիտան, որտեղ մտնում էր, կենդանիների համար նրան միշտ ուտելիքներ էին տալիս: Ընդհանուր առմամբ՝ նրան բոլորը լավ էին վերաբերվում:
— Տիկին Հակոբյան, 10 վերադարձած անձանց այցելություն նախատեսո՞ւմ եք:
— Նման քննարկում չի եղել: Տեսանք, թե ինչպես մեր գերեվարված հայրենակիցներից մի քանիսը, որ վերադարձան Հայաստան՝ հանդիպման ցանկություն չունեցան: Թե՛ իրենք, թե՛ իրենց հարազատները խուսափեցին հանդիպումներից: Եթե այս մարդիկ պատրաստ լինեն հանդիպման, մենք սիրով կհանդիպենք նրանց հետ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

