Հանուն հիշատակի. «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման հարգանքի տուրքը՝ Եռաբլուր պանթեոնում
ՏեսանյութերՀայոց բանակի կազմավորման տոնին ընդառաջ՝ «Հանուն հիշատակի» խորագրի ներքո, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումը եւ մի շարք հասարակական նախաձեռնություններ, այդ թվում՝ ՍԻՄ եւ «Ալյանս» կուսակցությունների, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հարյուրավոր անդամներ ու համախոհներ, ռազմական եւ մշակութային գործիչներ, մեկտեղվել էին Եռաբլուր պանթեոնում՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան բոլոր պատերազմներում զոհված մեր հերոսների անմար հիշատակի առջեւ։
«Որոշեցինք հավաքվել Եռաբլուրում՝ ոգեկոչելու եւ մեր խոնարհումը հայտնելու՝ մեր հերոսաբար զոհված որդիներին ու սպաներին: Ամեն անգամ, երբ մենք այցելում ենք Եռաբլուր եւ տեսնում մեր հազարավոր զինվորների՝ հերոս տղաների շիրիմները, մեր երախտիքի խոսքն ենք ուզում առ Աստված բարձրացնել՝ մեր զինվորների, մեր հերոս տղաների համար: Ու շատ հաճախ հարց է առաջանում՝ ինչու այսպես ստացվեց, ինչու այս ցավը, այս կորուստը կրեցինք, ինչու Արցախի հարցն այս ընթացքը ստացավ: Երբ այս հարցերը բարձրացնում ենք, կարծես, մեր հերոս զինվորների հոգիները վեր են բարձրանում շիրիմներից, երկնքից նայում են մեզ եւ ասում՝ չընկճվե՛ք, մենք հենց այնպես չենք զոհվել, գիտակցված մահն անմահություն է: Եվ ես փաստում եմ՝ այո՛, դուք անմահ եք, մեր սիրելի՛ հերոսներ, եւ մենք խոնարհվում ենք ձեր հիշատակի առաջ», - ընդգծեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման գործադիր կոմիտեի անդամ, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ:
Նա նաեւ ասաց, որ ամեն անգամ, երբ աղոթքի է կանգնում եկեղեցում, հիշում է մեր հերոսներին. «Ու, կարծես, ականջիս մեջ իրենց պատգամն է հնչում՝ ուժե՛ղ եղեք, ոտքի՛ կանգնեք, թշնամու առաջ չկռանա՛ք, չծընկե՛ք, չհավատա՛ք այն մարդկանց, ովքեր ասում են՝ դուք չեք կարող պայքարել, թշնամին ուժեղ է: Սա պատգամն ու հրամանն է մեր զինվորների, որոնք հերոսաբար տվեցին իրենց կյանքը՝ հանուն հայրենիքի, տվեցին, որ ապրենք: Եվ ի պատասխան այն մարդկանց, ովքեր ասում են՝ մենք թույլ ենք, պետք է թշնամու հետ պարտադրված խաղաղության գնանք, պետք է զգույշ լինենք, ասեմ հակառակը՝ մենք կարող ենք ամուր կանգնել մեր ոտքերի վրա, հառնել ու բարձրանալ: Ուզում եմ հիշատակել Վազգեն վեհափառի խոսքերը, որն ասում էր՝ մենք մի ժողովուրդ ենք՝ հավաքված Արարատի սուրբ լանջերի շուրջ հազարավոր տարիներ ի վեր, եւ մենք միայն այսօրվա հայությանը չենք ներկայացնում, այլ դարավոր համայն հայության ոգին: Եվ այսօր մենք պետք է գիտակցենք, որ այստեղ հավաքվածներս եղբայրներ ենք գործակիցներ, մարտակիցներ, հետեւաբար, հարգելով մեր զոհերի հիշատակը՝պետք է առաջնորդվենք այն տեսլականով, որ միասին կառուցելու ենք հզոր ու անկախ Հայաստանը»:
Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ ՍԵՐԳՈ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ էլ իր խոսքում վստահեցրեց, որ մենք կրկին ունենալու ենք հզոր բանակ, կրկին ետ ենք բերելու մեր Արցախը. «Ոչ ոք թող չընկճվի՝ մեր զինվորը, մեր բանակը չի պարտվել, պարտվել է քաղաքական իշխանությունը թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետության: Մեր 18 տարեկան առյուծ տղաները, որոնք հանգչեցին մեր բոլորի համար, մարտնչել են գերհզոր պետությունների դեմ եւ հավատացած եղեք՝ հաղթել են: Ու մենք կրկին հաղթանակած ետ ենք բերելու մեր կորցրածը: Փա՛ռք մեր զոհված նահատակներին, փա՛ռք մեր ընկերներին»:
«Ալյանս» կուսակցության խորհրդի անդամ ՌԻՏԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ հավաքվել էին Եռաբլուրում՝ խոնարհվելու նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը զոհեցին՝ հանուն մեր խաղաղ առավոտների ու օրերի. «Որ այսօր կարողանում ենք արթնանալ, օրը վայելել, իրենց շնորհիվ է: Նրանք դեռ շատ երազանքներ ու նպատակներ ունեին, բայց իրենց կյանքը զոհելով՝ մեզ ցույց տվեցին եւ սովորեցրեցին, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը՝ մինչեւ վերջ ամուր կանգնելով հայրենի հողի վրա: Մենք շնորհակալ ենք նրանց, խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ եւ խոստանում՝ արժանապատիվ ապրել, որ նրանց զոհողությունն անիմաստ չլինի: Փառք ու պատիվ մեր հերոս տղաներին»:
Հիշատակի հավաքն ավարտվեց ասմունքով եւ դուդուկի հնչյունների ներքո՝ ծաղիկների խոնարհումով: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…
Նյութը եւ լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

