Այս պահին Հայաստանում 50-ից ավելի քաղբանտարկյալ կա. Մամիջանյան
ՆերքաղաքականԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն անելու է ամեն հնարավորը, որպեսզի պահի իշխանությունը:
«Այս պահին Հայաստանում 50-ից ավելի քաղբանտարկյալ կա: Դա աննախադեպ բան է: Նրանք այլախոհներ են եւ նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցները ճնշման տեսակ է: Փորձում են ազդել թե՛ տվյալ անձի վրա, թե՛ վախեցնել մեր պայքարի այլ ընկերներին, ինչը, բնականաբար, չի հաջողվելու, քանի որ բոլոր քաղբանտարկյալները տոկուն են եւ իրենց ընտանիքները, որոնք գուցե ավելի զրկանքներ են կրում այս գործընթացում, եւս տոկուն են եւ րոպե անգամ վարանելու միտում չունեն»,- ասաց Մամիջանյանը:
Ինչ վերաբերում է «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ-վարողներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դատավարությանը, ընդդիմադիր պատգամավորն այն որակեց՝ որպես ճնշում ԶԼՄ-ների նկատմամբ:
«Հիշենք, որ խոսքը գնում է «Անտի ֆեյք» լրատվականի մասին, որի աշխատանքն ամեն կերպ իշխանությունները փորձեցին խոչընդոտել: Անդադար ասել եմ , որ ինձ համար անհասկանալի են միջազգային կառույցների լռությունը, որովհետեւ կա հստակ գնահատականների անհրաժեշտություն»,- ասաց Մամիջանյանը:
Ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի, այստեղ շատ ավելի էական է, թե ընդդիմությունը դրան ինչպես է պատասխանելու. «Իսկ Փաշինյանի ընդդիմությումը ամբողջ ժողովուրդն է: Ինքը հաստատ հետ չի կանգնելու, կորցնելու շատ բան ունի, կարմիր գծերը վաղուց անցել է: Իր համար գոյություն ունի երկու աթոռ՝ կա՛մ վարչապետի աթոռը, կա՛մ բերդի նառերը»:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

