Եվրոպայի գլխավոր մարմինների ղեկավարներն այսօր կանգնած են ժողովրդավարության դեմ պայքարի առաջնագծում. Լարիսա Ալավերդյան
ՆերքաղաքականԵրեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, օրեր առաջ քննեց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի փոփոխության հարցը եւ որոշում կայացրեց կալանքը երկարաձգել եւս երեք ամսով: Ի նշան բողոքի՝ Նարեկ Սամսոնյանը դատարանում հայտարարեց անժամկետ հացադուլի մասին՝ «խայտառակության շարունակականությունը դադարեցնելու պահանջով»։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:
«ՈՐԵՎԷ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐՈՔ ՀԱՑԱԴՈՒԼԸ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ»
— Տիկին Ալավերդյան, կայացավ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դատական նիստը: Կալանքը երկարաձգվեց երեք ամսով: Ի՞նչ որակում կտաք այս ամենին:
— Եկեք սկսենք նրանից, որ այսօր Հայաստանը գրեթե առաջին տեղն է գրավում պետությունների մեջ, որոնք ընտրում են որպես խափանման միջոց կալանքը: Դա ընդգծում է ամենացածր մակարդակի, լինի դատական, թե այլ պատկան մարմինների թուլության մասին: Երկրորդը՝ հստակեցնենք, որ այդ բոլոր կալանքները նշանակում են, որ օրվա դատաիրավական ամբողջ համակարգը, հանձինս այդ համակարգի կառավարողների, օգտագործում են կալանքը, որպես պատիժ, ինչը բնութագրում է իրենց, որպես ամենահետամնաց մարմիններ եւ ամենահետամնաց իշխանությունների ներկայացուցիչներ: Երրորդը՝ դատապարտելի է արդեն այն, ինչ կատարվում է եւ հստակ ապացուցում է, որ տղաների հանդեպ այս ողջ գործընթացը քաղաքական հետապնդում է: Հետեւաբար, Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանն այսօր պետք է համարվեն քաղաքական բանտարկյալներ:
Փաստենք, որ իրենց հասարակական կազմակերպություն կոչողներն ամբողջությամբ դարձել են այսօրվա իշխանությանը սպասարկող եւ դրա համար վարձատրվող անձիք ու կազմակերպություններ: Նաեւ նկատենք, որ Եվրոպայի օրվա գլխավոր մարմինների ղեկավարներն ապացուցում են, որ այսօր իրենք գտնվում են առաջին գծում այն պայքարի, որը մղում է Հայաստանի օրվա իշխանությունը ժողովրդավարության դեմ: Ես վստահ եմ, որ սա կունենա իր ավարտը եւ նրանց վերջը կգա, սա երկար չի կարող շարունակվել: Անշուշտ, դատապարտում եմ այս ամենը եւ կոչ անում տղաներին ամուր մնալ:
— Նարեկ Սամսոնյանը դատարանում անժամկետ հացադուլ հայտարարեց: Ի՞նչ եք կարծում՝ հացադուլով արդարություն կվերականգնվի՞:
— Ես այլ կերպ եմ վերաբերում հացադուլին: Կոչ եմ անում, որ հացադուլը լինի պայմանական, հայտարարվի, թե հացադուլը քանի օրով է եւ ինչ պահանջ է իր մեջ ներառում: Սա ասում եմ, քանի որ 30 տարուց ավել փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում իշխանությունների վրա չի ազդում այդ ծայրահեղ բողոքի ձեւը: Դրա համար կոչ եմ անում, որ ուղղակի, շատ կարճ ժամանակով հացադուլը հայտարարվի, որպեսզի նման կերպ ցույց տա, որ դա բողոք է: Կրկնում եմ, որեւէ ժամանակների իշխանությունների օրոք հացադուլը ազդեցություն չի ունեցել: Դա ավելի շատ պետք է ուղղված լինի հասարակությանը, որպեսզի հասկանան, թե ինչպիսի իշխանություններ են այսօր եւ մասնավորապես՝ ինչպիսի դատաիրավական համակարգի ղեկավարներ ունեն: Այս առումով, տղաները պետք է իսկապես մնան պինդ եւ չգնան ծայրահեղ ու երկարատեւ հացադուլի, ինչն իրենց կհյուծի:
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԿԱՄԱՎՈՐ ԳԵՐԻՆ» Է»
— Ներկայիս Մարդու իրավունքների պաշտպանը նման դեպքում՝ հացադուլ հայտարարած կալանավորի պարագայում, ինչպիսի՞ գործողություն կարող է ձեռնարկել:
— Կարող եմ մի անեկդոտ պատմել այս առիթով: Ուրեմն՝ Բրեժնեւի օրոք ՄԱԿ-ում քննադատել են Սովետական միությունը եւ ասել, որ չի պաշտպանվում Մարդու իրավունքները: Այդ ժամանակ Սովետական միության ներկայացուցիչն ասել է՝ այդ ի՞նչ եք ասում, մենք լավ էլ պաշտպանում ենք մարդու իրավունքները, անգամ գիտենք այդ մարդու անունը... Սա Ձեր հարցի պատասխանն է թերեւս:
— Այսինքն՝ հույս չունենանք, որ Մարդու իրավունքների պաշտպանն, այնուամենայնիվ, քայլ կկատրի:
— Չեմ կարծում: Գիտեք, ներկայիս Մարդու իրավունքների պաշտպանին ես դիտարկում եմ այս իշխանությունների «կամավոր գերի»: Բացատրեմ ինչու, որովհետեւ Մարդու իրավունքների պաշտպանի անկախ լինելու գլխավոր երաշխիքը, դա իր հայտնի, ճանաչված եւ հարգված լինելն է հասարակության մեջ, զուտ իր՝ ՄԻՊ դաշտում ունեցած փորձով: Քանի որ դա չկա, եւ քանի որ մենք դրանից առաջ ունեցել ենք զավեշտալի դեպք, երբ նշանակել են էլի մի մարդու այդ պաշտոնին, հետո այդ նույն մարդուն տալիս են արտաքին հետախուզության ղեկավարի պաշտոն, դա իսկապես զավեշտ է ինձ համար: Իսկ թե ինչու եմ ասում «կամավոր գերի», որովհետեւ երբ դա տեղի է ունենում ոչ այն արժանիքներով, որը նշեցի, նա դառնում է այդ գործող իշխանության ուղղակի հպատակը: Այս առումով ցանկանում եմ ՄԻՊ-ին ասել, որ օր առաջ դուրս գա այդ վիճակից, եւ դրա համար նա ունի լեփ-լեցուն հնարավորություններ, մասնավորապես՝ հրաժարականը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

