Պեկինը եւ Մոսկվան միասնաբար գնդակը տեղափոխեցին Վաշինգտոնի դաշտ
ՄիջազգայինԵվ այսպես, ՌԴ ԱԳՆ-ն, որոշակի պաուզայից հետո, երեկ բավականին կոշտ հայտարարությամբ պատասխանեց ԱՄՆ-ի կողմից «Մարիներա» տանկերը գրավելու պատմությանը: Դրանով Մոսկվան ընդգծեց մի շարք կոնկրետ իրողություններ: Նախ, որ «Մարիներան» «դեկտեմբերի 24-ին միջազգային և ռուսական օրենսդրությանը համապատասխան ստացել էր Ռուսաստանի դրոշը բարձրացնելու ժամանակավոր թույլտվություն», այն խաղաղ առեւտրային նավ էր եւ դրա դեմ ցանկացած գործողություն միջազգային ջրերում ապօրինություն է: Ընդ որում, այդ մասին կանխավ պատշաճ կերպով տեղեկացվել է ԱՄՆ-ին: Այսինքն, նավի գրավումը «չի կարող մեկնաբանվել որպես որևէ այլ բան, քան միջազգային ծովային իրավունքի, ինչպես նաև նավարկության ազատության հիմնարար սկզբունքների և նորմերի կոպիտ խախտում»։ Ըստ այդմ, Մոսկվան արհեստական է համարում ամերիկյան պնդումները, թե նավը «կեղծ ռուսական դրոշ» էր կրում, եւ ֆիքսում է, որ այս ամենը հարձակում է անմիջականորեն Ռուսաստանի վրա:
Գրեթե անմիջապես էլ նման կոշտ հայտարարություն հնչեց Չինաստանից: «Չինաստանը Ամերիկայի կողմից տանկերների կալանավորումը համարում է միջազգային իրավունքի լուրջ խախտում...» եւ այլն։
Ինչպես երևում է, երկու հայտարարություններն էլ համաձայնեցված են եղել Մոսկվայի և Պեկինի միջև։ Այն է` Վաշինգտոնը ստացել է միասնական դիրքորոշում: Նաեւ միանգամայն հստակ մեսիջ, որ Մոսկվան եւ Պեկինը գործում են միասնաբար: Ընդ որում, թրամփական թիմը պետք է նաեւ հաշվի առնի այն շատ լուրջ սրացումները, որոնք անմիջապես սկսվեցին ներամերիկյան հարթակում` նորից առաջին պլան բերելով քաղաքացիական պատերազմի թեման:
Այսպիսով, հիմա գնդակը ԱՄՆ-ի դաշտում է։ Նրանց հերթն է հաջորդ քայլը կատարելու։ Կգնա՞ն հետագա կոշտացման, ապա իրավիճակը կարող է շատ արագ տեղափոխվել անկառավարելիության փուլ: Իսկ այդտեղից մինչեւ մեծ պատերազմ կես քայլ է:

