Աստված ինձ, իսկապես, ոսկե ձեռքեր է տվել. քարագործ, ով 400 տարվա լռությունից հետո՝ վերակենդանացրեց երկանքը

Մշակութային

Տարեվերջին «Ավետիս-Արտ» արվեստի միջազգային միության կողմից կազմակերպված «Ոսկե գրիչ-2025» մրցանակաբաշխությանը ՍԻՄ կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար, քարագործ վարպետ ՄՆԱՑԱԿԱՆ ԿԼԵԿՉՅԱՆՆ արժանացավ «Ոսկե ձեռքեր» մրցանակի: Հիշեցնենք, որ Վանաձորում նա առավել հայտնի է վարպետ Մնո անունով, ում ջանքերով ժամանակին վերանորոգվել է հայտնի «Թթու ջուր» կոչվող աղբյուրը, Զորավար Անդրանիկի հուշարձանի պատվանդանը եւ մի շարք այլ մշակութային արժեք ներկայացնող հուշարձաններ, շինություններ:  Այս եւ մի շարք այլ թեմաների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ 400 ՏԱՐԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ՔԱՆԴԱԿԵԼ ԵՐԿԱՆՔ, ԵՍ ԳՏԱ ԲԱՆԱՁԵՎԸ»

— Վարպե՛տ, կմանրամասնե՞ք՝ ի՞նչ մրցանակաբաշխություն է «Ոսկե գրիչ»-ը եւ ինչպե՞ս արժանացաք մրցանակի:

«Ավետիս Արտ» արվեստի միջազգային միության հիմնադիր Նազենի Արզումանյանը եւ գործադիր տնօրեն Արմինե Չիլինգարյանը ստեղծել են այս մրցանակաբաշխությունը Հայաստանում ստեղծագործողներին, այդ թվում՝ բանաստեղծներին, քանդակագործներին գնահատելու եւ պարգեւատրելու համար: Արածս գործերը՝ քանդակներս ներկայացրեցի այս տարի եւ արժացանա մրցանակի: Ժյուրիի անդամների կազմում էր նաեւ անվանի քանդակագործ Հարություն Չալիկյանը: Շատ մեծ ուրախությամբ ընդունեցին, որ իրենց կողքին մի երիտասարդ քարագործ վարպետ է ապրում ու որոշեցին ինձ «Ոսկե ձեռքեր» կոչումը տալ: Ասեմ, որ մրցականաբաշխությանը հետ մեկտեղ երկօրյա գիտաժողով տեղի ունեցավ Աղվերանում։ Հայաստանում, ինչքան գիտեմ, միակ միջազգային կազմակերպությունն է, որ նման մրցանակաբաշխություն է իրականացնում եւ որին մասնակցում են ամբողջ աշխարհից՝ Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ այլն, մեր հայ երիտասարդ բանաստեղծները, արվեստագետները: Շատ հետաքրքիր էր մեր սփյուռքի երիտասարդների ստեղծագործությունները: Իսկապես ամեն ինչ անցավ ջերմ մթնոլորտում:

— Ձեր աշխատանքները մեկը մյուսից յուրահատուկ են: Մենք հիշում ենք, որ 2023 թվականին էլ ՌԴ մշակույթի եւ կատարողական արվեստի միջազգային ակադեմիական համալսարանի կողմից իրականացվող Կոնստանտին Օրբելյանի անվան արվեստի եւ երաժշտության ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցում էիք քարակերտ «Հայոց այբուբենով»: Այս անգամ ի՞նչ աշխատանքներ եք ներկայացրել:

Ներկայացրել էի ինչպես Ձեր նշած «Հայոց այբուբենն», այնպես էլ երեք նուռերի քանդակը, որը խորհրդանշում է մեր սուրբ երրորդությունն՝ ուս-ուսի տված: Ինչպես ասում են՝ ուս-ուսի որ տանք, սարեր շուռ կտանք: Երեք նուռ է, որոնցից մեկը եթե վերցնես, մյուս երկուսը ցած կգլորվի, դասավորվածությունը շատ հետաքրքիր է։ Նաեւ ներկայացրել էի «Չբացահայտված գաղտնիք»-ը, «Միությունը»: Անգամ կողպեք ունեի քանդակած, կաթոլիկ եւ հայկական ծաղկած խաչքարեր, որոնք եւս ներկայացրեցի:

Եվ ներկայացրել էի «Երկանքը», որը Հայաստանում վերջին 400 տարին չի քանդակվել։ Մոտ երկու տարի երկրագիտական թանգարաններ եմ այցելել, գյուղեր, որտեղ զրուցել եմ պապիկների եւ տատիկների հետ: Հետաքրքրվել, թե իրենց գյուղերում քանդակե՞լ են երկանք: Եվ, ի վերջո, երկար փնտրտուքից հետո՝ գտա երկանք քանդակելու երկրաչափական բանաձեւը, չափերը կարողացա իմի բերել:

— Ի՞նչ է իրենից ներկայացնում երկանքը:

Այն իրենից ներկայացնում է երկու աղացաքարերից բաղկացած ձեռքի աղորիք, որով ալյուր են աղացել: Երկու քարի կտոր է, բայց այն ե՛ւ երկիրն է խորհրդանշում, ե՛ւ հայ ընտանիքը, քարերը կոչվում են հայրաքար եւ մայրաքար, բարբառային ասած` որձ քար, էգ քար: Հայրաքարը լինում է վերեւում, որը խորհրդանշում է, որ ընտանիքի գլուխն է հայրը, իսկ մայրաքարը ներքեւի քարն է, որը պետք է լինի փխրուն, շատ փափուկ, նուրբ: Ի տարբերություն մայրաքարի՝ հայրաքարը պիտի լինի ծանր, ծակոտիներ չունենա: Ընդ որում՝ հայրաքարը ամեն քարից չի կարող լինել: Այն չպիտի լինի սարի դոշի կամ ջրի մեջի քար, պետք է լինի գետից մի քիչ հեռու գտնվող քար։ Լոռիում չայլակ քար ենք ասում։ Հատկանշականն այն է, որ հատուկ այս քարն է նորմալ, մանր, լավ ալյուրն աղում: Ու իր երկրաչափական բանաձեւերով, որ հաշվում ես, բազմապատկում ես իրար, քարի կշիռն է ուղիղ 40 կգ, ուղիղ 40 սմ պարագծով:

Նաեւ ես աստղագետների հետ եմ շատ խորհրդակցել։ Այս չափերը աստղագիտության հետ էլ կապ ունի, նաեւ այսպիսի թվաբանությամբ աստղեր կան իրար կողքի ու շատ հետաքրքիր դասավորվածություն ունեն: Փաստորեն, հազարամյա այս ընտանեկան գործիքը պատրաստողներն այն ժամանակ աստղագիտություն են ուսումնասիրել եւ երկնքից չափեր են կարողացել վերցրել: Սա մեծ գիտություն է, որի շատ հարցերի պատասխան դեռ չունեմ:  

Ի դեպ, երկանքի մասին հետաքրքիր երգ էլ կա, այդ երգի տողերից մի քանիսը գյուղերից հայթայթել եմ, բայց երգն ամբողջությամբ չի հաջողվում գտնել: Այն ժամանակներում աղջիկը, երբ նոր եկել է հարս, 40 կգ–անոց քարը պետք է կարողանար նստած պտտեր, հիմա տղաները չեն կարողանում պտտեն: Արվեստանոցումս հյուրեր են գալիս, 25-30 տարեկան տղաներ, չեն կարողանում. 2 շրջան պտտում են, շունչները կտրվում է: Պատկերացնո՞ւմ եք, թե հայ կանայք տղամարդու ինչ ուժ են ունեցել:

«ԻՆՁ ԹՎՈՒՄ Է՝ ՍԵՎԱԿԻՆ ՆՄԱՆ ԿԵՐՊ ՔԱՆԴԱԿԵԼԸ  ՀԱՏՈՒԿ ՊԱՏՎԵՐ ԷՐ, ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԷՐ»

Դուք «Ավետիս-Արտ» արվեստի միջազգային միության անդամ եք դարձել: Ի՞նչ է այն տալիս Ձեզ՝ որպես քարագործ վարպետի:

Սա մի փոքր ուշադրություն է, ներքուստ ինձ գնահատված եմ զգում՝ որպես ստեղծագործող: Ֆինանսական օգուտ այստեղ չկա, խոսքը լրիվ բարոյական եւ մարդկային մթնոլորտի մասին է: Փառք Աստծո, ես իմ արհեստով իմ ընտանիքի անհրաժեշտ գումարը վաստակում եմ։ Աստված ինձ, իսկապես, ոսկե ձեռքեր է տվել։ Ամեն մարդ չի կարող առավոտից իրիկուն այդքան քարի փոշի շնչի, քար տաշի։ Սա աստվածատուր շնորհք է: Եզակի մարդկանց է Աստված տալիս:

Այնպես որ, սա ավելի բարձր վարձատրություն է, քան ֆինանսը։ Ֆինանսն այսօր ստացար, վաղը ծախսելու ես, բայց այն հավաստագիրը եւ արվեստանոցիցդ կախած միության խորհրդանիշը, որ մարդիկ գալիս են, տեսնում, զգում են, որ արժեւորված մարդու հետ գործ ունեն, բարոյական տեսանկյունից մեծ առավելություն է: Կարծես, այն ինձ ներքուստ ստիպում է ավելին ստեղծագործել։ Ձգտումս ավելի է շատացնում, հոգեպես կոտրված չես զգում քեզ։ Ու շնորհակալություն իրենց դրա համար:

Ընդհանրապես ի՞նչ միտումներ եք նկատում ժամանակից քանդակագործությունում: Օրինակ, վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացավ Սեւակի արձանի հետ կապված, որը տեղադրվել էր իր հայրենի Զանգակատուն գյուղում:

Ինձ թվում է՝ Պարույր Սեւակին նման կերպ քանդակելը  հատուկ պատվեր էր՝ իշխանությունների կամ ինչ-որ մեկի կողմից պայմանավորված: 88-ամյա քանդակագործը, որն ամբողջ կյանքը քար է քանդակել, ինչքան էլ վատ քանդակեր, նույնիսկ աչքերը փակ, նման այլանդակություն չէր ստանա: Դա ընդհանրապես քանդակ չէր, Պարույր Սեւակի հետ որեւէ առնչություն էլ չուներ: Քանդակի ոչ մի չափ չէր պահպանվել, ոչ մի հոգեւոր, Պարույր Սեւակի կերպարը խորհրդանշող ինչ-որ սիմվոլ, շարժում, ոչ մի բան չկար: Պարզապես այլանդակություն էր, խայտառակություն։ Ես այդպես եմ ընկալում: Մեր Պարույր Սեւակին վարկաբեկելու, մեր մեծն հային արժեզրկելու ձեռագիր էր, որին քանդակ չես անվանի:

— Մեր օրերում, երբ ինչ-որ տարօրինակ, աննորմալ բան են ներկայացնում հանրությանը, մարդիկ էլ սկսում են արդարացիորեն բողոքի ձայն բարձրացնել, անմիջապես հակադարձում են, թե մոդեռն է, բարձր արվեստ է, դուք չեք հասկանում եւ այլն: Ձեր կարծիքով՝ ինչ-որ սահմաններ, կարմիր գծեր պե՞տք է լինեն:

Ստեղծագործության մեջ կարմիր գիծեր գոյություն չունի, մարդը ստեղծագործում է այն, ինչն իր ներաշխարհն է թելադրում։ Ես, օրինակ քանդակում եմ այն, ինչ վերեւից, որպես կոորդինատներ ստանում եմ, այդ նույնը փոխանցում եմ քարին: Ես պարզապես փոխանցող մի լար եմ՝ երկնքի ու երկրի միջեւ: Ի վերուստ կոդերը ստանում եմ պատկերացումով, եւ այդ ամեն ինչը ես տալիս եմ քարին, կգնահատեք դուք:

Իմ «Հայոց այբուբեն» քանդակը, որը մի քանի տարի առաջ քանդակել եմ, միջազգային Գրան պրի մրցանակ է շահել: Այդ քանդակը ես ներկայացրել եմ ե՛ւ քաղաքապետարան, ե՛ւ մարզպետարան, որ «Հայոց այբուբեն»-ի մեծ տարբերակը քանդակենք: Նաեւ նախնական հաշվարկ էլ եմ արել՝ մոտավոր քարի արժեքը, տեղադրելը, շինարարությունը եւ այլն, մի 2 միլիոն դրամի պատմություն է։ Ընդ որում՝ ես քանդակելու փող չեմ հաշվել, քարը պիտի առնեմ, բերեմ, անվճար քանդակեմ, տանեմ, տեղադրեմ: 7-8 անգամ գնացի քաղաքապետարան, եկա, վերջում ասացին՝ փող չկա:

«ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԱՆ ՔԱՆԴԱԿԻ, Ի՞ՆՉ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆ՝ ՀԵՏՈՒՅՔՆ ՈՒ ԴՈՇԵՐԸ ԲԱՑ ԿԱՆԱ՞ՅՔ»

— Կանխորոշված էր տեղը, թե որտե՞ղ պիտի տեղադրվեր:

Այո, տեղն էլ էինք որոշել արդեն, բայց ինձ ասում են՝ ժամանակակից բաներ քանդակի: Ա՛յ մարդ, Թումանյանը նախ ամեն ժամանակների ժամանակակիցն է, մեր քրիստոնեությունը, մեր խորհրդանշող ծաղկած խաչը ամեն ժամանակների ժամանակակիցն է, խաչը կոմիտասյան ակոսների մեջ՝ մեր ժամանակների ժամանակակիցն է, Հայոց այբուբենը ամեն ժամանակների ժամանակակիցն է: Լավ, ես էլ ի՞նչ քանդակեմ դրանից ավել, ուրիշ ի՞նչ կա մեր հայի կերպարին հարիր:

Բացված գիրք եմ քանդակել, որը խորհրդանշում է մեր մշակույթը՝ բաց ամբողջ աշխարհի առաջ։ Բաց գիրքը կանգնած է երկու փակ գրքերի վրա, որոնք խորհրդանշում են մեր հազարմյա պատմությունը, անցյալը: Իսկ այդ բաց գրքի աջ էջի վրա մեր ծաղկած խաչն է՝ կոմիտասյան ակոսների մեջ, խաչի մեջտեղում էլ մեր հավերժության խորհրդանիշն է, ձախ էջի վրա մեր մեսրոպյան այբուբենն է, հետեւում էլ գրած է՝ Հայոց այբուբեն 405։ Սա նաեւ կրթություն է, ուսանողը, երեխաները չգիտեն այբուբենը ո՞ր թվին է գրվել, ո՞վ է գրել, անցնելուց գոնե կկարդան, կսովորեն: Սրանից ժամանակակից ի՞նչ կա հայի էության մեջ։

Ինձ ասում են` ժամանակակից բան քանդակի, տեղադրենք: Ի՞նչ նկատի ունեն, ես չգիտեմ։ Դե Երեւանում շատ եմ տեսել նման «արվեստի գործեր», օրինակ, հետույքը բաց կանայք, դոշեր-մոշեր, երեւի, նմա՞ն գործեր են ուզում:

— Իսկ Դուք ի՞նչ նոր ստեղծագործական ծրագրեր ունեք այս տարի:

Մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը զանգահարեց, գնացի հետը հանդիպման, 35 միլիոն դոլարի ներդրում պիտի անեն, գլխավոր պրոսպեկտի մայթերը պիտի լինի բազալտ ու ամեն 200 մետրի վրա ուզում են արձաններ լինեն: Հիմա ես իմ ձեռքի գործերը պիտի լուսանկարի ձեւով ներկայացնեմ իրենց, մանրամասն գրեմ չափերը, քարի տեսակը, որպեսզի իրենք էլ ներկայացնեն կառավարությանը: Տեսնենք` կընդունե՞ն, թե՞ ոչ, քանի որ իմ գործը լրիվ ազգային է: Ամեն քանդակիս մեջ հայի էությունը, հայի կերպարը կա, դրսից եկող մարդն այդ քանդակները տեսնելով՝ հայի պատմության մեջ է խորանալու, չգիտեմ՝ դա ինչքանո՞վ իրենց կհետաքրքրի: Դա արդեն պարզ կլինի մարտ ամսին, երբ կսկսվի շինարարությունը: Հիմա եթե հավանություն տան, գոնե երկու քանդակ կկարողանամ դնել։ Հավանական է, որ այս տարի այլ երկրներ չգնամ, մնամ այստեղ, ստեղծագործեմ: Եթե չստացվի, էլի ստիպված կգնամ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հուդան գերեզմանից չի ծափահարում, այլ սարսռում է. միջազգայնագետ Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ