2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի
ՎերլուծությունՄեծ երգիծաբան Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունի» վիպակի համանուն ֆիլմում հնչում է մի միտք, որը տարիներ շարունակ ընկալվում էր որպես սուր գրական սարկազմ, բայց այսօր, կարծես, դուրս է եկել գրականությունից ու տեղափոխվել պետական իրականություն. «Անհրաժեշտ է, որ Եկեղեցի հանգանակած գումարներն ալ կուսակցությանս գանձարանը մուտք գործե։ Ըսել է` դրոշն ալ եկեղեցի ճակատին գամելու է»:
Օտյանը, ինչպես միշտ, առաջ էր անցել ժամանակից: Այն, ինչ ժամանակին դիտվում էր որպես ծայրահեղ հեգնանք, 2025-ին Հայաստանում ստացավ գործնական քաղաքական ձեւակերպում: Տարին էլ ամփոփվում է մի որոշմամբ, որը շատերի համար դարձավ ոչ միայն իրավական, այլեւ արժեքային սահմանագիծ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զրկվեց պետության եւ համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու հնարավորությունից: ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշմամբ այսուհետ Մայր Աթոռը կարող է այդ տարածքները տնօրինել միայն անհատույց օգտագործման իրավունքով՝ փաստացի դառնալով պետության կամքից կախված սուբյեկտ։
Այս որոշումը դարձավ ոչ թե մեկ դրվագ, այլ ամբողջ տարվա քաղաքական տրամաբանության սիմվոլը: Էլ չասենք, որ միակ հոգեւոր հեռուստաալիքը՝ «Շողակաթ»-ը 2026 թվականից այլեւս չի հեռարձակվի:
2025-ը Հայաստանի համար դարձավ ոչ միայն հոգեւոր, այլեւ ներքաղաքական լարվածության, բեւեռացման եւ ուժային ռեպրեսիաների տարի։ Եթե նախորդ տարիները բնութագրվում էին պատերազմից հետո ձեւավորված անորոշ օրակարգով ու հասարակական միասնության որոնումներով, ապա 2025-ը շերտ առ շերտ բացահայտեց այն, ինչի մասին ընդդիմադիր դաշտը վաղուց էր ահազանգում՝ իշխանությունը գնալով կարծրացնում է դիրքերը՝ հակադրվելով հանրային պահանջներին եւ հիմնարար իրավունքներին՝ սկսած գերիների վերադարձից մինչեւ խոսքի եւ կրոնի ազատություն։
ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ՝ ԱՆԿԱՏԱՐ ԵՎ ԱՆԴԱԴԱՐ ՀԵՏԱՁԳՎՈՂ ԽՆԴԻՐ
Տարվա ընթացքում գերիների թեման մնաց ամենացավոտ եւ ամենաքաղաքականացված հարցերից մեկը։ Հասարակության զգալի հատվածը կոշտ քննադատեց իշխանություններին՝ Ադրբեջանի պահման տակ գտնվող հայ ռազմագերիների վերադարձի հարցում խոստումները չկատարելու համար: Ընդդիմադիր եւ քաղաքացիական շրջանակները բազմիցս արձանագրեցին՝ խնդիրը լուծելու փոխարեն՝ այն վերածվել է դիվանագիտական ձեւականությունների եւ ներքին քարոզչության գործիքի։
Գերիների ճակատագիրը շարունակեց հայտնվել միջազգային հարթակներում, սակայն առանց շոշափելի արդյունքի, ինչն ավելի ամրապնդեց այն մտավախությունը, որ հարցը կարող է տեղափոխվել նաեւ 2026 թվական՝ կրկին առանց հստակ լուծման։
Եվ մինչ իշխանական քարոզչամեքենան երջանկությունից թռչկոտում է, որ ադրբեջանական բենզին հասավ Հայաստան, ուրեմն՝ խաղաղություն էլ կհաստատվի, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Ադրբեջանում ապօրինի դատավարությունից եւ հայերին պատանդի կարգավիճակով պահելուց բացի՝ վերջիններիս նաեւ կտտանքների են ենթարկվում` նվազագույնը անհրաժեշտ, հրատապ բուժօգնություն չցուցաբերելու եւ պատշաճ պայմաններում չպահելու առումով: Խաղաղության մասին անվերջ խոսող, իսկ իրականում` կոնֆլիկտն իրենց աշխարհաքաղաքական շահերին ծառայեցնող միջազգային կառույցներն ու դերակատարներն էլ շարունակում են իրենց լռելությամբ կանաչ լույս վառել ադրբեջանական հանցագործությունների համար»:
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՈՐԱՑՈՂ ՃԳՆԱԺԱՄԸ
2025-ին «քաղբանտարկյալ» եզրույթը վերջնականապես մտավ քաղաքական բառապաշար։ Տասնյակ գործեր, ամիսներով կալանքի տակ պահվող անձինք եւ աղմկահարույց դատավարություններ, որոնք իրավապաշտպանների կողմից որակվեցին որպես քաղաքական հաշվեհարդար։ Հնչեցին ծանր գնահատականներ, ըստ որոնց՝ դատական համակարգը աստիճանաբար վերածվում է գործադիր իշխանության կցորդի։
Ազգային ժողովում թեման դարձավ բեւեռացման նոր օջախ. ընդդիմության նախաձեռնությունները մնացին կա՛մ մերժված, կա՛մ ձեւական լսումների մակարդակում, ինչը միայն խորացրեց հանրային անվստահությունը արդարադատության նկատմամբ։ Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնություններից կարեւոր է առանձնացնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը: Ի վերջո, հաջողվեց ամենամեծ ընդդիմություն իրեն համարող «Հայաստան» դաշինքից կորզել իմպիչմենտ սկսելու համար ստորագրություններ: Բայց ի՞նչ եղավ հետո, ոչի՛նչ, դրանով պարոնայք օրենսդիրները համարեցին իրենց առաքելությունն այս հարցում ավարտված:
«Ազգային ժողովի 34 պատգամավորներ իբր նախաձեռնել էին վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, որոնցից ոչ ոք ոչ մի գործնական քայլ չի կատարել իրենց նախաձեռնությունն առաջ մղելու եւ կյանքի կոչելու ուղղությամբ։ Տպավորություն կա, որ նրանք մոռացել են դրա մասին, անգամ չեն խոսում այդ թեմայով։ Ազգային ժողովի ներկա կազմից ոչ մի պատգամավոր չպետք է լինի հաջորդ խորհրդարանի կազմում», - նշել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ՈՉ ԹԵ ԲԱՌԵՐՈՎ, ԱՅԼ` ԳՈՐԾԵՐՈՎ
2025-ին խոսքի ազատությունը հարվածի տակ հայտնվեց ոչ թե տեսականորեն, այլ` գործնական մակարդակում։ Ընդդիմադիր լրագրողները, մեդիա հարթակները հաճախ հայտնվեցին իշխանական ճնշումների, դատական հայցերի կամ վարչական տույժերի թիրախում։ Խոսքի ազատության սահմանափակումը ուղեկցվեց նաեւ սոցիալական ցանցերում համակարգված արշավներով՝ պիտակավորման, վարկաբեկման եւ վախեցման մեթոդներով։
Չորրորդ իշխանությունը վերածվեց փորձաքարերի դաշտի, որտեղ իշխանության հանդեպ ցանկացած քննադատություն ընկալվում էր որպես «թշնամական գործողություն»։
«Իմ ամուսինը յութուբով հեռարձակվող եւ օրեցօր մեծացող լսարան ունեցող հայտնի «Իմնեմնիմի» քաղաքական փոդքասթի համահեղինակն ու վարողն է: Եվ հիմա իր դեմ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հոդվածով, քանի որ փոդքասթի թողարկման ընթացքում ամուսինս անդրադարձել է իր եւ մյուս վարող Վազգեն Սաղաթելյանի հասցեին իշխանականների, քպ-ական պատգամավորների հանրային վիրավորանքներին եւ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին իր պատասխան խոսքն ուղղելիս օգտագործել է «հետույք» բառը: Ըստ հայ իրավապահների` ՀՀ ԱԺ խոսնակի ֆեյսբուքյան հայհոյանք պարունակող կեղտոտ գրառմանն ուղիղ եթերում անդրադառնալիս ամուսնուս արտաբերած «հետույք» բառն իր մեջ խուլիգանության հանցակազմ է պարունակել»,- դեսպաններին ուղղված նամակներում բարձրաձայնում է քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը:
ՀԱՎԱՏՔՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԽՄԱՆ ՆՈՐ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Տարվա ամենասուր բախումներից մեկը ծավալվեց Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ։ Եկեղեցական կառույցի նկատմամբ իրականացվող իրավական եւ վարչական քայլերը շատերի կողմից ընկալվեցին ոչ թե որպես օրինական գործողություններ, այլ որպես համակարգված ճնշում եւ ազդեցության նվազեցման փորձ:
Բարձրաստիճան հոգեւորականների դեմ հարուցված գործերը, Մայր Աթոռի գույքային իրավունքների սահմանափակումը եւ իշխանության հռետորաբանությունը խորացրին այն մտահոգությունը, որ պետությունն անցնում է վտանգավոր գիծ՝ խախտելով եկեղեցի-պետություն նուրբ հավասարակշռությունը։
Այնուհանդերձ, ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ: 2025-ը ցույց տվեց, որ հասարակությունը լուռ համաձայնող չէ։ Դիմադրությունը, պահանջատիրությունը եւ անվստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ հասել են մի կետի, որտեղ հաջորդ տարին կարող է դառնալ կա՛մ քաղաքական վերագնահատման սկիզբ, կա՛մ խոր անդունդը կնետեն ամեն ինչ:
2026-ը խոստանում է ծանր, բայց վճռորոշ լինել։ Գերիների հարցը, քաղբանտարկյալների ազատումը, խոսքի ու կրոնի ազատության պաշտպանությունը լինելու են ոչ թե երկրորդական թեմաներ, այլ` հանրային օրակարգի առանցք։ Իսկ իշխանություններն այլընտրանք չունեն՝ կա՛մ պիտի լսեն հասարակությանը, կամ շարունակեն այն ճանապարհը, որը պատմության մեջ երբեք չի ավարտվել հաջողությամբ։
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=331066&l=am/

