Տիրադավների կարապի պարը

Վերլուծություն

Մամուլում վերջին օրերին անոնսավորվող տեղեկությունների համաձայն` առաջիկա կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է վերջնական «լուծել» Մայր Աթոռի հարցը ու արդեն հանձնարարականներ է տվել ուժային կառույցներին: Սցենարի համաձայն` նա ծրագրում է իր կողմնակիցների, տիրադավ եպիսկոպոսների, ինչպես նաեւ կարգալույծ նախկին հոգեւորականների ուղեկցությամբ մտնել Մայր Աթոռ, մասնակցել պատարագի ու հասնել նրան, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռանա Վեհարանից եւ «հանգստի կոչվի»։ Ավելին՝ նույն տեղեկությունների համաձայն, այս խնդրին հասնելու համար չի բացառվում Գարեգին Երկրորդին կալանավորելու քայլին էլ դիմեն:

Ակնհայտ է, որ կոնկրետ խնդիր է դրված՝ մինչեւ խորհրդարանական ընտրություններ չեզոքացնել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը, որպես ազգին միավորող առանցքային կառույց: Այո՛, այս շտապողականությունը միայն այն պատճառով չէ, որ արտաքին ուժերն են նման պահանջ դնում։ Փաշինյանը, ըստ էության, համոզված է, որ եթե հաջողվի ջարդել եկեղեցու դիմադրությունը, հանրային ապատիան կխորանա։ Հասարակությունը կսկսի ատել ոչ միայն եկեղեցին ծնկի բերած իշխանությանը, այլեւ այն ընդդիմությանը, որը հերթական անգամ անկարող եղավ կանխել սրբապղծությունը։ Իսկ ապատիայի պայմաններում ընտրությունները դառնում են տեխնիկական խնդիր։

Այդուհանդերձ, նշենք, որ առ այս պահը ՔՊ-ից վստահեցնում են, թե՝ «պաշտոնապես տեղեկացված չեն», իսկ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը պնդում է, որ առաջիկա պատարագի եկեղեցին «դեռ հայտնի չէ»։ Մինչդեռ «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը զգուշացնում է. «Դեկտեմբերի 28-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռում կմատուցվի 2025 թվականի վերջին պատարագը: Եթե այդ օրը չպաշտպանենք Մայր Աթոռը հայրենադավ արյան տեր անօրենի սրբապիղծ ձագերից, ապա այդ պատարագը կարող էլ լինել մեզ համար վերջինը՝ անհայտ ժամանակ…»:

Իշխանությունը դեկտեմբերի 18-ին ակներեւ է, որ փորձարկում էր իրականացնում՝ «10 տիրադավներին» ուղարկելով Մայր Աթոռի դեմ: Թեստ էր արվում՝ հասկանալու ընդդիմության, վեհարանը պաշտպանողների իրական ռեսուրսը. քանի՞ մարդ է պատրաստ կանգնել Վեհարանի առաջ, եւ ի՞նչ քանակի ուժային պետք է ներգրավել՝ սրբավայրը զավթելու համար:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է

Ինչ խոսք, այս իշխանությունները վաղուց են հեռացել Աստծուց։ Այն, որ կարող են գալ Մայր Աթոռ, կանգնել լուսահոգի կաթողիկոսների շիրիմների վրա, շիշ շպրտել Մայր Տաճարի դռանը եւ անաստված հայտարարություններ անել, այլեւս ոչ մեկի համար նորություն չէ։ Սակայն այսօր առավել քան երբեւէ անհրաժեշտ է անդրադառնալ այս խայտառակ պատմության ակունքներին։

Այդ մասին ակնարկել էին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած 10 եպիսկոպոսներն իրենց հայտարարության մեջ: Նրանք շեշտում էին, որ վերջին ամիսներին եկեղեցու ներսում եւ շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը գուցե ընդհանրապես չլիներ, եթե 1999 թվականի կաթողիկոսական ընտրությունն անցկացված լիներ արդար, առանց ճնշումների ու ահաբեկումների։ Եվ այստեղ ծագում են ամենակարեւոր հարցերը, որոնք ամեն կերպ փորձ է արվում շրջանցել։

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել 1999-ի հոկտեմբերի 27-ին՝ կաթողիկոսական ընտրությունների ժամանակ։ Եղե՞լ են ահաբեկումներ, թելադրանքներ, «հուշումներ», թե ում պետք է ընտրել Ամենայն Հայոց կաթողիկոս։ Ո՞վքեր են եղել այդ գործընթացի շահառուները։ Եվ ամենակարեւորը՝ մի՞թե այսօր նույն իշխանական ձեռագիրը չի կրկնվում՝ նույն մեթոդներով, նույն սպառնալիքներով, նույն «պետական շահի» կեղծ փաթեթավորմամբ։

Եթե 26 տարի առաջ հոգեւոր դաշտը խառնվում էր քաղաքական շահերի մեջ, ապա այսօր քաղաքական իշխանությունն է բացահայտ ներխուժում հոգեւոր դաշտ։ Ի՞նչ տարբերություն։ Թե՞ տարբերությունն ընդամենը դերակատարների անունների մեջ է։ Այս հարցերը պատասխան են պահանջում ներկայի եւ ապագայի համար, որովհետեւ երբ պետությունն իրեն իրավունք է վերապահում «կարգի հրավիրել» եկեղեցին, վաղը նույն ձեռքով նա կկարգավորի ցանկացած այլ ինքնուրույն կառույց։ Իսկ այդ ժամանակ արդեն հարցը չի լինի՝ Վեհարան, թե կառավարություն։ Հարցը կլինի՝ կա՞ արդյոք այս երկրում ինչ-որ բան, որ իշխանությունը դեռ չի փորձել ծնկի բերել։

ԱՐԱՄ ԶԱՎԵՆԻՉԸ ՊԻՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԻ

Ուշագրավ է «Իրավունք»-ի հետ զրույցում Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի արված հայտարարությունը: Նա, լինելով ընտրիչ՝ 1999 թվականի կաթողիկոսական ընտրություններին, անկեղծանում է՝ այն ժամանակ վարչապետ Վազգեն Սարգսյանն է ուղղորդել իրենց, որպեսզի կաթողիկոս ընտրեն Գարեգին Երկրորդին: Իսկ որ ընտրությունների օրը Մայր Աթոռում գերակտիվ դերակատարներից մեկը եղել է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, բազմաթիվ փաստեր կան մամուլում: Հետեւապես, այսօր կաթողիկոսի դեմ պայքարող Արամ Զավենիչը կա՛մ պետք է ցուցմունք տա դատարանում, թե ինչու էին եղբայրներով ահաբեկում ընտրիչներին, կա՛մ հերքի ամբողջապես: Սա է այն ծուղակը, որը լարել է այսօր Նիկոլ Փաշինյանը եւ, ի վերջո, դրա համար պատասխան է տալու իշխանության գիրկը նետված Արամ Զավենիչը:

Փաստորեն, ի՞նչ է ստացվում, այսօր Նիկոլ Փաշինյանն է խառնվում եկեղեցու գործերին, այն ժամանակ՝ Վազգեն Սարգսյանն ու նրա եղբայրը: Թեպետ 1999 թվականի մամուլում այլ շրջանակների մասին եւս բարձրաձայնված է: Օրինակ, ընտրություններից օրեր առաջ, «Առավոտը» հայտնում էր, որ ՀՀ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանն ու Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ճնշում են եպիսկոպոսներին։ Իսկ որ որոշ եպիսկոպոսներ, իրոք, մտահոգություն ունեին, որ իշխանությունը խառնվելու է ընտրություններին, ինչը վկայում է այն ժամանակ արված նրանց հայտարարությունները: Օրինակ, այդ շարքում էր Արցախի թեմի հիմա արդեն նախկին առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը եւ այլք:

«Ցավոք, վերջին օրերի զարգացումները հստակորեն ցույց են տալիս, որ պետական ավագանին կարծիք է կայացրել եւ դիրքորոշվել է ի նպաստ թեկնածուներից մեկի եւ աշխատանք է կատարում նրա կաթողիկոսացման համար», -այսպիսի հայտարարություն էին հրապարակել կաթողիկոսական ընտրություններին ընդառաջ 6 արքեպիսկոպոս՝ Ներսես Պոզապալյանը, Երուսաղեմի պատրիարք Թորգոմ Մանուկյանը, Պոլսի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, Ռուսաստանի թեմակալ Տիրան Կյուրեղյանը, Արցախի թեմակալ Պարգեւ Մարտիրոսյանն ու ԱՄՆ Արեւելյան թեմակալ Խաժակ Պարսամյանը։ 

Իսկ թե ինչեր էր ասում «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Տ. Մեսրոպ քահանա Արամյանը, երկար պատմություն է, ինչին կանդրադառնանք առանձին հոդվածով՝ բացահայտելով նաեւ, թե ինչպես այսօրվա իշխանությունը շատ արագ դադարեցրեց «Այբ»-ի դեմ արշավն՝ ի դեմս Տեր Մեսրոպի գտնելով համախոհ:

«Երբ որ աշխարհիկ իշխանություններն ընտրվում են խարդախությամբ, ինչպես եղավ Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրորդ ընտրության ժամանակ, չեմ ասում հաշտվենք դրա հետ, բայց դա ինչ-որ տեղ հասկանալի է: Սակայն, եթե հոգեւորականությանը վերաբերող ընտրությունների ժամանակ լինում են ճնշումներ, անազնվություն, ապա դա հարված է հավատին, էությանը: Ես չեմ ուզում էությանը ձեռք տանք: Եվ սա միակ ընտրություններն են, որ պետք է իդեալական ազնվությամբ կատարվեն՝ հանուն հավատի: Եթե տեսնեմ, որ իմ, մեղա՜ քեզ, Տեր, մեղա՜, կաթողիկոսն ընտրված է ճնշման տակ կամ ոչ արդար ճանապարհներով, ես ինչպե՞ս հավատամ հայ եկեղեցուն, ինչպե՞ս հավատամ հայ եկեղեցու դավանանքին», - ահա այսպիսի մտահոգություն էր հայտնում 1999 թվականին անվանի գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը «Իրավունք» թերթի էջերում:

Այսքանից հետո՝ որքան էլ դաժան է ընդունելը, բայց ստացվում է, որ թե՛ Քոչարյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Արամ Զ. Սարգսյանի դեպքում գործ ունենք նույն իշխանական ձեռագրի հետ՝ նույն մեթոդներով, նույն թիրախով՝ ծնկի բերել Հայոց եկեղեցին:

https://iravunk.com/sim/?p=330911&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ