ԵՎՐԱԼԻԴԵՐՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԻՐԱՐ «ԴԱՎԱՃԱՆԵԼ»
ՎերլուծությունՈւկրաինայի հետ կապված բանակցային գործընթացը, որն այս հանգստյան օրերին շարունակվեց ԱՄՆ-ում՝ Մայամիում, թեեւ առանձնապես նոր տեղաշարժեր չառաջացրեց, բայց մի քանի ուշագրավ դետալներ բերեց առաջին պլան:
Այսպես, ամերիկյան կողմը՝ Ուիտկոֆն ու Թրամփի փեսան՝ Քուշները, նախ մի շարք հանդիպումներ ունեցան ուկրաինական պատվիրակության եւ նրանց կցված եվրոպացիների հետ: Առանցքային հարցի շուրջ, որ Դոնբասից Ուկրաինան զորքերը կհանի, պայմանավորվածություն այդպես էլ չկա: Բայց, ինչպես Կիեւը վստահեցրեց, գործընթացը դեռ կանգնած չէ: Այսինքն, թեեւ Եվրոպան Կիեւին խոստացավ 90 միլիարդ դոլար, ցույց տվեց դրա աղբյուրը, բայց մեկ է՝ Թրամփին վերջնականապես մերժել Զելենսկին չի կարողանում: Եվ դա կարելի է հասկանալ:
Նախ, Եվրոպայի խոստացած այդ 90 միլիարդը էապես պակաս է այն պահանջից, որը Կիեւը ներկայացրել էր: Երկրորդը, կայացնելով նման որոշում, այն առաջին պլանում առաջ տանող Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եւ Գերմանիայի կանցլեր Մերցը ոչ թե ուժ, իրավիճակի տիրապետում, այլ պարտության նշաններ ի ցույց դրեցին, ինչի մասին, ի դեպ, բացահայտ խոսում է հենց եվրոպական փորձագիտական հանրությունը: Այսինքն, սպառնացին ֆինանսավորում ապահովել ռուսական սառեցված փողերի հաշվին, բայց այդպես էլ չկարողացան դա անել: Իսկ դա նշանակում է, որ Եվրոպայի ներսում խորացող եւ չափազանց լուրջ ճեղքում կա: Այսինքն, եթե հիմա ունեն որոշում, որ 90 միլիարդ կհատկացնեն եվրոպական առանձին պետությունների երաշխիքով, հարց է՝ դա գործնականում ի՞նչ տեսք կստանա, երբ մի քանի երկրներ էս գլխից հայտարարեցին, որ այդ ավանտյուրայի մեջ չեն մտնում: Վերջապես, այդ որոշումը տորպեդահարվեց ԱՄՆ-ի կողմից: Ու հիմա, եթե անգամ փող լինի, Վաշինգտոնը կցանկանա՞ Ուկրաինային զենք տալ:
Ամենամեծ խնդիրն էլ դարձավ այն, որ Մակրոնը, ով մինչ այդ ամեն կերպ Ուկրաինային փող տալու ջատագովներից էր, այն կարգի շուռ եկավ, որ եվրալիդերները սկսել են նրան «դավաճան» համարել: Իրավիճակը սկսեց այսկերպ զարգանալ: Նախ, Մակրոնը ցուցադրաբար հայտարարեց, որ պետք է վերականգնել Պուտինի հետ երկխոսությունը: Մոսկվայի ռեակցիան չուշացավ. Պեսկովը հայտարարեց, որ Պուտինը, ինչպես բազմիցս հայտարարել է, պատրաստ է խոսել ցանկացածի, այս դեպքում՝ Մակրոնի հետ, եթե «փոխադարձ քաղաքական կամք լինի»: Փարիզի արձագանքը կայծակնային էր՝ ողջունելով Պուտինի պատրաստակամությունը՝ բանակցելու Մակրոնի հետ։
Բայց այս պատմության ամենահետաքրքիր մասը, թերեւս, չերեւացող կողմն է: Այսպես, ազդեցիկ Financial Times-ը գրում է, որ հենց Մակրոնն է խոչընդոտել Մերցի՝ Ռուսաստանի ակտիվները սառեցնելու ծրագիրը։ Գերմանիայի կանցլերը փորձել է համոզել ԵՄ առաջնորդներին՝ օգտագործել սառեցված ռուսական ակտիվները՝ Ուկրաինային օգնելու համար, սակայն հանդիպել է Ֆրանսիայի դիմադրությանը։ «Մակրոնը դավաճանել է Մերցին, եւ նա գիտի, որ դրա համար պարգեւ կլինի»,- հրատարակությանը ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը: Ակնարկն այն մասին է, որ Մակրոնը սկսել է համոզվել, որ իրական իրադարձությունները զարգանում են ոչ թե ուկրաինական թեմայի, այլ՝ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների շրջանակներում, եւ այժմ փորձում է Եվրոպայից թռնել հեռացող գնացքի վերջին վագոնը։ Նման է: Բայց այդ նախաձեռնությունն իրականում նրա՞նն է՝ որպես Ֆրանսիայի նախագահ, թե՞ հիշել է, որ ժամանակին ընդամենը ռոտշիլդական բանկերից մեկի համեստ կառավարիչն էր, եւ ով իրեն դարձրեց Ֆրանսիայի նախագահ:
Ամեն դեպքում գիտակցումը, որ եվրոպացիների համար իրականում խնդիրը ոչ թե Ուկրաինան է, առավել եւս, թե կոնկրետ որտեղով կանցնի ռուս-ուկրաինական սահմանը, այլ թե մնացած հարցերում (որոնք մնացել են ստվերում) ի՞նչ են պայմանավորվում Մոսկվան եւ Վաշինգտոնը, Եվրոպայում սկսել է առաջին պլան դուրս գալ: Այն հարցադրմամբ, որ եթե լինեն ռուս-ամերիկյան մասշտաբային բիզնես-պայմանավորվածություններ, այդ դեպքում ի՞նչ կարող է լինել Եվրոպայի հետ, առավել եւս՝ ներկա ներքին ծայրահեղ հակասությունների պայմաններում: Եվ այդ կրակին էլ յուղ լցրեց Ուիտկոֆի եւ Քուշների հետ հանդիպման համար Մայամի մեկնած Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւը՝ հայտարարելով. «Մենք պատրաստվում ենք համագործակցել Միացյալ Նահանգների հետ Արկտիկայում»:
Սա, ըստ էության, հաստատում է դեռ Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպման ժամանակներից մեր քանիցս հայտնած միտքը՝ ՌԴ-ԱՄՆ ներկա բանակցությունների իրական հիմքը հենց հյուսիսային գոտում տնտեսական գործակցության մեգանախագիծն է: Խոսքը ինչպես հսկայական հանքային եւ էներգետիկ ռեսուրսների շահագործման, այնպես էլ՝ «Հյուսիսային երթուղի» կոմունիկացիոն նախագծի, հնարավոր է նաեւ Ալյասկա-Ռուսաստան լոգիստիկայի ստեղծման ծրագրի մասին է: Այն ենթադրում է տրիլիոնավոր դոլարներ, եւ այդ ֆոնին, իհարկե, ուկրաինական թեման վերածվում է ընդամենը մանրադրամի է: Կամ այսպես. մինչ Եվրոպան կենտրոնացած է ուկրաինական պատերազմը գոնե մի քիչ էլ երկարացնելու վրա, որը, խոշոր հաշվով, մի բան էլ Մոսկվային է ձեռնտու, այդ ընթացքում ԱՄՆ-ՌԴ երկկողմ ձեւաչափում կարող են ամփոփ տեսքի հասնել այդ բոլոր տնտեսական նախաձեռնությունները՝ Եվրոպային թողնելով «գնացքից ուշացածի» դերում: Ընդ որում` այն դեպքում, երբ մի շարք ասիական երկրներ սկսել են ակտիվորեն հետաքրքրվել հյուսիսային ծրագրերով՝ ապագան տեսնելով հենց այդ ուղղությամբ:
Եվ եթե իրականում հիմա նաեւ Մակրոնն է (հրամանով, թե իր նախաձեռնությամբ, ամենաէականը դա չէ) փորձում «նետվել այդ գնացքի վերջին վագոնը», ապա դա շարունակելու է էլ ավելի սրել ներեվրոպական ներկայիս մեգատուրբուլենտությունը: Այդ դեպքում, ինչպես եվրոպական փորձագետներից մեկն էր գրել, ամենատրամաբանականն այս հարցն է դառնում՝ «Իսկ ո՞րն է լինելու Եվրոպայի վերջը»:
Ուկրաինայի պարագայում հարցը մի փոքր այլ է՝ «90 միլիարդը իրականում կտա՞ն, ո՞ւմ հաշվին»: Դա է, որ Զելենսկուն շարունակում է դեռ հեռու պահել Թրամփին վերջնականապես մերժելուց: Չնայած, ժամանակ առանձնապես չկա. եթե մինչեւ այս Սուրբ ծնունդը արդյունք չլինի, Թրամփը, հավանաբար, կսպասի առավելագույնը եւս մեկ ամիս՝ մինչեւ իր ինագուրացիայի տարեդարձը: Հետո ԱՄՆ-ում սկսվում են Կոնգրեսի ընտրություններ…
https://iravunk.com/sim/?p=330884&l=am/

