Արդյո՞ք ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ չի մի մարդ, որը լինելով ՀՀ վարչապետ, մերժում է 2019 թվականի խաղաղության պլանը․ Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փախնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Վարչապետին բնութագրող «խիստ անպարկեշտ» բառը, որի համար իբր Հանրային ռադիոյին տված իմ հարցազրույցը ենթարկվեց գրաքննչական հարձակման,
«ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ» բառն էր:
Փաշինյանը և նրա պրոպագանդան փիս «նեղացել» էին այդ բառի համար, որակել «վիրավորական, խիստ անպարկեշտ»:
Բայց արդյո՞ք այդ բառը հանրային բանավեճում օգտագործման համար անընդունելի հայհոյանք է:
Քրեական օրենսգիրքը նկարագրում է «անմեղսունակությունը» որպես հոգեկան հիվանդագին վիճակ, որի հետևանքով անձը չի կարող «գիտակցել իր գործողության (անգործության)» վտանգավորությունը կամ կառավարել այն»:
Սովորական քաղաքական բառամթերքում «անմեղսունակ» ենք անվանում նրանց, ովքեր այնքան տգետ են և անհավասարակշռված, որ անգամ պատկերացում չունեն իրենց գործողությունների կործանարար հետևանքների մասին:
Հիմա ինքներս մեզ մի քանի հարց տանք:
Արդյո՞ք ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ չի մի մարդ, որը լինելով Հայաստանի վարչապետ, մերժում է 2019 թվականի խաղաղության պլանը, որով խաղաղություն էինք հաստատում, պահպանելով Արցախը, Լաչինն ու Քելբաջարը հայկական վերահսկողության տակ, հրաժարվում է բանակցություններից, ինչի հետևանքով հայտնվում ենք կործանարար պատերազմի մեջ և ջարդուխուրդ լինում, կորցնում Արցախը, ստանում մարդկային և տարածքային սարսափելի կորուստներ:
Արդյո՞ք ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ չի մի մարդ, որն իր իսկ խոստովանությամբ, իրեն «գժի տեղ է դնում» Պուտինի, Նազարբաևի և Լուկաշենկոյի առաջ, մերժում է Արցախի ամրապնդմանն ուղղված 5 միլիարդ դոլարի աջակցության առաջարկը, իսկ հետո հրճվանքով պարծենում է լրագրողների առաջ իր այդ «գժական» կեցվածքի համար: (Ձայնագրությունը` կից տեսանյութի մեջ):
Արդյո՞ք ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ չի մի մարդ, որը, լինելով վարչապետ, այնպիսի ԱՆՊԱՐԿԵՇՏ և ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ արտահայտություններով հանդես է գալիս Հայ Առաքելական Սուրբ Եկեզեցու դեմ սանձազերծված իր հանրային արշավում, որ անգամ իր իսկ ստեղծված ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարքագծի կանոնների խախտում է արձանագրում իր հրապարակային խոսքում, իսկ ինքը վարչապետը, պատասխանելով հանձնաժողովին, ներողություն խնդրում իր արտահայտությունների համար և ընդունում, որ «էմոցիաների կառավարման» հետ խնդիրներ ունի (տես Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը կցված ստորև):
Քանի որ այս հարցադրումների շարքը կարելի է անվերջ շարունակել, առաջարկում եմ մեկնաբանություններում անել դա, վերհիշելով «դիագնոզը» հաստատող բազում նյութեր, ներառյալ Ազգային Ժողովում ունեցած ցնդաբանական ելույթները և ծամածռությունները: Լավագույն հարցադրումների հեղինակները կարժանանան մրցանակների:
Իսկ երեկվա մրցույթում հաղթող դուրս եկավ Լիանա Մազմանյանը Liana Mazmanyan, որը ճիշտ էր գուշակել «ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ» բառը: Հրավիրում ենք Հայ Ազգային Կոնգրես, Սարյան 38 հասցեով մրցանակը ստանալու համար:
Ստորև դիտեք նաև տեսանյութը
https://www.facebook.com/share/v/1BcV8cW1Wr/
https://iravunk.com/sim/?p=330880&l=am/

