Խաչատուր Սուքիասյանը հանդիպել է բենզինի շուկայի խոշորների հետ, առաջարկել նրանց վաճառել Բաքվից եկած վառելանյութը․ ովքեր են հրաժարվել
ՏնտեսությունԴեկտեմբերի 19-ին Հայաստան հասավ 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը։ 1300 տոննա ծավալով վառելանյութը ՔՊ-ականները ներկայացնում են որպես «հաստատված խաղաղության ապացույց»։
Ավելի ուշ հայտարարվեց, որ ադրբեջանական բենզինը Հայաստանում կվաճառվի աննախադեպ ցածր՝ 440 դրամ գնով։ Հայտնի դարձավ, որ վառելանյութը կվաճառվի «Մեգա Թրեյդ» ընկերությանը պատկանող «Ռան Օիլ» բենզալցակայանների ցանցում։ Այս ընկերությունը գործում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» կազմում։
24News-ի տեղեկություններով, ադրբեջանական բենզինը Հայաստան է հասել խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի միջոցով, իսկ Խաչատուր Սուքիասյանի միջոցով կվաճառվի հայաստանյան շուկայում։
Հիշեցնենք՝ կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործարքն իրականացրել են մասնավոր ընկերությունները։ Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունը ձեռք է բերել 600 տոննա բենզին։ Չնայած, որ հայտարարվել է ցածր գին «Պրեմիում» տեսակի բենզինի համար, միևնույն է՝ բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ալիք բարձրացրեցին՝ բոյկոտելով «Ռան Օիլ»-ից բենզին գնելը։
24News-ի տեղեկություններով, Խաչատուր Սուքիասյանը բենզինի շուկայում խոշոր ներկրողների հետ է հանդիպել և ասել նրանց, որ բոլորը պետք է վաճառեն ադրբեջանական բենզինը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այդ գործարքից հրաժարվել են «ՖԼԵՇ» և «ՍԻՓԻԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ները։
Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունենալու և առևտրով զբաղվելու ցանկության մասին։
https://iravunk.com/sim/?p=330868&l=am/

