«Հարսնաքարն» ու Վովայի առանձնատունը չեն քանդի. ԲԱՑԱՌԻԿ. «Ժողովուրդ»
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության նիստում հայտարարեց, որ Սեւանա լճի տարածքում գտնվող ապօրինի շինություններից մի քանիսը պետք է հողին հավասարեցվեն։ Հայտարարությունը հնչեց վճռական, սակայն դրան հետեւած գործողությունները կրկին հարցեր առաջացրին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը տարիներ առաջ գրել էր, որ Սեւանա լճի եւ հարակից տարածքներում առկա են շուրջ 3800 ապօրինի եւ քանդման ենթակա շենք-շինություններ։ Սակայն երեկ իրականում քանդվեցին միայն ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին պատկանող մի քանի հնամաշ տնակ՝ մետաղական, ակնհայտորեն անպիտան կառույցներ։
Մինչդեռ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների, Աննա Վարդապետյանի կողմից հիշատակված մյուս «խոշոր» օբյեկտները՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը եւ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրը չեն քանդվելու ամբողջությամբ։
Ստացվում է հետաքրքիր, բայց վտանգավոր տրամաբանություն. ապօրինի շենքը ապօրինի է այնքան ժամանակ, քանի դեռ պատկանում է «նախկիններին»։ Իսկ երբ սեփականատերը փոխվում է կամ օբյեկտը անցնում է պետությանը, ապօրինությունը «վերածվում» է օրինականության։
Սեւանի շուրջ ձեւավորվում է ոչ թե իրավական, այլ քաղաքական արդարադատության պատկեր. մուրճը իջնում է այնտեղ, որտեղ անվտանգ է, իսկ խոշոր օբյեկտների դեպքում ապօրինությունը «վերաձեւակերպվում» է պետական շահի անվան տակ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
https://iravunk.com/sim/?p=330422&l=am/

