Եվրոպացիները Խաչատուրյանին լարել, ուղարկել էին Աշխաբադ

Վերլուծություն

Եթե ինչ-որ մեկը դեռ կասկածում էր, որ Հայաստանի ներկայիս իշխանական վերնախավը արտաքին քաղաքականությունը վերածել է էժանագին ցուցադրության ու անձնական փիառի, ապա դեկտեմբերի 12-ին Աշխաբադում տեղի ունեցածը վերջնականապես փարատեց բոլոր կասկածները։

Թուրքմենստանի մայրաքաղաքում ընթանում էր բարձր մակարդակի միջազգային համաժողով՝ նվիրված Խաղաղության եւ վստահության միջազգային տարվան, Չեզոքության միջազգային օրվան եւ երկրի մշտական չեզոքության 30-ամյակին։ Միջոցառում, որտեղ ԱՊՀ երկրների ղեկավարները, ըստ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի, գրեթե միաձայն շփվում էին ռուսերենով՝ այն լեզվով, որը տասնամյակներ շարունակ եղել է այդ հարթակի աշխատանքային լեզուն։

Ուշակովը բաց տեքստով արձանագրել է՝ ռուսերեն չէին օգտագործում միայն Վրաստանի եւ Հայաստանի ներկայացուցիչները։ Վրացիների դեպքում ամեն ինչ վաղուց պարզ է։ Բայց Հայաստանի՞։ Աշխաբադում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը վրացիների հետ միասին ելույթ է ունեցել անգլերենով՝ ռուսախոս լսարանի առջեւ:

Հարցն այստեղ նույնիսկ լեզվի ընտրությունը չէ։ Հարցն այն է՝ հիմա այս մարդիկ ռուսերեն չգիտե՞ն, թե՞ սկսել են քայլ առ քայլ կատարել ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար տիկին Կայա Կալլասի քաղաքական հրահանգները։

Վատ անգլերենով Վահագն Խաչատուրյանը փորձել է ռուսախոս միջավայրում երեւալ թունդ եվրոպամետ։ Բայց ելույթը ստացվել է ոչ թե եվրոպական, այլ՝ ողբերգական։ Մենակ Թուրքմենստանում Հայաստանը խայտառակ չէր եղել, դա էլ եղավ։

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆ՝ 50 ՄԻԼԻՈՆԻ ԴԻՄԱՑ

Հիշեցնենք՝ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կալլասը վերջերս բառացիորեն հորդորել է Հայաստանին կիրառել պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ՝ միաժամանակ խոստանալով 50 միլիոն եվրո «ռուսական ազդեցությանը հակազդելու» համար։

Եվ ահա այս ֆոնին Խաչատուրյանը Աշխաբադում ցուցադրաբար հրաժարվում է ռուսերենից՝ փորձելով մտնել ռուսաֆոբիայի նորաձեւ օրակարգ: Հարց է առաջանում՝ սա համոզմո՞ւնք է, թե՞ հաշվարկ, որ այդ «միլիոններից» իրեն էլ մի քանի կոպեկ հասնի։

Երբ ԱՊՀ գրեթե բոլոր պատվիրակությունների ղեկավարները շփվում են ռուսերենով, իսկ Հայաստանի նախագահը՝ ոչ, դա այլեւս դիվանագիտություն չէ։ Դա պետական մակարդակի անհեռատեսություն է, եւ հերթական ապացույցը, որ ներկայիս իշխանությունը պատրաստ է Հայաստանը դարձնել փորձադաշտ՝ հանուն եվրահաճոյախոսությունների ու, իհարկե, եվրոների:

Ընդհանրապես, տպավորություն էր, որ Աշխաբադում Հայաստանը ներկայացված էր ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կողմնորոշում կորցրած աշակերտ, որը վատ անգլերենով փորձում է դուր գալ «ուսուցչին»՝ մոռանալով, թե ինչ դասագրքով է դեռ ապրում իր երկիրը։

ԵՎՐՈՊԱԿԱՆ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ», ԹԵ՞ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՐԿՕՂԱԿ

Ի դեպ, Կայա Կալլասը Բրյուսելում հայտարարել է, որ Հայաստանը դիմել է ԵՄ-ին՝ «առաջիկա ընտրություններին արտաքին միջամտության դեմ պայքարում» օգնելու խնդրանքով՝ ակնկալելով հենց այն աջակցությունը, որը ժամանակին տրամադրվել է Մոլդովային։ Այլ կերպ ասած՝ իշխանությունը բացահայտ խնդրում է եվրոպական հովանավորություն սեփական վերարտադրության համար։

2026 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ արդեն հայտարարված է ԵՄ-ի կողմից 12 միլիոն եվրոյի աջակցություն՝ «օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի եւ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի» անվան տակ: Թղթի վրա ամեն ինչ գեղեցիկ է հնչում. կիբեռանվտանգություն, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում, ժողովրդավարության պաշտպանություն։ Բայց Հայաստանի քաղաքական իրականության մեջ այս բառերը վաղուց ստացել են այլ, շատ ավելի մռայլ բովանդակություն։

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեկտեմբերի 1-4-ը Քիշնեւ գործուղվելը՝ «Մոլդովայի փորձը» ուսումնասիրելու նպատակով։ Մոլդովայի փորձը, սակայն, ընտրությունների պաշտպանությո՞ւն էր, թե՞ անհաճո քաղաքական ուժերի նկատմամբ ճնշումների, արգելքների, ձերբակալությունների եւ տեղեկատվական տեռորի դասագիրք։ Թերեւս՝ երկրորդ տարբերակը: Եվ ահա նույն «փորձը» հիմա փորձում են ներմուծել Հայաստան՝ եվրոպական կնիքով եւ եվրոպական փողերով։

ԵՌՅԱԿ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ

Վերջին շաբաթների իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձեւավորվում է յուրատեսակ եռյակ՝ Թուրքիա-Ադրբեջան-ԵՄ, որի նպատակը մեկն է՝ ամեն գնով ապահովել հայաստանյան գործող իշխանության վերարտադրությունը: Պատճառն էլ պարզ է. արդար եւ մրցակցային ընտրությունների դեպքում՝ այս իշխանության վերարտադրվելը ֆանտաստիկայի ժանրից է:

Մինչդեռ թուրք-ադրբեջանական տանդեմի համար այս իշխանության վերարտադրությունը պատմական հնարավորություն է՝ մեկընդմիշտ փակելու հայկական հարցը։ Եվ որքան մոտենան ընտրությունները, այնքան ավելի ակնհայտ ու ինտենսիվ կլինի նրանց աջակցությունը։

Մենք դեռ կտեսնենք Ադրբեջանի «խաղաղասիրական» ժեստերը, հնարավոր սահմանային «զիջումները», գուցե մի քանի գերիների վերադարձը, վառելիքի կամ ապրանքների մատակարարումներ, Թուրքիայի կողմից սահմանների մասնակի բացում։ Ամեն ինչ՝ հայաստանյան ընտրողին մոլորեցնելու համար։ Այս մասին զգուշացնում է քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը:

Բայց նույնիսկ այս ամենը, իշխանությունների կարծիքով, բավարար չէ։ Այդ պատճառով էլ Հայաստանը դիմում է ԵՄ-ին՝ մոլդովական սցենարով միջամտելու խնդրանքով։

ԵՄ-ի համար առաջնային խնդիրը մեկն է՝ Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, ուժեղացնել Թուրքիային ու Ադրբեջանին եւ ապահովել Կենտրոնական Ասիայի էներգակիրների հոսքը դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը։ Այն, որ այդ ճանապարհին Հայաստանը կարող է կորցնել իր սուբյեկտայնությունն ու ֆիզիկական գոյության հեռանկարը, Բրյուսելին առանձնապես չի հուզում։

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ «ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՈՎ»

Իսկ թե ինչ է սպասվում Հայաստանին, այսպես կոչված, մոլդովական սցենարով, անդրադառնանք հերթով: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում կտեսնենք ընտրություններին մասնակցելու արհեստական խոչընդոտներ իշխանություններին անհաճո քաղաքական ուժերի համար, նոր ձերբակալություններ եւ քրեական հետապնդումներ, տեղեկատվական տեռոր ընդդիմադիրների նկատմամբ, եվրոպական «խորհրդատուների» ակտիվ ներգրավում ընտրական գործընթացներում։

Փոխարենը իշխանությունը քաղաքացիներին կառաջարկի պարզ ու ցինիկ բանաձեւ.կամ մենք ենք մնում իշխանություն, եւ դուք ստանում եք «խաղաղություն» թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ու առանց վիզայի ռեժիմ՝ Եվրոպայի հետ, կա՛մ մենք չենք մնում եւ կլինի պատերազմ ու մեկուսացում։

Սա է իրականությունը։ Իսկ թե հասարակությունը կգիտակցի՞, որ այս ամենի եվրոգինը կարող է լինել պետականության վերջնական կորուստը, կտեսնենք արդեն 2026 թվականին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում