TRIPP-ի կյանքի կոչվելը որեւէ կերպ չի կարող սպառնալ Իրանի անվտանգությանը. Իրանահայ խմբագիրը մանրամասներ է ներկայացնում
ՀանդիպումԻրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հարավային Հայաստանով տարանցիկ միջանցք ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին՝ այն համարելով սպառնալիք իր անվտանգության համար, Թեհրանում Հայաստանի դեսպանին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Վելայաթին:
Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականը նաև հայտարարել է, որ Իրանն ի սկզբանե դեմ է եղել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն և զգուշանում է անվտանգության սպառնալիքներից։
Նրա խոսքով՝ այդ միջանցքը կարող էր ապահովել ՆԱՏՕ-ի ներկայությունն Իրանի հյուսիսում, ինչը անվտանգության լուրջ ռիսկեր կստեղծեր Իրանի հյուսիսային շրջանների և Ռուսաստանի հարավի համար։ Նա հավելել է, որ «Թրամփի պլանը», ըստ էության, նույն նախագիծն է, միայն փոփոխված անվանումով, և ներկայումս իրականացվում է ամերիկյան ընկերությունների՝ Հայաստան մտնելու միջոցով։
Ուրեմն ի՞նչ հետեւանքներով է հղի «Թրամփի միջանցքի» գործարկումը «Իրավունքը» հետաքրքրվել է Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանից.
- Միջազգային հարաբերություններում կարևորվում են պաշտոնական դիրքորոշումները և ոչ կողմնակի հայտարարություններն ու կողմնակալ լրատվամիջոցների տվյալներն ու վերլուծությունները: Իսկ ինչպես հայտնի է բոլորին պաշտոնական Թեհրանը Նախագահի, արտաքին գործերի նախարարի և ՀՀ-ում դեսպանի մակարդակով անգամներ հայտարարել են որ վաշինգտոնյան համաձայնագրերում հաշվի են առնվել Իրանի մտահոգությունները և հարգվել են նրա կարմիր գծերը, որոնք հայկական կողմի համար ևս կարմիր գիծ են համարվում:
Իրանում շատ հստակ հասկանում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և «Թրամփի ուղու» տարբերությունները, որը հիմնականում երևում է Հայաստանի Հանրապետության տարծքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և հավասարության փոխադարձության սկզբունքներում:
TRIPP-ի կյանքի կոչվելը բացասական լուրջ հետևանք չի կարող ունենալ ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Իրանի համար: Ու քանի որ երրորդ երկրների ռազմական և անվտանգային ուժերի ներկայություն չի նախատեսում ՀՀ-ում, բնականաբար, որևէ կերպով չի կարող սպառնալ Իրանի անվտանգությունը:
- Ինչպե՞ս եք գնահատում այս պահին Հայաստան-Իրան եւ Իրան-ՌԴ հարաբերությունները։
- Թեև պարոն Վելայաթիի այս հայտարարությունը կարող է չարաշահվել Ռուսաստանի և Հայաստանում նրա հինգերորդ շարասյան կողմից, նամանավանդ խորհրդարանական ընտրությունների ֆոնին, բայց դրանով հանդերձ դժվար թե այս կարգի հայտարարությունները վնասեն Իրան-Հայաստան ընդհանուր շահերի և պատմական ու մշակութային բարեկամության վրա հիմնված հարաբերություններին:
Իմ կարծիքով Իրան-Հայաստան հարաբերությունները, անկախ հնչեցված նման, ես կասեի կողմնակի, հայտարարություններից խորանում են, և նկատի առնելով ՀՀ-ի աշխույժ արտաքին քաղաքականությունը գնալով էլ ավելի են խորանալու:
Ինչ վերաբերում է Իրան-ՌԴ հարաբերություններին, դրանք այլ շրջանակներում պետք է դիտարկել, քանի որ որոշ հարցերում՝ օրինակ Արևմտյան պատժամիջոցներից խուսափելու պարագային, նրանք բարեկամներ են, իսկ այլ հարցերում ինչպես Հարավային Կովկասի պարագան մրցակիցներ: Այդ բոլորով հանդերձ երկրների հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի վրա և Իրանն ու Ռուսաստանը ունեն ընդհանություններ շահերի տեսակետից:
https://iravunk.com/sim/?p=330404&l=am/

