Հայաստանյան իրավապաշտպանության ոլորտի գուրուն, հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել
Ցավոք, Հայաստանում իրավապաշտպանությունն այսօր դիտվում է որպես ամենաթիրախային և ռիսկային մասնագիտություններից մեկը, առավել ևս՝ երբ գործերը կրում են քաղաքականացված բնույթ։ Արձանագրեմ փաստը․ շատ հաճախ իրավապաշտպանները ենթարկվում են թիրախավորման պետական լիազոր մարմինների առանձին ներկայացուցիչների կողմից, և հասարակության որոշ շերտեր շարունակում են նույնականացնել փաստաբանին իր վստահորդի հետ։ Ավելին, երբ որոշ անձինք «հորթային հրճվանք» են ապրում, երբ որոշ անձինք բացահայտ սպառնալիքներ են տալիս, մտնում են անձնական կյանք, թիրախավորում են ընտնանիքի անդամներին, պետական լիազոր մարմինները հաճախ դառնում են կույր և խուլ։
Դա չի կարող որևէ կերպ ընկալվել այլ բան, քան իրավակարգի, իմա՝ պետության նկատմամբ արհամարհանք։ Այն անթույլատրելի է իրավական պետության մեջ։
Քսանհինգ տարի առաջ հիմնադրված ԼԵՎ ԳՐՈՒՊ փաստաբանական ընկերությունն իր գործունեության հիմքում դրեց իրավանորմը՝
«Իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին»,
և այդ սկզբունքով առաջնորդվում է մինչ այսօր։ Մեր փաստաբանների, փորձագետների ու ադմինիստրատիվ աշխատակազմի համար սա պարզապես աշխատանք չէ, այլ հոգեվիճակ, կայուն արժեքային համակարգ, որի վրա է կառուցված մեր մասնագիտական ինքնությունը։
Դրա լավագույն ապացույցներն են՝
տասնյակ նախադեպային որոշումները,
հազարավոր մարդկանց վերականգնված իրավունքները,
ԼԵՎ ԳՐՈՒՊ-ի հանդեպ մեծ հասարակական վստահությունն ու շնորհակալության բազմաթիվ արտահայտությունները, օրհնանքները։
Մեր գլխավոր ձեռքբերումներից մեկն է այն բարենպաստ ժողովրդականացումը, որը զգացվում է ամենուր՝ փողոցում, հանրային վայրերում, մարդկանց վերաբերմունքի ու հարգանքի մեջ։ Դա լավագույն գնահատականն է մեր տարիներով վճռական ու սկզբունքային աշխատանքի։
Այսօր, երբ արդեն ԼԵՎ ԳՐՈՒՊ-ի 25-ամյա ծննդյան օրն է, սիրով շնորհավորում եմ բոլոր նրանց, որոնց ներդրումը ձևավորեց ընկերության ձեռագիրը՝
նախկին ԼԵՎԳՐՈՒՊԱԿԱՆներին,
ներկայումս աշխատող քաղաքացիական, վարչական, քրեական, կորպորատիվ և գիտա-վերլուծական ստորաբաժանումների մասնագետներին,
ողջ ադմինիստրատիվ աշխատակազմին,
և, իհարկե, նաև ինքս ինձ՝ որպես այս ընտանիքի մի մաս և դրա պատասխանատու ղեկավար։
Իրավամբ, մեզ համար սա ոչ թե պարզապես մասնագիտություն է, այլ հոգեվիճակ, ծառայություն մարդկանց և պետությանը։
Իրավամբ, մենք նվիրյալներ ենք։
Շնորհակալ եմ համագործակցության համար։
Գլխավոր տնօրեն՝
Լևոն Բաղդասարյան

