«Օրինական» թալա՞ն
ՎերլուծությունՆերքաղաքական օրակարգը կրկին եռում է եւ եռում է ոչ թե իշխանության «ձեռնարկած բարեփոխումներից», այլ նրանց հերթական բացատրություններից, որոնք, մեղմ ասած, շատ քիչ կապ ունեն հասարակական ընկալումների, էլ ավելի քիչ՝ սթափ տրամաբանության հետ։
Այս անգամ հանրային ուշադրության կենտրոնում էր Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ իր անգերազանցելի ինքնավստահությամբ ու «լավ սովորած լինելու» շեշտադրմամբ։ Իսկ եթե մի կողմ դնենք բովանդակությունը եւ լսենք միայն ենթատեքստը, այն շատ պարզ է. «Ես պաշտոն ունեմ, բարձր աշխատավարձ ունեմ, ուրեմն՝ լեգիտիմ է, որ 200 հազար դոլարանոց տուն ունենամ, հետո՝ երկրորդը, հետո՝ երրորդը»: Միայն մի բան մնում է չպարզված՝ ինչո՞ւ է նույն տրամաբանությունը նախկինների դեպքում համարվում կոռուպցիա, իսկ իրենց դեպքում՝ «արդար վաստակված եկամուտ»։
Արդարադատության նախարարի խոսքը, փաստացի, դարձել է իշխանական նոր դոգման՝ մենք կարող ենք տուն ունենալ, դուք՝ ոչ, որովհետեւ մենք շատ ենք աշխատում: Գալյանի հայտարարությունը, թե «բոլոր պաշտոնատարները հայտարարագրեր ունեն», իրականում ոչ մի կերպ չի հերքում այն հարցադրում, որը բարձրացվում է արդեն տարիներ շարունակ՝ ինչպե՞ս է ստացվում, որ իշխանության գալուց շատ չանցած՝ նախարարները, պատգամավորները, փոխնախարարները իրենց հայտարարագրերում ավելացնում են նոր ու նոր անշարժ գույք։ Ինչպե՞ս է ստացվում, որ նույն մարդիկ, որոնք 2018-ի աշնանը պնդում էին՝ «նախկինների ունեցվածքը թալանի արդյունք է», այսօր պաշտպանում են իրենց 200 հազար դոլարանոց տները «լավ սովորելու» ու «ծանր աշխատանքի» հիմքով։
Եվ վերջապես՝ ինչպե՞ս է ստացվում, որ իշխանականների գործարքներն իրականացվում են շուկայականից էականորեն ցածր գներով, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տարօրինակ հանգամանքներում ոչինչ չի «նկատում»։
ՈՎ ԷՐ ՍՐԲՈՒՀԻՆ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ԱՌԱՋ
Արդարադատության նախարարի ինքնավստահ ելույթից հետո սոցիալական ցանցերում արագ տարածվեց հիշեցում այն մասին, որ Սրբուհի Գալյանի մայրը՝ տիկին Արտեմիս Քեշքերյանը, մինչեւ 2018 թվականը եղել է ՀՀԿ կանանց խորհրդի ակտիվ անդամ, ունեցել շրջապատ Վարդաշենի դպրոցից մինչեւ քաղաքապետ Տարոն Մարգարյան: Իսկ հեղափոխությունից հետո շատերի պես շտապ վերագնահատել է իր քաղաքական հավատարմությունը՝ այս անգամ ՔՊ-ին։
Սա ինքնին մեղադրանք չէ, բայց հռետորական հարցերը շատ հստակ են՝ եթե նախկինները «հանցագործ ռեժիմ» էին, ինչպե՞ս ստացվեց, որ իշխանության կուսակցության մակարդակով այսօր առանց խնդիրների համագործակցում են նախկինների թիմերին մոտ կանգնած մարդկանց հետ։ Եթե Սրբուհի Գալյանը կարիերա է ունեցել միայն «լավ սովորելու» շնորհիվ, ապա ինչո՞ւ է հանրության մոտ տպավորություն, որ մայրիկի կտրուկ «դավանափոխությունը» համընկավ հենց դստեր պաշտոնական առաջխաղացման հետ։
Իշխանության ներկայացուցիչները սիրում են ասել՝ «համադրելի երեւույթներ չեն», բայց հասարակությունը համադրում է եւ ստանում է այն, ինչ կա։
«Սրբուհի Գալյանն իր աղմկահարույց հայտարարություններով շարունակում է զարմացնել մեր հայրենակիցներին, հատկապես ուժային կառույցներում երկար տարիներ ծառայած, այսօր արդեն զինվորական կենսաթոշակի անցած այն զինվորականներին, ովքեր մինչ օրս շարունակում են ապրել վարձով։ Վերջին հայտարարությամբ նախարարն ինքնագովազդի համատեքստում նշել էր, թե կատարում է ծանր աշխատանք եւ «200 հազար դոլարանոց տունը ի՞նչ է, որ ես չունենամ»: Այս խոսքերին ի պատասխան պետք է ընդգծել, որ ի տարբերություն նախարարի՝ երկարամյա ծառայություն իրականացրած կին զինծառայողների աշխատանքի ծանրությունը արձանագրված է օրենքով․ 20 տարվա ծառայությունից հետո նրանք իրավունք ունեն անցնելու կենսաթոշակի, ընդ որում՝ նրանցից շատերը ժամանակին ստացել են բարձրորակ կրթություն եւ գերազանցությամբ ավարտել բուհը։ Նախարարը, սակայն, անտեսում է այն պարզ ճշմարտությունը, որ պաշտոնյաների ֆինանսական բարեկեցությունը պետք է զարգանա համահունչ քաղաքացիների ֆինանսական բարեկեցությանը եւ ոչ երբեք՝ նրանց հաշվին», - այս մասին հայտարարել է ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը եւ ընդգծել, որ այսօր երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակառուները ստիպված են ընկնել դատարանների դռներն իրենց օրենքով հասանելիք բնակարանները ստանալու համար, մինչդեռ պատկան գերատեսչությունների իրավաբանական ստորաբաժանումների ներկայացուցիչները շատ դեպքերում բավարարած հայցապահանջները հարկատուների հաշվին վճարելով 20-40 հազար ՀՀ դրամ պետական տուրք՝ ըստ էության ժամանակ ձգելու նպատակով շարունակում են դրանք բողոքարկել՝ ապահովելով նախարարի եւ իր նմանների բարեկեցությունը։
ԿՈՆՋՈՐՅԱՆԻ «ՀՐԱՇՔՈՎ» ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾԸ
«Հետք»-ի հրապարակումը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի թաունհաուսի գնման մասին դարձավ եւս մեկ օրինակ, թե ինչպես է իշխանությունը փորձում բացթողումները ներկայացնել որպես լրագրողական «կեղծիք»։
Մի կողմ թողնելով կողմերի փոխադարձ հայտարարությունները, փաստը մնում է փաստ՝ շուկայում նույն շրջանառության ընթացքում ընկերությունը քմ-ն վաճառել է 410 հազար դրամով, իսկ Կոնջորյանը ձեռք է բերել 300 հազարով: Համարենք սա շուկայական անոմալիա՞, թե՞ իշխանական բոնուս։ Հարցը շատ պարզ է եւ իրավական առումով չափազանց կոնկրետ. երբ պաշտոնյան իրականում գնում է շուկայականից էժան գույք, այդ տարբերությունը դասակարգվում է որպես հնարավոր անօրինական նյութական առավելություն։
Ահա թե ինչու է հարցը հանձնաժողովի, ոչ թե Կոնջորյանի «նեղացված» պատասխանի թեմա։
ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԳԱԳԱԹՆԱԿԵՏԸ
Եթե համադրենք նախարար Գալյանի խոսքը, Կոնջորյանի գործարքը, իշխանական այլ ներկայացուցիչների թանկարժեք բնակարաններն ու ավտոմեքենաները, ստացվում է հետեւյալ միտումը. նրանք, ովքեր իշխանության եկան «թալանի դեմ պայքարի» կարգախոսով, այսօր բացատրում են իրենց հարստացումը «լավ սովորելով», «ծանր աշխատելով» եւ «նորմալ՝ մեկ-երկու տուն ունենալով»: Բայց նույն տրամաբանությունը նախկինների դեպքում համարում էին հանցագործություն։
Այս երկակի ստանդարտը չի կարող մնալ հասարակական քննարկումներից դուրս, որովհետեւ այն չի վերաբերում մի նախարարի կամ մեկ պատգամավորի վարքագծին: Այն վերաբերում է իշխանության ամբողջ փիլիսոփայությանը՝ եթե մենք ենք, ուրեմն՝ արդար է, եթե ուրիշներն են՝ կոռուպցիա է։
Ահա, թե ինչու ենք գալիս այն եզրահանգման, որ այս իշխանությունը կործանում է ոչ միայն տնտեսությունը, անվտանգությունը, պետական ինստիտուտները, այլ նաեւ հանրային բարոյական ընկալումները։ Քաղաքացիներին սովորեցնում են, որ տուն ձեռք բերելու իրավունք ունեն միայն իշխանավորները, 200 հազար դոլարանոց գույքը «նորմալ» է:
Իսկ ամենավատը՝ իշխանությունը մոռանում է, որ մարդիկ հիշողություն ունեն։ Եվ երբ հիշողությունն արթնանում է, անգամ ամենաջանասիրաբար կառուցված իշխանական քարոզչությունը փլվում է նույնքան արագ, որքան կառուցված թաունհաուսների պատերը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=330052&l=am/

