Գյումրու ֆիասկոն
ՎերլուծությունԳյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցածը, որտեղ Շիրակի ամբողջ թեմն անգամ առկա բացահայտ ճնշումների ներքո հրաժարվեց պատարագ մատուցել Նիկոլ Փաշինյանի առաջ եւ զեղչել թեմի կալանավորված առաջնորդի ու Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը, այս իշխանության համար վերածվեց ոչ թե հերթական անհարմար միջադեպի, այլ բացահայտ քաղաքական եւ օրինականության ճգնաժամի ցուցիչի:
Այդ օրը իշխանությունը ցուցադրեց իր իրական դեմքն ամբողջությամբ՝ հատուկ ջոկատայիններով արգելափակված եկեղեցի, այլ թեմից բերված «պատվերով» քահանա եւ «պատարագ», որն ավելի շատ հիշեցնում էր ոստիկանապետական ցուցադրության, քան աղոթք՝ երկրաշարժի զոհերի հոգու խաղաղության համար:
Եվ ահա այս ֆիասկոյից հետո՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց մի գրառում, որը, ըստ էության, բացեց նոր ճակատ՝ պետության եւ եկեղեցու բախման:
«Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10:55, բոլոր եկեղեցիներում հնչի Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը», - բստրել է Նիկոլ Փաշինյանը՝ դեմ դուրս գալով դարերով ձեւավորված եկեղեցական ավանդույթներին եւ անուղղակիորեն ազդարարելով Եկեղեցին պետականացնելու հեռահար նպատկների մասին:
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ՝ այլեւս Նիկոլ Փաշինյանի քայլերը ոչ միայն հակասում են Սահմանադրությանը եւ ՔՕ 441-րդ հոդվածին, այլեւ ձեւավորում է «օկուպացիոն ռեժիմի» վարքագծին համարժեք մոդել: Զուրաբյանի խոսքով՝ Փաշինյանը պառակտում է հանրությանը, զինվորական ուժերով նվաճում է եկեղեցական տարածք, հենվում է եկեղեցու «լյումպենական, բարոյազուրկ, պատեհապաշտ» տարրերի վրա եւ չի գիտակցում անգամ Հայ Առաքելական Եկեղեցու պատմական արմատները, որոնք սկիզբ են առնվում ոչ թե 301 թվականից, այլ՝ առաքյալների դարաշրջանից։
Զուրաբյանի կարծիքով՝ ձեւավորվող այս մոդելն այլեւս դուրս է գալիս քաղաքական պայքարի տեսադաշտից եւ դառնում հոգեւոր, ազգային ինքնության դեմ ուղղված վտանգ: Ըստ նրա, ունենք մի իշխանություն, որի յուրաքանչյուր քայլ «ցանում է պղծություն եւ պառակտում»:
ԴԱՎԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի նկատառումն ավելի համակարգային է: Նա դիտարկում է Փաշինյանի առաջարկը՝ օրհներգը եկեղեցում հնչեցնելու մասին, ոչ թե որպես տարօրինակ քմահաճույք, այլ՝ որպես բողոքականացման տիպաբանություն:
Նրա տրամաբանությամբ՝ ավանդական եկեղեցիները (Կաթոլիկ, Ուղղափառ) ցանկացած երկրում խուսափում են պետական խորհրդանիշների ներմուծումից, որովհետեւ դա քայքայում է եկեղեցու միասնականությունը, որը վերպետական ինստիտուտ է: Իսկ բողոքական համայնքներում նման պրակտիկան ընդունված է եւ արտացոլում է եկեղեցու այլատիպ, ավելի սեկտանտ բնույթը։
Դանիելյանը եզրահանգում է՝ սա կարող է բերել այն բանին, որ սփյուռքի թեմերում նույնպես ստիպված կլինեն կատարել տվյալ երկրի հիմնը, բարձրացնել տվյալ երկրի դրոշը, ինչի հետեւանքով Հայ Առաքելական Եկեղեցին կկորցնի իր գլխավոր գոյութենական առաքելությունը՝ լինել համահայկական ինքնության առանցքը:
Վերջում Դանիելյանը այն համոզմանն է գալիս, որ այս քայլերի ամբողջությամբ թաքնված է հայերի դավանափոխության քաղաքական ծրագիր, որում ներգրավված են նաեւ առանձին եպիսկոպոսներ, որոնց իշխանությունը «կաշառում» է՝ կա՛մ պաշտոններով, կա՛մ ճնշումներով։
ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՆՈՐՈԳՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ»
Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված «Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը» ցույց է տալիս, որ կառավարությունը փորձում է ոչ միայն ձեւախեղել, այլեւ վերացնել եկեղեցու ինքնիշխանությունը։ Փաշինյանի առաջարկած թեզերը ներառում են՝ կաթողիկոսական տեղապահի ընտրություն, Նոր Կանոնագրքի ընդունում, կարգապահական, ֆինանսական, սոցիալական եւ հարկային վերահսկողության նոր մեխանիզմներ եւ վերջում՝ նոր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն՝ արդեն նոր կանոններով։
Թեեւ Փաշինյանը նշում է, որ կառավարությունը «միայն խորհրդատվական աջակցություն» կցուցաբերի, փաստացի այդ առաջարկները ձեւավորում են այնպիսի դաշտ, որտեղ պետությունն իր ձեռքում է կենտրոնացնում եկեղեցու կարգավորման ողջ լծակները։ Իրավաբանների մեծ մասը սա գնահատում է որպես Հայաստանի Հանրապետությունում հստակ սահմանազատված՝ աշխարհիկ պետության սկզբունքների բացահայտ խախտում։
ԻՍԿ ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ՄԱՅՐ ԱԹՈՌԸ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն էլ երեկ հրապարակեց մի հայտարարություն, որը գրեթե աննախադեպ է իր կոշտությամբ. այն բնորոշում է իշխանության գործողությունները որպես կոպիտ միջամտություն եկեղեցական կարգին, Սահմանադրության խախտում, հավատացյալների հավատքի վիրավորում, կեղծ «պատարագների» կազմակերպում եւ մատնանշում կանոնական խախտումների մասին՝ առանձին եպիսկոպոսների կողմից։
Մայր Աթոռը ոչ միայն պնդում է, որ տեղի ունեցածը խաթարում է եկեղեցու միասնականությունը, այլեւ ուղիղ կոչ է անում կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը: Սա այլեւս փաթեթավորել, թե իբր եկեղեցին քաղաքական հայտարարություն է անում, չի ստացվի, սա համազգային կրոնական ինստիտուտի պաշտպանական արձագանքն է, որը փաստացի նախազգուշացնում է իշխանությանը՝ գուցե մի վերջին անգամ…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=329818&l=am/

