Իրենց էլ է շանտաժ անո՞ւմ, ի՞նչը կարող է դրդել սրբազաններին գնալ ու կանգնել նիկոլի կողքին. Գայանե Ասլամազյան
ՄշակութայինՀամացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է Ամերիկայի Միացիալ Նահանգներում՝ Նորդ Հոլիվուդում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու մոտ, ԱՄՆ հայոց արեւմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին մոտենում դերասանուհի ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԸ եւ հարց հնչեցնում, թե արդյոք եկեղեցու բռնազավթումը գոհացնում է նրան: Սակայն, Հովնան սրբազանը հարցն անպատասխան է թողնում: Հիշեցնենք, որ վերջինս միացել էր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած այն տիրադավ եպիսկոպոսների հայտարարությանը, որոնք պահանջել էին Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը: Տեղի ունեցած միջադեպի մասին «Իրավունք»-ը զրուցել է դերասանուհու հետ:
«ՀՈՎՆԱՆ ՍՐԲԱԶԱՆԸ ՀԵՆՑ 2018 ԹՎԱԿԱՆԻՑ ԲՌՆԵԼ Է ՆԻԿՈԼԱԿԱՆ ԳԻԾԸ»
— Ի՞նչ ներքին մղում կամ պատասխանատվության զգացում էր Ձեզ մոտ, որը ստիպեց ուղիղ հարց ուղղել սրբազանին՝ այնպիսի թեմայի շուրջ, որից ակնհայտ է պիտի խուսանավեր:
— Այդ հարցերն ինձ մոտ առաջացել է հատկապես 2020 թվականից հետո եւ ամրացել ու առավել բարդացել: Երբ հանձնեցին Արցախը այստեղ՝ Միացյալ Նահանգներում, մարդիկ դժգոհության միտինգներ էին անում եւ քայլերթ էր կազմակերվել: Մենք Պոլսո Պատրիարքի եկեղեցու մոտ էինք հավաքվում եւ այդտեղից շարժվում, քանի որ Սուրբ Լեւոնի հոգեւոր սպասավորներն ընդանրապես ոչ մի կերպ չէին արձագանքում: Եվ արդեն այն ժամանակներից, մենք գիտեինք, որ այդ եկեղեցին, կարծես թե, համակրում է Նիկոլին:Մեր հավաքին մասնկացեցին միայն Պոլսո Պատրիարքի թեմի եկեղեցականները: Նրանք մեզ ընդունեցին եւ հավաքեցին այդ եկեղեցու բակ ու հենց այդեղից էլ շարժվեցինք: Ասեմ, որ հենց նրանք էլ մեզ առաջնորդում էին: Հետո, երբ հերթական անգամ Նիկոլն ինչ-որ բան է հանձնում, ես եւ դերասան Զոհրապ Բեկ-Գասպարենցը գնում ենք եկեղեցու բակ: Զոհրապն ասում է՝ արի գնանք, սիրտս ճաքում է: Գնում ենք երկուսով եւ եկեղեցու բակից ուղիղ հեռարձակում միացնում: Մարդիկ մեր եթերը տեսնելով՝ գալիս ու կամաց-կամաց հավաքվում են Սուրբ Լեւոնի բակում, սակայն ոչ մի սպասավոր դուրս չի գալիս, մեզ չի դիմավորում կամ մեզ հետ չի խոսում: Միայն մի պահ դուրս է գալիս այդ եկեղեցու սպասավորներից մեկը, մեզ մեջքով թեքվում ու գնում է: Դա էլ անում է այն բանի համար, որ տեսնի եւ զեկուցի, թե քանի հոգով ենք հավաքվել եւ այլն:
— Հովնան սրբազանը չպատասխանեց Ձեր հարցին: Ըստ Ձեզ, այդ լռությունն ի՞նչ էր նշանակում՝ ամոթի զգացում կա՞ր, թե՞ այլեւս թքած ունեն՝ ինչ են մտածում հավատավոր ժողովուրդն իրենց մասին:
— Չեմ կարող իր փոխարեն պատասխանել, թեեւ չեմ էլ կարծում, որ կար ամոթի զգացողություն: Կարծում եմ Հովնան սրբազանը, հենց 2018 թվականից բռնել է նիկոլական գիծը եւ դրանով գնում է մինչ օրս:
«ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԳՆԵԼ ԱՅԴ ԱԶԳԱԴԱՎ, ՀՈՂԱՏՈՒ ԱՆՁԻ ԿՈՂՔԻՆ»
— Ձեզ աստիճանաբար ավելի շատերն են աջակցում սոցիալական հարթակներում։ Ինչպե՞ս եք գնահատում հանրային արձագանքը Ձեր քայլին։
— Գիտեք, դա չեմ արել, որպեսզի հանրային արձագանք ստանամ: Ես իսկապես որպես Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ, եկեղեցու ընտանիքի անդամ, իրավունք ունեմ պատասխաններ ստանալու: Ինձ համար Հուդայի այդ 30 արծաթի պատմությունը, որը կրկնվում է հիմա, ուղղակի մեծ հարցականներ է առաջացնում, որովհետեւ ես չեմ ուզում իմ ազգի, իմ կրոնի եւ ընդանրապես հոգեւոր առաջնորդների մեջ տեսնել այն, ինչ այժմ կատարվում է: Ինձ մոտ իսկապես հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է, այն դեպքում, երբ ազգային գոյության մասին է խոսքը գնում, կանգնել այդ ազգադավ, հողատու, անհայրենիք անձի կողքին, մասնատել եկեղեցին՝ այն էլ, երբ մենք օտարության մեջ ենք եւ եկեղեցին մեր միակ հիմքն ու հենարանն է: Իմ եւ Աստծո միջեւ չկան միջնորդներ, սակայն այս պահի դրությամբ, երբ ցանկանում ես գնալ եկեղեցի, արդեն հարց է առաջանում՝ արդյոք ես ուզում եմ գնամ այն եկեղեցին, որը պատկանում է այն սրբազանին, ով աջակցում է ներկայիս իշխանությանը կամ այն ջրաղացին է ջուր լցնում, որը մեզ ընդանրապես մեր հայկականությունից, հողից ու տեսակից կտրում է եւ ծառայում է ադրբեջանա-թուրքական այսօրվա քմահաճություններին: Հետեւաբար, այդ եկկեղեցի մտնելուց առաջ, ես 100 անգամ կմտածեմ՝ մտնեմ, թե՝ ոչ:
—Դուք առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում եք առկա խնդիրների մասին, արդյո՞ք այս պարագայում Ձեր խոսքը նաեւ կոչ էր՝ լռությունը հաղթահարելու համար։
— Ոչ: Իրականում, ես ուղղակի պատասխաններ էի ցանկանում ստանալ: Ինձ հետաքրքիր են այն արժեքները, որոնցով իրենք առաջնորդվում են նմանատիպ որոշումներ կայացնելիս:
«ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ՝ ՄԵՐ ՀԻՄՆԱՍՅՈՒՆԸ, ԽԱԼԽԼՈՒՄ ԵՆ, ՔԱՆԴՈՒՄ ԵՆ…»
— Եթե ամեն դեպքում, հնարավորություն ունենայիք Հովնան սրբազանի հետ երկխոսության, ի՞նչ հիմնական հարցեր կամ պնդումներ կներկայացնեիք նրան:
— Մեր եկեղեցին՝ մեր հիմնասյունը, խալխլում են, քանդում են: Եվ երբ եկեղեցու ներսից են այդ ամենին օգնում, ինձ մոտ բնականոն հարց է առաջանում՝ հանուն ինչի՞ կարելի է գնալ նման քայլի: Եթե իրենք ունեն անհասկանալի ինչ-որ հարցեր, անհաշտություններ՝ ֆինանսական, անձնական եւ այլն, այդ ամենը պետք է լուծվի եկեղեցու ներսում եւ մեզ չպետք է վերաբերվի: Մենք, իբրեւ հոտ, այդ ամենը չպետք է անգամ իմանանք, քանի որ նրանք մեր առաջնորդներն են: Հասկանալի է, որ մարդ են, ունեն հարցեր եւ այլն, բայց հարցերի լուծումները պետք է լինեն իրենց դռների ետեւում: Գուցե իրենք դրական փոփոխություններ են ցանկանում անել, դա էլ եմ հասկանում, բայց գնալ, կանգնել հայրենադավ հողատուի կողքին, ով եկավ 2018-ին իր հիմնական մասնակիցների հետ, ովքեր աղանդավորներ էին, դա չեմ հասկանում: Հիմա էլ, որ նայում ենք, թե ովքեր են կանգնած Նիկոլի կողքին կամ նրա հետ գնում եկեղեցի, նույնիսկ այդ մարդիկ չեն էլ թաքցնում, որ աղանդավոր են: Լավ, դա էլ իրենց ընտրությունն է, իրենց գործն է, թե ինչ են անում կամ ում են հավատում, բայց Հայ Առաքելական եկեղեցին քանդել ու գնալ այդ ճանապարհով, ես չեմ ընկալում ու ինձ մոտ մնում է ամենակարեւոր հարցը՝ հանուն ինչի՞, իրենց էլ է՞ շանտաժ անում: Ի՞նչը կարող է դրդել սրբազաններին, այն էլ այդքան կրթված, այդքան ամեն ինչի մեջ եղած, որ գնան ու կանգնեն Նիկոլի կողքին:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=329741&l=am/

