Հրապարակվել է Դեբեդում ջրահեղձ եղած լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան գործով դատավճիռը
«Շանթ» ՀԸ-ի լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքով դատավճիռ է կայացվել։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Շիրոյանի վճռով՝ մեղադրյալ Վարդուհի Անանյանն անմեղ է ճանաչվել և արդարացվել իրեն մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» համակարգից։ Նշենք, որ «Վիզիթ Լոռի» ՍՊԸ-ի տնօրեն և հրահանգավորումների անցկացման պատասխանատու Վարդուհի Անանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Դեբեդ գետի վարարման ընթացքում գետի վրա կազմակերպել է ռաֆթինգի ծառայություն, որպես թիմի անդամներ ներգրավել է սիրողական անձնակազմ, սահմանված կարգով չի նշանակել պատասխանատու անձի, ուսուցում և հրահանգավորումներ չի անցկացրել, ինչի հետևանքով 2022 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Դեբեդ գետի Քոբայր-Սանահին կայարան հատվածի 3-րդ կիլոմետրում ռաֆթելու ընթացքում քարին հարվածելու հետևանքով Արմինե Ճաղարյանն ընկել է գետը և ջրահեղձման արդյունքում մահացել: Դատարանի վճռով՝ Ֆինանսների նախարարությունը Վարդուհի Անանյանին պետք է վճարի 500․000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար։
https://iravunk.com/sim/?p=329491&l=am/

