Հայաստանը տեսնում եմ Միութենական պետության կազմում, դա պետք է տեղի ունենա. Արթուր Ղազարյան
ՀանդիպումՌուսաստանաբնակ քաղակտիվիստ, ՌԴ քաղաքացի ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ նկատմամբ ՀՀ Քննչական կոմիտեն հարուցել է նոր քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով։ Արդեն նշանակված դատական նիստին կներկայացվի միջնորդություն՝ Ղազարյանի նկատմամբ հետախուզում եւ կալանք սահմանելու վերաբերյալ։ Ինքը՝ Արթուր Ղազարյանը, տեղի ունեցածը համարում է հերթական քաղաքական պատվեր, ինչի մասին «Իրավունք»-ը զրուցեց նրա հետ։
«ՍԱ ՈՒՂՂԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է»
— Պարոն Ղազարյան, ո՞վ է Ձեր դեմ հայց ներկայացրել, ի՞նչ է ընկած մեղադրանքի հիմքում, եւ ի՞նչ սպասումներ ունեք առաջիկա դատական նիստից:
— Իմ դեմ բողոք ներկայացնողն անփոփոխ է՝ Սաֆարյան Ստյոպան: Ի սկզբանե էլ պարզ էր, իր էջում էլ հրապարակել է այդ մասին: Առանձնապես սպասումներ չունեմ, ճիշտն ասած, ինձ համար մեկ է՝ կալանքի որոշում կկայացնեն, թե՝ ոչ: Դրանից իմ կյանքում ոչինչ չի փոխվում, որովհետեւ արդեն երկրորդ անգամ եմ այս ամենի միջով անցնում: Փաստացի մեկ քրեական գործ իմ դեմ արդեն կա, որը դեռ կարճված չէ, հիմա էլ երկրորդն են հարուցում: Ընդ որում՝ շատ աբսուրդային իրավիճակ է, առաջին քրգործում գրել էին, թե իմ տեղն անհայտ է, այսինքն` չգիտեն, թե որտեղ եմ, ու հետախուզում էին հայտարարել։ Մինչդեռ երբ Ռուսաստանի դատախազությունն առաջին գործով իրենց հայտարարած հետախուզումը չեղարկեց, բոլորին հայտնի էր իմ գտնվելու վայրը, էլ չասեմ, որ փաստաբան ունեի, որը դե յուրե իմ ներկայացուցիչն էր: Ավելին ասեմ` իմ հեռախոսի համարը ֆեյսբուքյան իմ էջում հասանելի է բազմաթիվ գրառումներում: Պարզ է, որ սա ուղղակի քաղաքական հետապնդում է:
— Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Ձեր եւ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի միջեւ, ինչո՞ւմ է նա Ձեզ մեղադրում:
— Սկսեմ ամենասկզբից. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրված նախագահ է, որին ընտրել եմ նաեւ ես` լինելով ՌԴ քաղաքացի։ 2019 թ.-ին, երբ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում վիրավորական գրառում կատարեց Վլադիմիր Պուտինի՝ իմ ընտրած նախագահի դեմ, որպես քաղաքական ակցիա, սուպերմարկետից մեկ տուփ պահպանակ էի պատվիրել, առաքել էին Ստյոպա Սաֆարյանի աշխատասենյակ: Դրանից հետո՝ Սաֆարյան Ստյոպան գրառում է կատարում իր էջում՝ հրապարակելով իմ նկարը, ինչին ի պատասխան ստանում է համարժեք հայհոյախառն արձագանք: Նույն օրը Ստյոպա Սաֆարյանն արդեն ներկայացնում է բողոք իմ դեմ, թե ես իբրեւ սպառնացել եմ իրեն: Առաջարկել էի Ստյոպա Սաֆարյանին կա՛մ հրապարակել փաստ, որ ես իրեն սպառնացել եմ, ավելին՝ ասել էի այդ դեպքում ներողություն կխնդրեմ, ինքնակամ կգամ Հայաստան, կհանձնվեմ իրավապահ մարմիններին, կա՛մ թող ներողություն խնդրի կեղծ ցուցմունք տալու համար: Բայց, բնական է, արեւմտամետների հետ, երբ արդեն խոսում ես փաստերով, իրենք չկան՝ զրո արձագանք: Այսպիսով՝ չներկայացրին որեւէ փաստ:
Ի դեպ, ՌԴ դատախազությունը հարցում էր արել, դա էլ մնաց անպատասխան: Ես ունեմ Ռուսաստանի դատախազի կողմից թուղթ, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է՝ քանի որ Հայաստանը չի ներկայացրել փաստ, մենք չենք կարող հերքել կամ հաստատել Ձեր հանցագործություն գործելու մասին։ Այսինքն` ես հանցագործություն գործե՞լ եմ, թե՝ ոչ, ընդհանրապես փաստ չկա։ Այս ամենից հետո՝ առ այսօր Ստյոպա Սաֆարյանին վիրավորում եմ ամեն առիթով, եւ ընդունում եմ դա։ Ավելին ասեմ` իմ էջում բազմաթիվ նման գրառումներ, արհեստական բանականությամբ պատրաստված տեսանյութեր կան: Քանի դեռ մարդը չի ներկայացրել փաստ կամ ներողություն չի խնդրել իր կեղծ ցուցմունքի համար, նա արժանանալու է այդ վիրավորանքներին իմ կողմից: Ընդ որում՝ արհեստական բանականությունը հենց Արեւմուտքի ստեղծած գործիքն է, ինչպես եւ Ֆեյսբուքը: Ես մեղավոր չեմ, որ ես իրենց ստեղծած գործիքով ավելի լավ եմ իրենց դեմ կռվում: Ահա սա էլ ընկած է երկրորդ քրեական գործի հիմքում: Իսկ դուք գիտե՞ք որեւէ իշխանամետի, որը քրեական հետապնդման է ենթարկվել նմանատիպ արարքի համար, ես չգիտեմ: Գնել Սարգսյանից շատ ոչ մեկը Ֆեյսբուքում հայհոյանք չի տվել, բայց մարդն այսօր ազատության մեջ է, ոչ մի քրեական հետապնդման չի ենթարկվում։ Ինչպե՞ս է լինում: Եթե դու նիկոլական ես, կարող ես բոլոր ընդդիմադիրներին հայհոյես, բայց եթե ընդդիմադիր ես, հայհոյում ես, արդեն քրեորեն պատժելի արա՞րք է։
— Բայց ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ իրավական ճանապարհով գնայիք, ոչ թե հրապարակային պարսավանքի, եւ զրպարտության համար հակընդդեմ հայց ներկայացնեիք:
— Իրավական ճանապարհով մենք հասանք փակուղի, երբ դիմեցինք գործը կարճելու կամ փաստեր ներկայացնելու համար: Քննիչը նպատակահարմար չի համարում գործն այս պահին կարճել։ Ասում է՝ թող Ղազարյան Արթուրը գա, կարող է այդ ժամանակ փաստեր ի հայտ գան: Ըստ իրեն, ես գալու եմ ինքս իմ դեմ ցուցմունք տա՞մ, ասեմ Ստյոպա Սաֆարյանին սպառնացե՞լ եմ, որ իրենք իրենց քաղաքական գործն արդարացնե՞ն: Մինչդեռ որեւէ հիմք չկա դրա համար, այս քրգործն ուղղակի ջուր է:
«ՍԱՖԱՐՅԱՆՆ ԻՐ ՑՈՒՑՄՈՒՆՔՈՒՄ ԳՐԵԼ Է, ՈՐ ԵՍ ԻՐԵՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՄ»
— Հստակեցնենք՝ իրեն պահպանակ նվիրելը Ստյոպա Սաֆարյանը համարել է իր դեմ ուղղված սպառնալի՞ք:
— Հիմա կբացեմ գործից մի քիչ մանրամասներ։ Ստյոպա Սաֆարյանն իր ցուցմունքում գրել է, որ ես իրեն սպառնացել եմ նույնիսկ անձնական նամակով, բայց ես նրա հետ որեւէ անձնական նամակագրություն չունեմ։ Ամեն ինչ եղել է հանրային դաշտում, ո՛չ նամակագրություն է եղել, ո՛չ զանգեր: Ես իր հեռախոսի համարը նույնիսկ չունեմ: Բայց այս գործով քննիչը պահանջում է, որ ես գամ Հայաստան եւ ցուցմունք տամ: Անգամ առաջարկել էինք, որ միջպետական պայմանագրի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն դիմի ՌԴ քննչական ծառայությանը՝ իրենց հուզող հարցերի պատասխանն ինձնից ստանալու համար: Ընդ որում՝ բոլորի համար այդ միջպետական պայմանագիրը գործում է, ովքեր ՌԴ տարածքում են եւ անցնում են ինչ-որ քրեական գործերով, բայց իմ դեպքում մերժվում է։
Ի դեպ, 2019 թ.-ին նույն օրը ես ե՛ւ Դանիել Իոաննիսյանին էի ուղարկել պահպանակ, ե՛ւ Ստյոպա Սաֆարյանին: Իոաննիսյանի մասով իմ դեմ քրեական գործ չբացեցին, բայց վերջինիս հայհոյելու համար դատարանն ինձ պարտավորեցրեց ներողություն խնդրել ու մեկուկես միլիոն վճարել, ինչը, բնական է, չեմ արել, չեմ էլ անելու։ Իսկ Ստյոպա Սաֆարյանի գործով քրեական հետապնդում սկսեցին: Բայց երբ իշխանամետ դերասան Գնել Սարգսյանն էր ինձ վիրավորել, եւ ես դատարանում նրանից պահանջեցի 3 միլիոն դրամ, ընդամենը բավարարեցին 200 հազարն ու ներողություն խնդրելը: Այսինքն՝ եթե դու ընդդիմադիր ես, քեզնից միլիոն են պահանջում, եթե իշխանամետ նիկոլական ես՝ 200 հազար: Հարցն այդ 200 հազարը չէ, ես Գնելից ոչ էլ փող եմ վերցնելու: Բայց ես գնացի ամենաբարձր հայցով` լավ իմանալով, որ մերժելու են, որպեսզի զուտ ապացույց լիներ եւ մարդիկ տեսնեին, թե ինչ է կատարվում Հայաստանի իրավապահ համակարգում: Գնել Սարգսյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, բայց մինչ այս պահը դեռ վերջնական որոշում չկա: Ես միաժամանակ էի դատի տվել ե՛ւ Ստյոպա Սաֆարյանին, ե՛ւ Գնել Սարգսյանին։ Գնել Սարգսյանի գործով ունեի ներկայացուցիչ դատարանում, Ստյոպա Սաֆարյանի գործով ես նույնիսկ ներկայացուցիչ չվերցրեցի: Ինձ պետք էր դատական պրոցեսը տեղի ունենար մաքսիմում արագ՝ առանց մեր ներկայությամբ։ Բայց մինչ այսօր չկա վճիռ, տարեկան երեւի մեկ կամ երկու նիստ են անում։ Հիմա հաջորդ նիստն արդեն տեղի պետք է ունենա 2026 թվին: Ստյոպա Սաֆարյանի գործով իմ հայցի հետ կապված վստահ եմ, որ կա միջամտություն դատական համակարգին՝ այդ գործը մաքսիմալ ձգել:
— Դուք, ըստ էության, Ստյոպա Սաֆարյանին վերցրել եք Ձեր խոշորացույցի տակ՝ դիտարկելով նրան որպես արեւմտամետների հավաքական կերպա՞ր, թե՞ այլ ավելի խորքային պատճառներ կան։
— Ստյոպա Սաֆարյանն արեւմտամետների թաքնված ուժն է: Ցանկացած արեւմտյան թեմա դուրս է գալիս առաջինն իրենից, հետո սորոսականների թեւը եւ մյուսները շարունակում են այդ գիծը: Ստյոպա Սաֆարյանի ֆինանսական աղբյուրները մինչ այսօր փակ են, օրինակ, մենք գիտենք, որ Դանիել Իոաննիսյանը սնվում է Սորոսի հիմնադրամից, գաղտնիք չէ, մարդն ինքն էլ է ներկայացնում, իսկ ումի՞ց է սնվում Ստյոպա Սաֆարյանը, որեւէ տեղ չեք գտնի այդ մասին ինֆորմացիա: Ես Ստյոպա Սաֆարյանին համարում եմ Սորոսի թաքնված գործակալ, որը համակարգում է իրենց մնացած գործակալների աշխատանքը։
— Դուք բազմիցս բարձրաձայնել եք այն մասին, որ Ձեր դեմ հարուցված քրգործով ընդդիմությունը տարօրինակ լռություն է պահպանում: Ինչո՞վ սա կբացատրեք:
— Այո՛, ընդդիմությունը լռում է իմ գործի հետ կապված, քանի որ մեր ընդդիմադիրների մեծ մասն ԱՄՆ դեսպանատան հաճախորդներ են, նրանք անում են այն, ինչ իրենց ասում է Արեւմուտքը։ Մենք Հայաստանում չունենք պրոռուսական ընդդիմություն, կան միայն պրոռուսական ընդդիմադիրներ, որոնք չունեն այդպիսի մեծ ռեսուրսներ: Հայաստանում արգելված է պրոռուսական մարդկանց ինչ-որ աջակցություն ցույց տալ, իրենց դեմ հարուցված գործերի մասին բարձրաձայնել: Պրոռուսական ինչ-որ գրառում, բացի «Իրավունք»-ի կայքից որեւէ այլ հայկական կայքում չեք հանդիպի, մնացած բոլորը կախում ունեն Արեւմուտքից։ Հայաստանի ընդդիմությունն անկախ չէ ու պատճառն այն է, որ մեր ընդդիմադիրների գերակշռող մասի ունեցվածքը գտնվում է Եվրամիության գոտում` Արեւմուտքում: Եթե նրանք չծառայեն Արեւմուտքին, 5 րոպե հետո կորցնելու են իրենց ունեցվածքը։ Թեեւ ես իր քաղաքական ուղուն չեմ աջակցում, բայց մի օրինակ բերեմ գործարար Սամվել Կարապետյանից. նրա կալանավորվելուց մոտ 2 շաբաթ առաջ պաշտոնապես վերցրին իր գույքը, տունը Ֆրանսիայում: Եթե Սամվել Կարապետյանը համաձայներ Արեւմուտքի առաջարկներին՝ եկեղեցու հետ կապված, հնարավոր է ոչինչ էլ չկորցներ եւ վայելեր իր ազատությունը: Սա է Արեւմուտքի գործելաոճը՝ եթե դու մեզ հետ չես, ուրեմն՝ մեր տարածքում չպիտի ինչ-որ ունեցվածք, տուն, բիզնես ունենաս:
Իսկապես, ընդդիմությունն այսօր Հայաստանում լուրջ խնդիրներ ունի: Եթե նկատել եք, ես անձամբ վերջերս շատ ավելի քիչ գրառումներ եմ անում Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, որովհետեւ տեսնում եմ, որ Նիկոլին փոխարինելու է ուրիշ Նիկոլ, այդ դեպքում՝ ո՞րն է իմաստը: Ես գիտեմ ընդդիմադիր գործիչ, որը ներկայանում է պրոռուսական, բայց երբեք Արեւմուտքի դեմ չի խոսում, մի օր անունը կհրապարակեմ: Նա ինձ մի անգամ ասաց՝ եթե խոսեմ, ինձ վիզա չեն տա: Այսինքն` մարդիկ ուզում են երկու լարի վրա խաղալ՝ ե՛ւ արեւմտամետ լինել, ե՛ւ ռուսամետ:
«ԵՐԲ ԳՆՈՒՄ ԵՍ ԵՄ, ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՍ ՔՈ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ»
— Ի դեպ, Դուք հայտարարել եք, որ Հայաստանը տեսնում եք Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության կազմում: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հենց նման հայտարարությունից հետո հայտնվեց կալանքի տակ: Իշխանությունը նրան մեղադրում է անկախության դեմ, այսպես ասած, ոտնձգություն կատարելու մեջ: Ի՞նչ կասեք այս մասին:
— Ես գիտեմ, որ Վարդան Ղուկասյանը հենց դրա համար է կալանքի տակ, բայց չեմ վախենում բարձրաձայնել այդ մասին: Ավելին՝ սոցցանցի իմ էջում բազմաթիվ գրառումներ կան դրա հետ կապված: Երբ մարդը կանգնում եւ ասում է` մենք գնում ենք Եվրամիություն, ինչպե՞ս է ստացվում, որ նրա հետ ոչ մի բան չի պատահում, ոչ մի քրեական գործ չկա, բայց երբ Միութենական պետության անուն ես տալիս, ինչ-որ քրեական գործեր է բացվում: Երբ դու գնում ես Եվրամիություն, ավելի շատ ես քո սուվերենությունն ու անկախությունը կորցնում, քան Միութենական պետության դեպքում: Ինչպե՞ս է լինում, որ եթե գնում ես Եվրամիություն, քո ամբողջ գործիքակազմը տալիս ես մի միջազգային կառույցի, դա լավ է համարվում, բայց երբ գնում ես Միութենական պետություն՝ քո անկախ կարգավիճակով, համարվում է անկախության կորուստ։ Սա Արեւմուտքի միֆն է, որը ներկայացվում է իշխանության կողմից, իսկ ժողովուրդը տեղյակ չէ, որովհետեւ մեր ընդդիմությունը ժողովրդի հետ աշխատանք չի տանում, չի բացատրում: Սա է մեր ամենամեծ խնդիրը։
— Փաստորեն, Հայաստանում ստեղծված իրավիճակի լավագույն ելքը տեսնում եք Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը միանալու մե՞ջ:
— Իրականում այլ տարբերակ չունենք՝ կա՛մ միանում ենք Միութենական պետությանը, կա՛մ Թուրքիային: Եկեք ճիշտը խոսենք՝ ու՞ր ենք գնում, դեպի Արեւմո՞ւտք, ՆԱՏՕ՞, որի անդամ է Թուրքիան՝ ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը: Ի՞նչ է, Վրաստանը վա՞տ քաղաքականություն է վարում այսօր: Վրաստանը հիմա, երեւի, ամենաանկախ պետություններից մեկն է իր կարգավիճակով: Մենք էլ կարող ենք լինել Վրաստանի նման անկախ պետություն, բայց չունենք այդ հզորությունը, տնտեսությունը, առավել եւս՝ այս իշխանության օրոք: Ի դեպ, իմ դեմ հարուցված քրեական գործերը բացված է որպես ՀՀ քաղաքացի, բայց ես 2016 թ.-ին հրաժարվել եմ Հայաստանի քաղաքացիությունից: Ես միայն ՌԴ քաղաքացի եմ, պաշտոն զբաղեցնելու որեւէ հավակնություն չունեմ, ավելին՝ քաղաքականությունն իմը չէ: Իմ նպատակն է ունենալ հզոր Հայաստան, իսկ հզոր Հայաստան, առանց Ռուսաստանի, չեմ պատկերացնում։ Եթե մի ուժ իր տեսլականը կբերի, կապացուցի, որ Հայաստանը ԱՄՆ-ի հետ ավելի հզոր կլինի, ես կկանգնեմ այդ ուժի կողքին: Բայց նույնիսկ Արցախի կորուստը ցույց տվեց, որ Հայաստանն Արեւմուտքին ընդհանրապես պետք չէ:
Վերադառնալով իմ դեմ հարուցված երկրորդ քրգործին, վերստին պնդում եմ՝ սա իշխանության պատվերն է։ Ստյոպա Սաֆարյանն ուղղակի այս պրոցեսում գործիք է, որը որպես բողոքող կողմ է հանդես գալիս, բայց իրականում այս ամենը կապված է իմ ռուսամետ հայացքների, Միութենական պետության կողմնակից լինելու հետ: 2019 թ.-ից սկսած՝ ինչ Ստյոպա Սաֆարյանն իմ դեմ գործ է հարուցել, այդպիսի ամիս, շաբաթ չի եղել, որ նրան հայհոյած չլինեմ, ոչ մի գրառում ջնջված չէ: Կարող էին կապ հաստատել իմ հետ, իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ: Ինչեւէ, վստահ եմ, որ Ռուսաստանի դատախազությունն ինչպես 2019 թվականի գործը, նույնն էլ սա չեղարկելու է ՌԴ տարածքում։ Դա մնալու է էլի իրենց արխիվներում այնքան ժամանակ՝ մինչեւ հասկանան, որ Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ է, ոչ թե` Արեւմուտքի։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=329336&l=am/

