Ուղիղ եթերի քաղաքականության փոփոխություն է տեղի ունեցել. Facebook-ի նոր սահմանափակումների մասին
Facebook-ը հայտարարում է ուղիղ եթերի պահպանման քաղաքականության փոփոխությունների մասին։
Այս մասին տեղեկացնում է հայտնի տեղեկատվական անվտանգության փորձագետ ԱՐՍԵՆ ԼԵՎՈՆՅԱՆԸ.
Facebook սոցիալական հարթակը 2025 թվականից սկսած էական փոփոխություններ է կիրառում բիզնես էջերում և անձնական էջերում կատարվող ուղիղ եթերի պահպանման կարգի վերաբերյալ։ Հարթակի նոր քաղաքականության համաձայն՝ բոլոր Live տեսագրությունները, անկախ դրանց տևողությունից կամ դիտումների քանակից, այժմ կպահպանվեն միայն 30 օր։ Տեղադրման 30 օրը լրանալուց հետո տեսագրությունները ավտոմատ կերպով կհեռացվեն համակարգից։
Այս փոփոխությունը վերաբերում է ինչպես նոր եթերներին, այնպես էլ հին արխիվներին․ Facebook-ը սկսել է աստիճանաբար ջնջել այն բոլոր ուղիղ եթերը, որոնք պահվել են ավելի քան մեկ ամիս։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությունն այս քայլով փորձում է նվազեցնել սերվերային ծանրաբեռնվածությունը և կենտրոնանալ ավելի կարճատև ու արագ սպառվող բովանդակության զարգացման վրա։
Թեպետ ուղիղ եթեր մեկնարկելու ֆունկցիան մնում է հասանելի բոլոր էջերի համար, սակայն օգտատերերը այլևս չեն կարող անժամկետ պահպանել իրենց եթերները Facebook-ի հարթակում։ Ընկերությունը միևնույն ժամանակ առաջարկում է օգտատերերին նախօրոք ներբեռնել իրենց եթերների տեսագրությունները կամ վերափոխել դրանք այլ ձևաչափի, օրինակ՝ Reels տեսահոլովակի։
Այս փոփոխությունը կարող է զգալի ազդեցություն ունենալ մեդիա կազմակերպությունների, լրատվական էջերի, բլոգերների և բիզնեսների վրա, որոնք Facebook-ում պարբերաբար օգտագործում էին ուղիղ եթերը որպես մշտապես հասանելի բովանդակություն։ Հիմա նրանք ստիպված են լինելու կազմակերպել արխիվացման այլընտրանքային ձևեր կամ պահպանել նյութերը արտաքին հարթակներում։
Facebook-ի ներկայացուցիչները նշում են, որ այս նոր քաղաքականությունն ուժի մեջ է մտնում ամբողջ աշխարհում և վերաբերում է բոլոր էջերին՝ առանց տարածաշրջանային բացառությունների։
https://iravunk.com/sim/?p=328878&l=am/

