Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, հիշեցնում է Գորբաչովի ժամանակները. Վադիմ Կոզյուլին
ՎերլուծությունՏնտեսական զարգացման ի՞նչ հեռանկարներ են բացվում Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Կարո՞ղ է երկիրը միաժամանակ շարժվել դեպի եվրոպական ինտեգրման կողմը՝ ԵԱՏՄ-ից դուրս չգալով։ Ինչպե՞ս են կապված փոքր պետության տնտեսությունը, անվտանգությունը և մշակութային ծածկագիրը (կոդ) գլոբալ տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխակերպումների դարաշրջանում։
Այս և այլ արդի հարցերի մասին Ռուսաստանի ԱԳՆ ակադեմիայի միջազգային արդիական խնդիրների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու, «Եվրասիական ինտեգրումը և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը» միջազգային կլոր սեղանի մասնակից Վադիմ Կոզյուլինի հետ մեծ հարցազրույցում։
– Վադի՛մ Բորիսովիչ, Դուք մասնակցել եք «Եվրասիական ինտեգրումը և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը» միջազգային կլոր սեղանին և ելույթ եք ունեցել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարները և անվտանգության հարցերը» փորձագիտական հարթակում: Սրա հետ կապված՝ հարց է առաջանում. տնտեսական զարգացման ի՞նչ հեռանկարներ են բացվում Հայաստանի համար եվրասիական ինտեգրման շրջանակներում, և արդյո՞ք դրան այլընտրանք կա:
– Ցավոք, իսկապես ստիպված ենք լինում բացատրել այնպիսի բաներ, որոնք մասնագետներին ակնհայտ են թվում, սակայն կենցաղային մակարդակում, չգիտես ինչու, քչերի համար է պարզ: Մինչդեռ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի մասնակցության առավելությունները դրսևորվում են և՛ տնտեսական ու քաղաքական բարձր մակարդակներում, և՛ հասարակ՝ ժողովրդական մակարդակում, այսինքն՝ անդրադառնում են երկրի յուրաքանչյուր քաղաքացու վրա:
Ի՞նչ բան է Եվրասիական միությունը։ Դա ապրանքների, ծառայությունների, կապիտալի և մարդկանց ազատ տեղաշարժն է։ Մասնակից երկրների քաղաքացիները կարող են ազատ տեղաշարժվել, աշխատանքի տեղավորվել, օգտվել ընդունող երկրի սոցիալական ու բժշկական ծառայություններից։ Սա Հայաստանի համար հսկայական օգնություն է. երկրի առաջ մուտք է բացվում դեպի 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա։ Հայկական ապրանքներն ու ծառայությունները կարող են ազատորեն տեղաշարժվել, կապիտալները՝ երկիր մտնել։ Եվ այս ներդրումները իսկապես նշանակալի են Հայաստանի չափսերի համար։
Իհարկե, իրականում ամեն բան չէ որ կատարյալ է։ Միությունը զարգանում է, և դրա շրջանակներում գործում է Եվրասիական հանձնաժողովը, որտեղ յուրաքանչյուր երկիր ունի հավասար ձայն։ Դա ապահովում է իրավահավասարություն, սակայն բարդացնում է գործընթացը, քանի որ ցանկացած որոշում պահանջում է համաձայնեցվածություն։ Այստեղից էլ այն դժվարությունները, որոնք մարդիկ երբեմն նկատում են. որոշ հարցերի շուրջ դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել։
Կա չլուծված խնդիրների ցանկ, որոնց վրա հանձնաժողովն աշխատում է։ Ամեն տարի նա հաշվետվություն է ներկայացնում առաջընթացի մասին։ Սակայն կարևոր խնդիրը տեղեկացվածության պակասն է։ Մարդիկ պարզապես չգիտեն, թե ինչով է զբաղված ԵԱՏՄ-ն, ինչ առավելություններ են արդեն ստացել, ինչ խնդիրներ են նախատեսվում լուծել։ Եվրասիական հանձնաժողովը իրեն չափազանց համեստ է պահում, հատկապես հիմա։ Մինչդեռ կարևոր է, որ հայ քաղաքացիները հասկանան, թե ինչ կազմակերպություն է ընտրել իրենց երկիրը, ինչ օգուտներ է ստանում և ինչի է ձգտում։ Սրան էին հենց նվիրված մեր երկօրյա քննարկումները։
– Հայաստանի ղեկավարությունը Եվրամիության մեջ մտնելու ուղղություն է վերցրել՝ դրա հետ մեկտեղ հայտարարելով, որ չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական միությունից: Հնարավո՞ր է արդյոք համատեղել մասնակցությունը երկու կազմակերպություններում:
– Իմ կարծիքով՝ համատեղության մոդելը հնարավոր է։ Դա արտացոլում է գլոբալ միտումը։ Ամբողջ աշխարհում երկրները ձգտում են այսպես կոչված սեփական «գործակալությանը»՝ մեկ տերությունից կամ մեկ միավորումից կախված չլինելու ցանկությանը, ձգտում են հավասարակշռություն ստեղծել խոշոր խաղացողների միջև՝ միաժամանակ սեփական շահերը գլխավոր տեղում դնելով։ Սա բացարձակապես նորմալ է։
Հայաստանը պետք է իրեն պահի հենց այսպես՝ չծառայել ուրիշների շահերին, այլ պաշտպանել սեփական ժողովրդի շահերը։ Սա ցանկացած իշխանության պարտականությունն է։
Բայց այն, ինչ այսօր տեսնում եմ Հայաստանում, ինձ շատ է հիշեցնում Միխայիլ Գորբաչովի ժամանակաշրջանը Խորհրդային Միությունում, երբ նա վարում էր «գլոբալ շահերը ազգային շահերից վեր դասելու» քաղաքականություն։ Այն ժամանակ դա կոչվում էր «նոր մտածողություն»։ Այսօր Ռուսաստանում չեք գտնի Գորբաչովի պատվին որևէ հուշարձան. այդպիսին են այդ քաղաքականության հետևանքները։ Նա մոռացավ իր ժողովրդի, իր բազմազգ պետության շահերի մասին։ Նա մոռացավ իր դաշնակիցների շահերի մասին՝ փաստացի դավաճանելով նրանց Արևելյան Եվրոպայում։ Նրան թվում էր, թե աշխարհին բարիք է բերում։ Հնարավոր է՝ ինչ-որ մեկի համար և բերել է։ Բայց ո՛չ իր քաղաքացիների և ո՛չ իր դաշնակիցների համար։
Ես համոզված եմ, որ Գերմանիայում նրա հուշարձանը կանգնեցրել են կամ կկանգնեցնեն. չէ՞ որ նա երկրին հնարավորություն տվեց վերամիավորվելու։ Բայց դրա հետ մեկտեղ նա դավաճանեց Արևելյան Գերմանիայում իր բարեկամների շահերին, լքեց այնտեղ ծառայող զինվորներին։ Իրենց բանակի հետ այդպես կարող են վարվել միայն թշնամիները։ Դրա հետևանքով նա ավերեց երկիրը և ազգայնամոլներին հնարավորություն տվեց գժտեցնելու հանրապետություններին։
Ահա թե ինչի է հանգեցնում նման քաղաքականությունը։
Դժբախտաբար, նման արտաքին շահագրգռվածություն ունեցողներ քիչ չեն եղել անցյալում, և այսօր էլ նրանք քիչ չեն։ Մենք գիտենք՝ ինչի է հանգեցնում դա։ Այդ պատճառով Հայաստանում այսօր տեղի ունեցողին հետևելը տագնապալի է։ Սխալները չափազանց ուշ են ակնհայտ դառնում, և դրանք ուղղելը հաճախ անհնար է լինում։ Մարդիկ տառապում են, հիշողությունը մնում է, իսկ նրանք, ովքեր նման սխալներ են կատարում, պատմության մեջ մնում են որպես թույլ առաջնորդներ՝ անհամապատասխան իրենց պաշտոնների մակարդակին։ Սակայն գիտակցումը չափազանց ուշ է գալիս։
– Ձեր բաժնում քննարկվել է նաև անվտանգության հարցը։ Ինչպե՞ս է եվրասիական ինտեգրումը կապված Հայաստանի անվտանգության հետ։
– Եվրասիական տնտեսական միությունը առաջին հերթին տնտեսական կառույց է։ Նրա օրակարգում անվտանգության հարցը ուղղակիորեն դրված չէ։ Ռազմական անվտանգության համար պատասխանատու է ՀԱՊԿ-ը. դա առանձին խոսակցություն է։ Սակայն ԵԱՏՄ-ի ներսում էլ կան գործոններ, որոնք անուղղակիորեն ազդում են անվտանգության վրա. դա մշակույթն է, կրթությունը, տեղեկատվական ոլորտը։
Շատերին կարող է տարօրինակ թվալ, բայց հենց այս ոլորտներն են այսօր դարձել թաքնված դիմակայության դաշտ՝ տեղեկատվական, հոգեբանական, ճանաչողական։ Սա պայքար է մշակութային ծածկագրի, պատմական հիշողության, արժեքների համար։ Եվ թվայնացման, արհեստական բանականության ու գլոբալ ցանցերի շնորհիվ ազդեցության հնարավորությունները հսկայական են։
Ես դասավանդում եմ Դիվանագիտական ակադեմիայում և տեսնում եմ, թե ինչպես է այն աշխատում: Արևմտյան խոշոր ցանցերը, ալգորիթմներն ու խոսույթները (նարատիվ) ներկա են տեղեկատվական տարածքում, այդ թվում՝ Ռուսաստանում: “ChatGPT’’-ի, ֆրանսիական “Mistral”-ի և Իլոն Մասկի “Grok”-ի նման լեզվական մոդելները, թեկուզև ոչ միտումնավոր, առաջ են մղում ամերիկյան կամ արևմտյան արժեքները: Երիտասարդները, օգտագործելով այդ գործիքները, հանձնարարականներ են ստանում արևմտյան ձևանմուշների համաձայն:
Ի հայտ է գալիս «բազմամշակութայնություն» հասկացությունը, որը երիտասարդ մարդիկ յուրացնում են լեզվական մոդելների, կինոյի, մուլտֆիլմերի և մեմերի միջոցով: Սա, մի կողմից, լավ է. տեղեկատվության հասանելիությունը ավելի պարզ է դարձել: Բարդ հարցի պատասխանը ստանալու համար այժմ կարիք չկա գրադարան գնալու։
Սակայն կան նաև ռիսկեր: Եվ հատկապես լուրջ ռիսկեր՝ Հայաստանի նման փոքր պետությունների համար: Ինչո՞ւ:
Որովհետև փոքր ազգերի մշակույթները կազմում են տվյալների ընդհանուր զանգվածի մի փոքր բաժինը։ Մեծ տվյալների մեջ գերակշռում են անգլալեզու, չինական, ռուսալեզու աղբյուրները։ Գրականությունը, կինոն, պարը, գեղանկարչությունը անցնում են թվային ձևաչափի, սակայն փոքր լեզուների տվյալները մի կաթիլ են օվկիանոսում։ Երբ երեխան մտնում է թվային տարածք, նա փաստացի խորասուզվում է մեծ ազգերի մշակույթի մեջ։ Նրա սեփական մշակութային ծածկագիրը կարող է պարզապես կորչել։
Մասնագետներն ասում են, որ աշխարհի լեզուների 95 %-ը գտնվում է անհետացման սպառնալիքի տակ. հարյուր տարի անց դրանք այլևս չեն գործածվի, ամենից առաջ՝ ցանցում։ Կգործածվի համաշխարհային լեզուների միայն մի փոքր քանակ։ Իսկ փոքր լեզուների տվյալները քիչ են, ուստի դրանք կանհետանան։
Սա լուրջ սպառնալիք է, և այն անհրաժեշտ է լուծել՝ մշակույթի պահպանման մեջ ներդրումներ կատարելով։
– Հայաստանի ղեկավարությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է ՀԱՊԿ-ը մնում գործունակ կառույց:
– ՀԱՊԿ-ը, անշուշտ, գործունակ է մնում, քանի որ նրա թիկունքում մի քանի պետությունների ռազմական ուժ է կանգնած։ Բոլորն էլ պարտավորություններ ունեն։ Հայաստանի ղեկավարության դժգոհությունը կապված է այն բանի հետ, որ ՀԱՊԿ-ը վերջին հակամարտությանը չմիջամտեց։ Սակայն, որքանով ես եմ հասկանում, խնդիրը ռազմական ուժը չէ, այլ դիվանագիտական ձևակերպումները, որոնց շրջանակում կազմակերպությունը կարող էր կամ չէր կարող ներգրավվել։
Հայաստանը թերահավատության համար հիմքեր ունի։ Սակայն կարևոր է հիշել, որ Ռուսաստանը մեր դարավոր հարաբերությունների ընթացքում շատ բան է արել Հայաստանի համար, և հենց դրա վրա պետք է կառուցել մեր ապագան։ Ռուսաստանը միշտ եղել և մնում է բարեկամ երկիր։ Ռուսաստանում շատ ջերմ վերաբերմունք կա հայերի նկատմամբ։ Հայկական հսկայական սփյուռքը ակտիվորեն մասնակցում է երկրի կյանքին՝ կրթության, ֆինանսների, գործարարության, բժշկության ոլորտներում։ Դրանով հանդերձ հայերը մնում են իրենց հայրենիքի և միաժամանակ Ռուսաստանի հայրենասերները. սա կատարյալ ներդաշնակ զուգակցություն է։
Ե՛վ Ռուսաստանը, և՛ Հայաստանը մեկը մյուսի առջև ունեն որոշակի պատմական պարտք։ Եվ այդ հարաբերությունները փչացնելը զգացմունքների և արտաքին ուժերի ազդեցության տակ շատ մեծ սխալ է։
– 2020 թվականին արցախյան պատերազմից և եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Արևմուտքը սկսեց ակտիվորեն միջամտել Հարավային Կովկասի գործընթացներին: Ներկայումս քննարկվում է այսպես կոչված «Թրամփի երթուղու» բացման հնարավորությունը Հայաստանի հարավի միջով, ինչին Ադրբեջանն անվանում է «Զանգեզուրի միջանցք»: Ինչպե՞ս են այս գործընթացները դիտվում Ռուսաստանի կողմից:
– Դուք մի քանի անվանում թվարկեցիք, և դրանցից ոչ մեկը հայկական չէ. «Թրամփի երթուղի», «Զանգեզուրի միջանցք», Թուրքիա, Ադրբեջան: Եթե սա համապատասխանում է հայ ժողովրդի շահերին, լավ է: Բայց մենք կասկածներ ունենք:
Ես կարդացի, որ Թրամփի որդին եկել է Երևան և քննարկել այս միջանցքի հարցը։ Մասնագետները դրա շահույթը գնահատում են տարեկան 400 միլիարդ դոլար։ Բայց ո՞ւմ բաժին կհասնի այդ շահույթը։ Հայաստանի՞ն։ Ես կասկածում եմ։ Հայաստանը, իհարկե, ինչ-որ բան կստանա, բայց երկրի աշխարհաքաղաքական շահերը այստեղ, իմ կարծիքով, հարցականի տակ են։
Այս իրավիճակը կրկին հիշեցնում է Գորբաչովին, որը կոչ էր անում զիջել ազգային շահերը հանուն գլոբալ կարգախոսների։
Հայ ժողովուրդը հպարտ է, ունի պատմական հիշողություն և ունի խիստ պահանջներ իր շահերի պաշտպանության համար՝ հենց այն պատճառով, որ դրանք բազմիցս խախտվել են, հենց այն ժամանակ, երբ ղեկավարությունը զիջումների է գնացել։
Մի անգամ Իսրայելի առաջնորդներից մեկը Ելցինին առաջարկեց տարածքային զիջումների գնալ հանուն քաղաքական շահերի։ Նա պատասխանեց. «Այդ մոտեցմամբ այժմ ես հասկանում եմ, թե ինչու է ձեր երկիրն այդքան փոքր»։ Սա շատ դիպուկ է ասված։
Հետևաբար գեղեցիկ կարգախոսների քողի տակ սեփական երկիրը փոքրացնելը վտանգավոր է։ Եթե հայերը տնտեսական օգուտներ տեսնեն, թող իրենք որոշեն։ Սակայն պատասխանատվությունը վիթխարի է։
– Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վերջերս սրվեցին։ Համաժողովում հնչել է Ադրբեջանը «ուկրաինացնելու» միտքը։ Համաձա՞յն եք դրա հետ։
– Իսկապես, Ադրբեջանի դիրքորոշման մեջ տեսնում ենք կտրուկ փոփոխություններ: «Ուկրաինացում» տերմինը մտահոգիչ է, քանի որ մենք գիտենք, թե ինչի է հանգեցրել նման քաղաքականությունը Ուկրաինայում: Ակնհայտ է, որ արտաքին ուժերը Ադրբեջանին այնպիսի տոն են տվել, որը գնալով ավելի քիչ է համընկնում Ռուսաստանի շահերի հետ:
Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ավանդաբար բարիդրացիական են։ Ռուսաստանը երկար ժամանակ պատրաստ է եղել փոխզիջումների գնալ, նույնիսկ զիջումների։ Հիշենք խփված ինքնաթիռի հետ կապված միջադեպը։ Սովորական մարդու տեսանկյունից պետք է անմիջապես ընդունեին մեղքը, ներողություն խնդրեին և փոխհատուցեին վնասը։ Սակայն օդագնացության մեջ գործում են հետաքննության միջազգային ընթացակարգեր, որոնք ամիսներ են տևում։ Ռուսաստանը հետևել է ճիշտ ձևական ընթացակարգին, բայց ռազմավարական առումով դա անհաջող թվաց և ընկալվեց որպես թուլություն, ինչից ադրբեջանական կողմը անմիջապես օգտվեց։ Դա նույնպես գեղեցիկ քայլ չէր։
Այսօր հարաբերությունները կատարյալ չեն, բայց ստատուս քվոն ընդհանուր առմամբ վերականգնվել է։ Վեկտորը կարող է փոխվել կա՛մ դեպի բարեկամության վերականգնման կողմը, կա՛մ ճնշման կողմը, դեպի որին հրում են արտաքին ուժերը։ «Ուկրաինացում» տերմինն էլ եկել է դրսից։ Դա հենց այն ռազմավարությունն է, որը փորձում են պարտադրել Ադրբեջանին և մյուս երկրներին։ Բայց սա չի համապատասխանում Ադրբեջանի շահերին. նա մեծ շահեր ունի Ռուսաստանում, իսկ Ռուսաստանը, դադար վերցնելով, այնուամենայնիվ, արձագանքելու ռեսուրսներ ունի։ Հուսով եմ՝ Ադրբեջանը սա հասկանում է։
– Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի արձագանքի դադարը կապված է հատուկ ռազմական գործողության հետ։ Դրա ավարտից հետո արդյո՞ք իրավիճակը կփոխվի Հարավային Կովկասում։
– Իհարկե, այսօր Ռուսաստանն իր ռեսուրսների զգալի մասը ծախսում է հատուկ գործողության և երկրի ներսում հանգստությունը ապահովելու վրա։ Եթե գաք Մոսկվա, կզգաք, որ կյանքը խաղաղ է, կայուն, գրեթե չփոխված։ Սակայն ղեկավարությունը, անշուշտ, կենտրոնացած է երկու խնդրի վրա՝ հատուկ գործողության և ներքին կայունության ապահովման վրա։
Երբ հատուկ ռազմական գործողությունն ավարտվի, կգա երկարատև խաղաղության, տնտեսական զարգացման, պարագծի երկայնքով հակամարտությունների կարգավորման և կատարած սխալների ուղղման ժամանակը։ Ռուսաստանը դրա համար հզոր ռեսուրսներ ունի։ Եվ Հայաստանն էլ նույնպես կզգա այդ փոփոխությունները։
– Կլոր սեղանի արդյունքների քննարկման ժամանակ հնչեց այն միտքը, թե որոշ գործընթացներ «Մոսկվայից տեսանելի չէին»։ Ինչի՞ մասին էր խոսքը։
– Ղրղզստանի, Ղազախստանի, Բելառուսի գործընկերների ելույթներից մենք տեսնում ենք, որ այս երկրների բնակչությունն արդեն զգում է ԵԱՏՄ-ին մասնակցության դրական հետևանքները։ Իսկ Հայաստանում հասարակությունը բաժանված է մոտավորապես երկու մասի. ոմանք համարում են, որ ավելի լավացել է, մյուսները՝ որ վատացել է։
Նմանատիպ իրավիճակ էր Ղրղզստանում հինգ տարի առաջ։ Սակայն հիմա այնտեղ ակնհայտ են տնտեսական աճը և արդյունաբերության զարգացումը, այն, ինչը չկար մինչև ԵԱՏՄ-ն։ Հայաստանում վիճակագրորեն նույնպես դրական փոփոխություններ են գրանցվել ազգային տնտեսության մակարդակում։ Սակայն բնակչությունը առայժմ չի զգացել դրանք կենցաղում։ Սա ստեղծում է խառը պատկեր։ Կարծում եմ՝ մի քանի տարի անց արդյունավետությունը շոշափելի կլինի նաև քաղաքացիների համար։
Երկրորդ խնդիրը Եվրասիական հանձնաժողովի աշխատանքն է։ Հանձնաժողովը կատարում է հսկայական ծավալի վարչական աշխատանք, բայց փաստացի չի բացատրում մարդկանց, թե ինչով է ինքը զբաղված, և որոնք են իր աշխատանքի օգուտները։ Նրանց կայքը գործում է, բայց այնտեղի տեղեկատվությունը ձանձրալի է, մասնագիտական, մարդկանց համար անհասկանալի։
Իսկ բացատրել պետք է։ Եվ մասնագետները դրա համար են։ Կարևոր է միայն ուշադրություն դարձնել դրա վրա և աշխատանքը հասկանալի դարձնել հասարակ քաղաքացու համար։
Հարցազրույցը վարեց Զարուհի ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ
https://iravunk.com/sim/?p=328754&l=am/

