«ԵԹԵ ՀԱՋՈՐԴ ՄԵՆԱՄԱՐՏՈՒՄ ԷԼ ՀԱՂԹԵՄ, ԿՊԱՅՔԱՐԵՄ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՀԱՄԱՐ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿ, ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՍպորտՎերջերս Երևանում կայացել է երկար սպասված «MIX FIGHT 58» հեղինակավոր միջազգային մրցաշարը։ Տպավորիչ հաղթանակ է տոնել խառը մենամարտերի /MMA /պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ, «Արմֆայթինգ Էջմիածին» ֆեդերացիան ներկայացնող ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։
Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել նրա հետ։
- Շնորհավորում ենք, Գեղամ, հաղթանակի առթիվ։
-Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 70 կգ քաշային կարգում։ Մրցակիցս Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչն էր, բավականին ուժեղ, պինդ հակառակորդ։ Նախկինում նա ըմբշամարտով է պարապել։ Մենամարտը տևեց երեք ռաունդ, ես միավորներով հաղթեցի նրան։ Նշեմ, որ ես արդեն պրոֆեսիոնալ ռինգում ունեմ 9 հաղթանակ և 2 պարտություն։Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ լավ ընկեր, պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ Սարգիս Վարդանյանին, այս մենամարտի համար ինձ լավագույնս պատրաստելու համար, շնորհակալ եմ նաև անձնական մարզչիս Անդրանիկ Կարապետյանին։
- Իսկ ի՞նչ տարբերություն կա հայրենիքում մենամարտելու և հայրենիքից դուրս մենամարտելու միջև։
- Հայրենիքում շատ մեծ պատասխանատվությամբ ես մոտենում, քանի որ դահլիճում են գտնվում հարազատներդ, ընկերներդ, սաներդ, չես կարող նրանց հուսախաբ անել, ուստի ամեն գնով պիտի պայքարես հաղթանակին հասնելու համար։ Հայրենիքում շատ մեծ է նաև երկրպագուների աջակցությունը։ Հաղթանակս նվիրում եմ շատ սիրելի մայրիկիս պայծառ հիշատակին։
- Իսկ ի՞նչ տվեց քեզ այս հաղթանակը։
- Սրանով դասակարգման աղյուսակում ես ավելի բարձր հորիզոնականում եմ արդեն գտնվում, եթե հաջորդ մենամարտում էլ կարողանամ հաղթել, ապա հետո կպայքարեմ Աշխարհի չեմպիոնական գոտու տիտղոսի համար։
- Կա՞ որևէ անվանի մարզիկ, որ հավանում ես նրա մարտաոճը։
- Այո, UFC մարտիկ, թեթև քաշային կարգում հանդես եկող Արման Ծառուկյանն է, նա երեկ նոյեմբերի 22-ին, Դոհայի երեկոյի գլխավոր մենամարտում փայլուն հաղթանակ տոնեց Նոր Զելանդացի մրցակցի Դեն Հուքերի նկատմամբ։ Արմանը նաև իմ լավ ընկերն է, նրա հետ պարապմունքներ եմ անցկացրել ՌԴ - ում։
- Խառը մենամարտերը մեր երկրում կարող ենք համարել որպես զարգացած մարզաձև։ - Իհարկե, տարեցտարի այս մարզաձևով հետաքրքրվողների թիվը մեծանում է, ինչը շատ ուրախալի է։ Հենց այսպիսի մրցաշարերը, որոնք մեր երկրում են անցկացվում, շատ մեծ խթան են հանդիսանում, որպեսզի նկատեն մարզիկները, և սեր առաջանա նրանց մոտ, ինչը նկատվում է։
- Գեղամ, կարող ես պատմել քո ունեցած որևէ հիշարժան մենամարտի մասին։ - Տարիներ առաջ մասնակցում էի ARMFC -ի միջազգային մրցաշարին, հաղթեցի ինձանից 10 տարով մեծ իրանցի մրցակցիս, ես 17 տարեկան էի, իսկ նա 27։ Այս հաղթանակը ես երբեք չեմ մոռանա։
Իսկ ահա MIX FIGHT կազմակերպության ղեկավար ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց.
«Մրցաշարը լիովին արդարացրեց մարզասերների սպասելիքները, ինչի վառ վկայությունն էին նրանց ոգևորությունն ու մարզահամալիրի լեփ - լեցուն տրիբունաները։ Բացի խառը մենամարտերից, հանդես եկան նաև Մուայթայ, քիքբոքսինգ մարզաձևերից։ Առաջին անգամ հանդես եկան նաև գրեփլինգի մարզիկները։ Մեր երկիր էին ժամանել Վրաստանից, Լեհաստանից, Իրանից ու Իսպանիայից ուժեղագույն մարզիկներ։ Այս տարի բացառիկ էր նաև MIX FIGHT 58- ին հաջորդած MIX FIGHT սիրողական մրցաշարը, որին մասնակցեց աննախադեպ թվով 400-ից ավելի մարզիկ։ MIX FIGHT 58-ում մենք 6 հաղթանակ ունեցանք»։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

