«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի ձեռքում շատ կարևոր խաղաքարտ է. Թուրքագետ
ՀանդիպումՀայաստանի և Թուրքիայի իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ բանագնացները, վստահեցնում են, թե երկուստեք հարաբերությունների կարգավորման գործընթացում մշտապես գրանցվում են առաջընթացներ։
Սակայն թուրքական կողմը՝ Էրդողանի մակարդակով, մշտապես նախապայմաններ է առաջ քաշում. առաջին նախապայմանն այս պահին ՀՀ Սահմանադրությունը փոխելն է։ Ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական կողմը պնդում են, թե իբր «ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում այդ երկրների նկատմամբ»։
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ եթե հիմնական խնդիրը լուծված չէ, այսինքն՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն և սահմանը Թուրքիան չի բացել, սա նշանակում է՝ բանակցային գործընթացը դեռևս չի հասել իր նպատակին։ «Ամեն ինչ արել են, ձեռնամուխ են եղել բանակցային գործընթացի, որպեսզի երկու երկրների միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, բայց սա չի արվել։
Ինչ վերաբերում է Սյունիքով «Թրամփի ուղու» բացմանը, ապա այս ճանապարհի հետ կապված և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանն ունեն նույն նպատակները, որպեսզի հնարավորինս կապ հաստատվի երկու երկրների միջև։ Այս պայմաններում չեմ համարում, որ հայերից որևէ մեկն Ադրբեջանով կգնա ՌԴ այս ուղին բացելուց հետո։ Խորհրդային տարիներին ես մի անգամ անցել եմ այդ ճանապարհը՝ երկաթգծով Երևանից-Բաքու, և շատ լավ հիշում եմ, մեզ խորհուրդ տրվեց հեռու կանգնել պատուհաններից, երբ գնացքն անցնում էր Նախիջևանի տարածքով։
Գնացքն անցնելու ժամանակ այնտեղ հավաքվում էին երեխաները և քարերով հարվածում։ Այսինքն՝ նույնիսկ խորհրդային շրջանում այս խնդիրը կար, այս պայմաններում հնարավոր չէ, որ հայերն օգտվեն դրանից, գուցե ապագայում հնարավոր լինի։
-Ի՞նչ դիրքորոշում կունենա Իրանը, եթե հանկարծ ամերիկյան ընկերություն կանգնի հայ-ադրբեջանական սահմանին և իրականացնի վերահսկողություն։
-Իրանն այստեղ մեծ դերակատարում ունի, և համոզված է, որ իրանական կողմն այդ խնդրին շատ լուրջ է մոտենում։ Որքան մենք լսել ենք Իրանի պաշտոնական ներկայացուցիչներին՝ և՛ Թեհրանում և՛ ՀՀ-ում Իրանի դեսպանի մակարդակով, միաձայն ասել են, որ թույլ չեն տալու, որպեսզի նման ծրագիր իրականացվի, որը հաշվի չի առնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, նաև Իրանի շահերը։ Այստեղ, իհարկե, Ռուսաստանի գործոնն էլ կա։ Ըստ իս, եթե դա չլինի ամերիկյան ընկերություն և դա լինի ՀՀ վերահսկողությամբ՝ Ռուսաստանը դեմ չի լինի, քանի որ Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունի երկաթգծի կառուցումը, որը Ռուսաստանն Ադրբեջանի վրայով պետք է կապի Իրանի հետ և Ռուսաստանն այդպիսով հնարավորություն կստանա դուրս գալ Պարսից ծոց։ Սա նրան հնարավորություն կտա արագ կապվելու Չինաստանի հետ՝ ծովային ճանապարհով։ Սա Ռուսաստանի համար ռազմավարական կարևոր պրոյեկտ է։ Սա ավելի իրատեսական է, որ իրականություն կդառնա, քան, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Այդ ժամանակ էլ Ռուսաստանը շահագրգռված կլինի, որ երկաթգծի մեկ հատված գա Հայաստանի վրայով և կապվի Թուրքիայի հետ։
«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի ձեռքում շատ կարևոր խաղաքարտ է, որովհետև սա այսօր տարբեր երկրների միջև գեոէկոնոմիկ շահեր են, իսկ դրա բանալին Հայաստանի ձեռքում է՝ «Մեղրի դարպասը»։ Հայաստանը պետք է այդ բանալին պինդ իր ձեռքում պահի և թույլ չտա, որպեսզի այդ բանալին որևէ մեկն իր ձեռքից վերցնի։
https://iravunk.com/sim/?p=328482&l=am/

