Հայաստանի յոթ ոչ սովորական բարեկամները 7
ՀասարակությունԿոնստանտին Ֆյոդորովիչ Զատուլին (ծնվել է 1958 թ. սեպտեմբերի 7-ին Բաթումում)
Ծնվել է սահմանապահ զորքերի գնդապետ և պատվավոր չեկիստ Ֆյոդոր Իվանովիչ Զատուլինի ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է Սոչիում, որտեղ ավարտել է № 1 միջնակարգ դպրոցը և սկսել իր աշխատանքային գործունեությունը։ 1977 թվականին տեղափոխվել է Մոսկվա՝ սովորելու Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, որը գերազանցությամբ ավարտել է 1981 թվականին, իսկ 1985 թվականին համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրան։
Ռուս քաղաքական գործիչ է, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի առաջին, չորրորդ, հինգերորդ, յոթերորդ և ութերորդ գումարումների պատգամավոր («Եդինայա Ռոսսիյա» խմբակցության անդամ), Պետական դումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
Արտերկրում հայրենակիցների և միգրացիոն քաղաքականության հարցերով կառավարական հանձնաժողովների անդամ է։ Սփյուռքի և ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտ) տնօրեն, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի գիտական խորհրդի անդամ, Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ է։
2018 թվականին Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր Կ. Ֆ. Զատուլինի և Ռուսաստանից ու Հայաստանից մի շարք ականավոր քաղաքական գործիչների ու ձեռնարկատերերի, հասարակական գործիչների, գիտնականների, լրագրողների և մշակութային գործիչների նախաձեռնությամբ ստեղծվեց Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբը»։ Ակումբը կրում է հանրահայտ հայ բարերար ընտանիքի՝ Լազարյանների անունը, որոնք XIX դարի առաջին քառորդում Մոսկվայում հիմնադրել են Արևելյան լեզուների ինստիտուտը։
«Լազարյան ակումբի» խորհրդի անդամները հիշում են, որ հենց Զատուլինն էր, որ հասավ Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանության ճանաչմանը Ռուսաստանում: Նրա զեկույցի հիման վրա առաջին Պետդուման այս բանաձևն ընդունեց 1995 թվականին: Եվ Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների պաշտպանության նրա ջանքերը երկար տարիներ ազդեցություն ունեցան Ռուսաստանի հասարակական կարծիքի ձևավորման վրա:
«Լազարյան ակումբի» հաջորդ նիստը նախատեսված էր անցկացնել Երևանում ուրբաթ օրը՝ 2022 թվականի հոկտեմբերի 28-ին։ Դա լինելու էր կլոր սեղանի ձևաչափով՝ «Հայ-ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով։ Նիստից հետո նրա մասնակիցները հոկտեմբերի 29-ին պետք է այցելեին Ջերմուկ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները իրենց աչքերով տեսնելու համար։
Զատուլինին Հայաստանում անցանկալի անձ հայտարարելու մասին փաստաթուղթը թվագրված է 2022 թվականի հոկտեմբերի 27-ով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 25-ին Զատուլինը Պետդումայի պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային հասցեով նամակ է ստացել՝ Հայաստանի Հանրապետություն իր այցի «անցանկալիության» վերաբերյալ, որը ստորագրել էր Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների վարչության պետ Տիգրան Սեյրանյանը։
«Ձեր կարծիքով՝ ո՞րն է արգելքի իրական պատճառը» լրագրողի այս հարցին Զատուլինը պատասխանեց. «Դա կապված է այն բանի հետ, որ ես հարմար մարդ չեմ բոլոր նրանց համար, ովքեր աջակցում են Փաշինյանին և անձամբ նրան, այն դեպքում, երբ, ինչպես ես եմ կարծում, դավաճանում է Հայաստանի ազգային շահերին և փորձում է պոկել Հայաստանը Ռուսաստանից»։
Կոնստանտին Զատուլինը 2023 թվականի հոկտեմբերի 27-ին «Մոսկվան խոսում է» ռադիոյի «Խելացի տղաներ» հաղորդման եթերի ժամանակ խոսել է Հայաստանում ստեղծված իրավիճակի և Նիկոլ Փաշինյանի մասին. «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, Փաշինյանն արդեն բոլորին ու յուրաքանչյուրին բացատրում է Հայաստանում, թե ռուսները հանձնեցին Ղարաբաղը, Ռուսաստանը մեղավոր է ամեն ինչում, մենք դրա հետ կապ չունենք։ Նա իր վրայից գցում է ամեն տեսակ պատասխանատվություն։ Նա, ըստ էության, Ղարաբաղը նետեց պատերազմի մեջ. նա հրաժարվեց մոբիլիզացնել Հայաստանը պայքարի համար։ Նա ինքն էր անցյալ տարի ասել, որ դա ներքին հարց է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում։ Բայց պարզվում է, որ ամեն ինչի համար մեղավոր է Ռուսաստանը։ Իսկ Ռուսաստանն ինչի՞ համար է մեղավոր. նրա համար, որ ինքը դանդաղ մոտենում է նրան, ինչը սկզբից ևեթ պա՞րզ էր։ Փաշինյանը, իշխանության գալով 2018 թվականին, եկավ Ղարաբաղը հանձնելու և Ռուսաստանից հեռանալու համար»։
Նյութը պատրաստեցին Մարինա և Համլետ Միրզոյանները, Մոսկվա

