2026-ին վերընտրվելու է Նիկոլը, ողբերգությունը դա է. Դավիթ Մշեցի
ՄշակութայինՎաղարապատում կայացած ավագանու ընտրություններին հաջորդած քաղաքական ու հասարակական գնահատականները կրկին մտահոգիչ հարցեր են բարձրացնում՝ 2026-ին սպասվող համապետական ընտրությունների շուրջ։ «Իրավունք TV»-ի հետ զրույցում բանաստեղծ ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻՆ ներկայացնելով իր դիտարկումները՝ խոսում է ոչ միայն ընտրական գործընթացների իրական արժեւորումների անհրաժեշտության, այլ նաեւ քաղաքական դաշտի շուրջ ձեւավորված անհանգստացնող մթնոլորտի մասին։ Ըստ նրա, ներկայիս զարգացումները հուշում են, որ իշխանության վերարտադրության հավանականությունը մեծ է, իսկ հասարակական մտածողության խորքային պատկերը հուսադրող չէ։
— Դավիթ, Վաղարապատի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք: Փաստացի, ՔՊ-ն կրկին իշխանություն է Սուրբ քաղաքում:
— Միշտ Փաշինյանը խոսել է այն մասին, որ Հայաստանում եղել են ընտրակեղծիքներ եւ ընտրակաշառքներ: Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության օրենքով ե՛ւ կաշառք տվողն է հանցագործ, ե՛ւ վերցնողը: Հիմա, եթե այդ ժողովրդի մեծ մասը կաշառք է տվել եւ վերցրել, ստացվում է, որ հանցագործներ են բոլորը, հետեւաբար, այդ նույն ժողովրդի մեծամասնությունը ընտրում է ՔՊ-ին: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, ՔՊ-ն ընտվել է հանցագործների կողմից:
— Հետաքրքիր օրինակ բերեցիք, սակայն ընդունենք փաստը, որ թեկուզ քիչ տոկոսային քանակով, բայց ընտրել են: Այս համատեքստում՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններից ի՞նչ սպասենք:
— Իրականում, ընդդիմությունը ոչինչ չի ձեռնարկում Նիկոլին հանելու համար: Չի միավորվում եւ չի միավորվի, քանի որ Նիկոլը դեռ բաներ պետք է տա ու կտա: Իսկ այն մարդիկ, ովքեր կփորձեն քայլեր ձեռնարկել, ասածս հիշեք, բոլորի վրա մի կոմպրոմատ ունի եւ անմիջապես կձերբակալի: Հիմա ի՞նչ է կատարվում, երբ ինչ-որ մեկը գրանցում է հաղթանակ, անմիջապես նախաձեռնվում է քրեական գործ: Իսկ այսքան տարի այդ գործերի մասին Փաշինյանը չի իմացե՞լ, իհարկե, իմացել է:
Այո, 2026 թվականին վերընտրվելու է Նիկոլը: Իմ ողբերգությունը դա է: 1988-ի փառահեղ հաղթանակ տարած, մշակույթ, սկզբունքայնություն ունեցող ժողովուրդն ինչպե՞ս դարձավ այսպիսին: Ինչպե՞ս հասավ այն աստիճանի, որ Նիկոլ է ընտրում: Իմ համոզմամբ, 5 տարեկան երեխայից բարձր այլեւս ոչ ոքի հետ չարժի խոսել, քանի որ մենք այլեւս քաղաքակրթական Սոդոմ-Գոմորի մեջ ենք:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:
https://iravunk.com/sim/?p=328418&l=am/

