Մեկ պաշտոնյայի պատճառով՝ հանրային ռադիոն անդադար վճարում է տանուլ տված դատական գործերի ծախսերը
ՄշակութայինԵրեւի շատերը գիտեն, որ Eau de Cologne լատիներենից թարգմանած բառացի նշանակում է «Քյոլնի ջուր»: Սակայն անցյալ տարվա օգոստոսի 8-ից, ինչ Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրեն նշանակվեց Արմեն Քոլոյանը, նրա ղեկավարած կազմակերպությունում այս տերմինն ունի բոլորովին այլ գրություն եւ, առավել եւս, իմաստ. «Օ՜, դե Քոլոն »… Դրան զուգահեռ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ռադիոբառապաշարում հայտնվել են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են. «Երբ գալիս է Քոլոյանը», «Քոլոն եկավ մեր բակը», «Քոլոյից ամեն ինչ սպասելի է» եւ այդպես շարունակ:
Սակայն, մի կողմ թողնենք դարձվածքաբանությունն ու անցնենք նրա գործերին: Այս անդրադարձի առիթը հանդիսացան երկու զուգահեռ հանգամանք: Առաջինը՝ Քոլոյանի «սիրելի» Աստղիկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումն էր, որտեղ ասվում էր այն մասին, որ նա հեռանում է Հանրային ռադիոյից: Դրան հետեւեց Քոլոյանի գրառումը, հետո Աստղիկի պատասխանը եւ այդպես շարունակ: Տուրուդմփոցը տեւեց կիրակի առավոտից մինչ երեքշաբթի երեկո: Այնուհետեւ երկուսի գրառումներն էլ անհետ կորան: Ըստ երեւույթին, նրանց «խնդրեցին» վերջացնել խեղկատակությունն ու չանցնել անձնական հաշվեհարդարի ներքին սահմանները:
Ամեն դեպքում, փաստը մնում է փաստ. երկուսն էլ սոցցանցում կատարեցին գրառումներ, որտեղ փոխադարձ խայթոցների փակագծերում կատարում էին բացահայտումներ Հանրային ռադիոյի ներքին նիստուկացի, ֆինանսական անհամաչափությունների եւ այլնի մասին:
Հարկ է նկատել, որ պարոն Քոլոյանը տարբեր անգամներ ֆեյսբուքյան գրառումների համար ռադիոյի որոշ աշխատակիցների տվել է նկատողություններ: Մասնավորապես՝ նա գրել էր, որ Աստղիկ Սարգսյանը այլ աշխատակիցների համեմատ՝ անգամ բարձր վճարվելուց բացի, ստացել է նաեւ հավելավճարներ: Տեղեկացնենք, որ նրա աշխատավարձը 500 հազար դրամից ավելի է: Հիմա կհարցնեք՝ ինչո՞ւ ներկա ժամանակով: Որովհետեւ այս ամենից հետո էլ նա շարունակում է մնալ Հանրային ռադիոյի աշխատակից, հատուկ իր համար ստեղծված «Հատուկ նախագծերի բաժնի» ղեկավարի պաշտոնում եւ բնական է, որ շարունակում է աշխատավարձ ստանալ: Պարզ չէ, թե այս ամենն ինչով կավարտվի: Գուցե շարունակեն համագործակցել, ասես, ոչինչ չի եղել:
Երկրորդ ցնցող իրադարձությունը հանրային ռադիոյի եթերում եւ նրա սոցցանցային տեսողական հարթակներում «Կիրակի» հաղորդաշարի շռնդալից մուտքն է: Արդեն երկու կիրակի է, ինչ Քոլոյանի մեկ այլ «սիրելի»՝ նույն «Հատուկ նախագծերի բաժնի» խմբագիր Սարգիս Հարությունյանը, եթեր է դուրս գալիս նոր ծրագրով: Դիտելով նրա ծրագրի 2-րդ եւ առայժմ վերջին թողարկումը՝ պարզապես շոկի մեջ են հայտնվում ռադիոյի աշխատակիցները, ինչից ելնելով նրանք դիտում են նաեւ առաջին թողարկումը: Շոկը, ցավոք, այդպես էլ չի անցնում: Անհնարին ձայնային խաթարումներով այդ հարցազրույցը բոլորի վրա թողնում է այն տպավորությունը, որ դա Հանրային հեռուստատեսության «Կերպարից դուրս» ծրագրի անհաջող նմանակումն է: Անհասկանալի մեծ տաղավար, ետեւի ֆոնի պատին ցայտուն երեւացող դետալներ, իսկ հաղորդման ընթացքում, հարցերի ձեւակերպումների բազմաթիվ կրկնությունը խոսում էր ոչնչի մասին:
Ի դեպ, երկու թողարկումների հիմնական թեմաներն էլ այլ էին, սակայն դրանց անոնսներում օգտագործված էին եկեղեցու մասին հարցերը եւ նրա դեմ հյուրերի արտահայտած մտքերը: Նշենք, որ եկեղեցու թեման ծրագրերի ընդհանուր ծավալի երեւի 5 տոկոսն էր կազմում: Սակայն երկու շաբաթ անընդմեջ անոնսվում էին հակաեկեղեցական թեզեր:
Երբ այս թողարկումներով հետաքրքրված սկսեցինք մի փոքր հետաքննել իրավիճակը, պարզվեց, որ սույն կապտա-կարմիր գուլպայավոր պարոնը արդեն երեք ամիս է աշխատում է Հանրային ռադիոյում, ստանալով իր հաստիքին անհամաչափ աշխատավարձ: Ըստ մեզ հասած տեղեկությունների, դարձյալ 500 հազար դրամից ավելի: Իսկ թե նա ինչ է արել այդ ամիսների ընթացքում, կոլեգաներն ասում են, թե՝ ոչինչ: Բայց աշխատավարձ ստանալը բավականին լավ է ստացվում: Հիմա, երբ սկսեց հաղորդումներ պատրաստել, պարզ դարձավ, որ Հանրային ռադիոյի վարկանիշի համար շատ ավելի լավ կլինի, եթե նա շարունակի ոչինչ չանել:
Լավ, ենթադրենք, թե նա ռադիոյի տնօրենի հետ աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում: Ենթադրենք, որ նրանք ընկերներ են: Սակայն, պետբյուջեով լավություն անել ընկերոջը կամ նախկին գործընկերոջը, կարծում ենք՝ այնքան էլ բարոյական չէ: Ռադիոյում նույն կամ նման հաստիքներով աշխատում են մի քանի տասնյակ խմբագիրներ, սակայն որեւէ մեկի աշխատավարձը չի մոտենում անգամ այս սիրեցյալ-արտոնյալների ստացած աշխատավարձերին:
Իսկ վերադասն ինչո՞վ է զբաղված: Հիշեցնենք, որ դա հանրային հեռարձակողի խորհուրդն է իր 7 անդամներով: Լավ, բա այդ յոթից որեւէ մեկը եթերին չի հետեւո՞ւմ: Ասենք թե, խորհրդի համար միեւնույն է. իսկ վերահսկող մարմիննե՞րը, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողո՞վը, ֆինանսների նախարարությո՞ւնը, պետական վերահսկողական ծառայությո՞ւնը…
Ռադիոյի մի քանի աշխատակցի հետ մեզ հաջողվեց զրուցել: Բոլորն էլ միաձայն պնդում էին, որ այս ամենը ստեղծում է բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ, հիասթափություն, ստեղծագործելու ցանկության անկում: Մեկն էլ ասաց, որ ժամանակին միջանցքներում կյանքը եռում էր: Հիմա դարձել է մեռյալ թագավորություն:
Ի դեպ, 2024 թվականի օգոստոսի 8-ին Արմեն Քոլոյանի ռադիոյի տնօրեն ընտրվելը (ավելի ճիշտ՝ նշանակվելը) այնքան կարեւոր իրադարձություն էր, որ դրանից ուղիղ մեկ տարի անց, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հռչակագրի ստորագրումը հարմարեցնել հենց այդ ամսաթվին:
Իսկ թե քանի դատական գործ դեռ պետք է պարտվի հանրային ռադիոն, տնօրենի քմահաճույքներով տրված նկատողությունները չեղարկելու համար, որ վերադաս կամ վերահսկող մարմինների մոտ հարց առաջանա, սրա պատասխանը չկա ու չկա: Մեկ պաշտոնյայի պատճառով Հանրային ռադիոն, այսինքն՝ պետբյուջեն, անդադար վճարում է տանուլ տված դատական գործերի ծախսեր: Ո՞վ է դա հատուցելու: Հարկատո՞ւն:
Ըստ «Իրավունք»-ին հասած լուրերի, ամենածիծաղելի դատական գործերից մեկը, որը ռադիոն ավանդաբար տանուլ է տվել, այն էր, երբ ռադիոյի նախկին իրավաբանը դիմել էր դատարան իրեն անօրինական նկատողություն տալու եւ հետո աշխատանքից հեռացնելու հայցով, իսկ ռադիոյի շահերը ներկայացնում էր հատուկ այդ նպատակով վարձած իրավաբանական մի գրասենյակ: Ռադիոն չունի իրավաբան, որ իրեն պաշտպանի իր իրավաբանից: Հետաքրքիր է, այդ գրասենյակին ծառայությունների համար որտեղի՞ց է վճարում ռադիոն: Իհարկե, պետբյուջեից:
Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը ԱՄՆ քաղաքացի է, ով 30 տարուց ավելի ապրել եւ աշխատել է Պրահայում: Ինչո՞ւ սա հիշեցինք, որովհետեւ տասնամյակներ շարունակ Պրահայում ապրած ԱՄՆ քաղաքացուն Հայաստանի պետբյուջեն հեչ հետաքրքիր չէ: Փաստորեն, ճիշտ են ասում Հանրային ռադիոյում. «Քոլոյից ամեն ինչ սպասելի է»:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=328413&l=am/

