ԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ «ՍԵՎ-ՄՈՒԹ» ՕՐԵՐ ԵՆ ԵԿԵԼ
ՄիջազգայինԱյսպիսով, կովկասյան տարածաշրջանում բոլոր հետագա զարգացումները մնում են կախված մեկ հարցից՝ դեպի ո՞ւր են գնում ռուս-ամերիկյան հարաբերությունները: Այն է, երկու երկրները կկարողանա՞ն հասնել շահերը հավասարակշռելու վիճակի: Դա էլ, հասկանալի է, մեծ մասամբ կախված է Ուկրաինայի շուրջ զարգացող ինչպես ռազմական, այնպես ել՝ քաղաքական իրողությունների ընթացքից: Թեեւ մեկ էական գործոն եւս սկսում է առաջին պլան մղվել՝ ներամերիկյան հարթակում Թրամփի դիրքերի թեման:
Վերջին կոռուպցիոն սկանդալից հետո, որի արմատները, իհարկե, ԱՄՆ-ում են, Զելենսկին հայտարարեց Թուրքիա մեկնելու մասին՝ խոսելով նաեւ Մոսկվայի հետ նոր բանակցային փուլ նախապատրաստելու մասին, եւ այսօր կհանդիպի Ուիտկոֆի հետ: Ասենք, բացի ամերիկյան ճնշումներից, թերեւս, դրա համար պարտադրող գործոն է դարձել նաեւ ռազմաճակատներում ռուսների առանջընթացը, որը, իհարկե, Զելենսկու համար ներուկրաինական հարթակում միգուցե շատ ավելի մեծ սպառնալիք է, քան անգամ կոռուպցիոն բացահայտումները: Այսպես, Պոկրովսկ-Միրնոգրադ «կաթսան» անկման եզրին է, եւ դա կանխել, թեեւ այդ ուղղությամբ նետվեցին հնարավորինս մեծ ուժեր, այդպես էլ ուկրաինական բանակի ղեկավարությանը չհաջողվեց: Նույնը կարելի է ասել հաջորդ «քաղաք-ամրոցի» մասին՝ Կուպյանսկի: Նույն «քաղաք-ամրոցներից» ռուսները մտել են Լիման, նախօրեին մտան Սեւերսկ, գրոհում են Կոնստանտինովկան: Էլ չասած Զապորոժիեի ուղղության մասին, որտեղ ճակատի փլուզման մասին խոսում են անգամ ուկրաինական պաշտոնական ռազմական ռեսուրսները: Ուկրաինական աղբյուրները նաեւ խոստովանում են, որ շատ ուղղություններում ռուսները դուրս են եկել եւ հետագա հարձակումները պետք է իրականացնեն օպերատիվ տիրույթում, ինչը կարող է ռուսական ուժերին արագորեն դուրս բերել Դնեպր գետի արեւելյան գոտի:
Այսինքն, եթե ընդամենը մեկ-երկու ամիս առաջ Թրամփն առաջարկում էր Կիեւին՝ զիջել միայն Դոնբասը եւ այդ գծով կնքել խաղաղություն, ապա մեկ-երկու ամսից կարող է ստացվել, որ ռուսների ձեռքին կմնան էլ ավելի մեծ տիրույթներ, եւ արդեն մեծ հարց է, թե Մոսկվան ի՞նչ նոր պայմաններով կհամաձայնվի կանգ առնել: Ու, հասկանալի է, այս բոլոր հավելյալ կորուստների համար այն բանակը, որը կմնա այդ ամենից հետո, հաստատ հաշիվ է պահանջելու հենց Զելենսկուց:
Այս իրավիճակում, երեւի արդեն նաեւ Եվրոպան է սկսում հասկանալ, որ պատերազմի հետագա շարունակությունը ոչ միայն Զելենսկուն է դնելու ավելի ու ավելի վատթարացող իրավիճակում, այլ նաեւ եվրալիբերալների համար է դառնում լրջացող խնդիր:
Որքանո՞վ է այս ողջ ընթացքը Թրամփի եւ Պուտինի համատեղ ծրագրի արդյունք, դեռ ժամանակը պետք է ապացուցի: Սակայն իրականությունն այն է, որ Թրամփը մոտեցել է այն ծայրահեղ շեմին, երբ ուկրաինական պատերազմի հետագա շարունակությունը կարող է իր համար խոշորագույն խնդիր դառնալ:
Բանն այն է, որ Թրամփն արագորեն մտնում է իր կառավարման, կարելի է ասել, «ամենամութ ժամանակաշրջանը»։ Ամեն դեպքում, այդպես կարելի է նկարագրել Վաշինգտոնում վերջին օրերին զարգացող քաոսային իրադարձությունները: Այն է՝ Թրամփի համար իրավիճակը սրվել է բոլոր ճակատներում: Էպշտեյնի սկանդալը սրվում է, եւ Կոնգրեսը շուտով կքվեարկի գործին վերաբերող բոլոր փաստաթղթերը հրապարակելու օգտին: Ընդ որում՝ հաստատ կողմ կքվեարկի, հաշվի առնելով, որ այդ պահանջին, բացի լիբերալներից, միացել է նաեւ հանրապետականների աջակողմյան թեւը, այն է՝ հենց Թրամփի առանցքային կողմնակիցները, որոնք մեղադրում են նրան մի շարք առանցքային հարցերով: Իսկ Էպշտեյնի գործից, ո՞վ գիտի, թե ինչեր կարող են լույս աշխարհ գալ՝ կապված անձամբ Թրամփի, Իլոն Մասկի եւ շատ այլ ազդեցիկ անձանց հետ, ընդ որում, երկու կուսակցություններից:
Չնայած դրան, միայն թե լուրջ հարված հասցնեն Թրամփին, դեմոկրատները պատրաստ են Էպշտեյնի գործը դարձնել Կոնգրեսի ընտրությունների գլխավոր թեմա։ Եթե նրանք հաղթեն, կարելի է սպասել Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթացի։
Ահա այս ֆոնին Թրամփը ստիպված է դուրս բերել զորքերը Չիկագոյից եւ Պորտլենդից՝ թուլացած դիրքերի պատճառով չկարողանալով դիմադրել տեղական իշխանությունների ճնշմանը։ Իսկ Նյու Յորքում ընտրված բացահայտ հակաթրամփիստին ուղղված նախագահի սպառնալիքներն արդեն նույնիսկ ծիծաղելի տեսք են ստացել:
Քաղաքական դիրքերը կայունացնելու համար Թրամփին պետք է գոնե մեկ շլացուցիչ հաղթանակ՝ ցույց տալու համար, որ բազում մեծ-մեծ խոստումները, Գրելանդիայից սկսած եւ հիմա Մեքսիկայով վերջացրած, գոնե ինչ-որ ռեալ հիմք ունեն: Փոխարենը, Չինաստանի նախագահից ստացավ մի այնպիսի «շառաչուն ապտակ», որ դրա հետեւանքները նա երեւի կզգա իր ողջ նախագահության ընթացքում: Արդյունքում՝ հաջողության ամենահարմար թիրախը կարծես թե Վենեսուելան էր, բայց այս դեպքում չափազանց մեծ է դարձել ռիսկը, որ ԱՄՆ-ն կարող է ընդամենը թանկարժեք եւ երկարատեւ պատերազմի մեջ խրվել, որը ներկա ֆինանսական վիճակում լավ հեռանկարներ չի խոստանում:
Միակ ռեալ ուղղությունը, որտեղ հնարավոր է արագ եւ տեսանելիորեն խոշոր հաջողության հասնել, կարծես թե մնում է Ուկրաինան: Մի կողմից, այստեղ Զելենսկին է կոռուպցիոն ծուղակում, մյուս կողմից՝ ռուսների ճնշումն է: Կհաջողվի «Թրամփին հասնել իրավիճակի բեկման, թերեւս դա է, որ շատ բանով կկանխորոշի նրա հետագա պաշտոնավարումը եւ շատ գլոբալ հարցեր:

