Նոյեմբերի 9-ը կապիտուլյացիա չէր, այն խաղաղության պլան էր. Բաբուխանյան

Տեսանյութեր

«Եվրոմեդիա 24»-ի եթերում Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հեղինակային հաղորդման հյուրն էր «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ: Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորեւ:

«ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՆՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ՎԱՂՈՒՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԷՐ ԵՂԵԼ»

Բաբայան - Նոյեմբերի 14-15-ին Երեւանում անցկացրեցիք «Եվրասիական ինտեգրացիա եւ ՀՀ-ի տնտեսական զարգացման հեռանկարները» միջազգային կլոր սեղանը, որին մասնակցում էին ԵԱՏՄ բոլոր երկրներից, ինչպես նաեւ Վրաստանից եւ Մոլդովայից ժամանած հայտնի փորձագետներ ու գիտնականներ: Ինքս ներկա եմ գտնվել եւ տեսա, թե ինչ բարձր մակարդակի քննարկումներ էին ընթանում: Նախ անդրադառնանք կլոր սեղանին՝ ի՞նչ շեշտադրումներ կառանձնացնեք:

Բաբուխանյան - Այո, կազմակերպվեց շատ լուրջ, փորձագիտական բարձր մակարդակով կլոր սեղան: Փորձագիտական նման մակարդակի կլոր սեղան վաղուց Հայաստանում չէր եղել: Եվ քննարկման գլխավոր հարցերը հետեւյալն էին՝ ինչպես պետք է զարգանա Հայաստանը, արդյոք ԵԱՏՄ-ի ֆորմատը, թե՞ դեպի Եվրամիություն ճանապարհն է օգտակար, ի՞նչ է տալիս ԵԱՏՄ-ում եվրասիական ձեւաչափով զարգացումը, եւ ի՞նչ կկորցնենք, եթե այդտեղից դուրս գանք եւ փոխենք մեր կողմնորոշումը դեպի ԵՄ, ինչպես մի շարք պետական գործիչներ այսօր տրամադրված են անել:

Փորձագետները թվերով, փաստերով, վերլուծական շատ լուրջ գիտական մոտեցումներով ներկայացրին իրավիճակը, որ հնարավոր չէ միաժամանակ լինել ե՛ւ ԵԱՏՄ, ե՛ւ ԵՄ անդամ, ինչպես նաեւ ընդգծեցին, որ Թրամփի այդ միջանցքը կամ «Զանգեզուրի միջանցքը», ինչպես ուզում եք, անվանեք, էությունն այն է, որ երկու թուրքական հատվածներ միանում են Հայաստանի տարածքով, դա էլ չի կարող գործել ԵԱՏՄ-ի օրենքներից դուրս, որովհետեւ ԵԱՏՄ սահմանի հատում է:

Բանախոսները նաեւ փաստեցին, որ եթե մենք հանկարծ դուրս գանք ԵԱՏՄ-ից, կկորցնենք մեր բյուջեի մոտավորապես 60 %-ը, կկորցնենք մեր արտագնա աշխատանքից եկող գումարների 30 %–ը, կկորցնենք տնտեսական զարգացման մոտավորապես 40 %-ը եւ այլն։ Այսինքն` դա կլինի կատաստրոֆա Հայաստանի տնտեսության, ՀՀ աշխատուժի եւ ընդհանրապես ամբողջ բնակչության համար: Մեկ օրինակ բերեմ՝ Բելառուսից հետո՝ աշխարհում 2-րդն ենք, որ Ռուսաստանից գազը ստանում ենք ամենաէժան տարբերակով: Եվ եթե հանկարծ, Աստված չտա, ԵԱՏՄ-ի կառույցը փլուզվի, hասկանալի է, որ մուլտիպպլեքս էֆեկտով մենք կսկսենք կորցնել ամեն ինչ՝ առանց այդ էլ մեր ժողովրդի մի մասը լքում է Հայաստանը, արտագաղթը չի դադարում, մի բան էլ ուժեղանում եւ թափ է առնում: Ընդ որում՝ մենք տեսնում ենք, որ եթե հանկարծ ԵԱՏՄ-ից էլ Հայաստանը դուրս գա, էլ ոչ մի տեղ չի մտնի, որովհետեւ Եվրամիությունը ո՛չ մեզ հրավիրում է, ո՛չ մեզ տեսնում է այդ միությունում:

Բաբայան - Շատ անգամ բանավեճերի, քննարկումների ժամանակ մարդիկ ասում են` գիտեք, մենք պետք է երջանիկ լինենք, որ հերթ ենք կանգնում այն պետությունների հետ միասին, ովքեր ձգտում են դառնալ Եվրամիության անդամ: Կարծես, չեն կարողանում ընկալել, որ մի տեղից դուրս գալուց հետո՝ միանգամից չես մտնում ԵՄ: Եվ որեւէ մեկը հոդաբաշխ մի նախադասությամբ չի կարողանում ներկայացնել, որ այդ ժամանակահատվածում, որը կարող է տեւել տարիներ, եթե ոչ տասնամյակներ ու հավերժություն, ի՞նչ է լինելու Հայաստանի հետ։

Բաբուխանյան - Ասեմ` ինչ կլինի, Հայաստանը կդառնա Թուրքիայի մի մասը՝ վիլայեթ, էրմենիստան եւ կլինի թուրքերով բնակեցված տարածք, որտեղ հայերը 50 տարի հետո կլինեն ազգային փոքրամասնություն: Այսինքն՝ Հայաստան` որպես քաղաքական միավոր, այլեւս պարզապես գոյություն չի ունենա, կոչնչանա Հայաստանի Հանրապետությունը՝ որպես հայերի պետություն: Թեեւ այսօր էլ կամաց֊-կամաց, կարծես թե, արդեն հայկական պետություն չէ՝ ելնելով նրանից, որ դժվար է պատկերացնել, որ հայկական պետությունում հայկական եկեղեցին է ճնշվում կամ հայկական պետությունում հնարավոր է ժխտել Ցեղասպանությունը, կասկածի տակ դնել այն եւ այլն։ Եվ այս ամենը մի շարք փաստերով կարելի է շարունակել։ Ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական եւ այլ ինքնիշխանության բաղադրիչները, իհարկե, չեն պահպանվելու:

Ինչ վերաբերում է Հայաստանի ԵՄ անդամակցության հերթ կանգնելուն, էլի եմ ասում՝ այնտեղ մեզ չեն հրավիրում, որ մենք էլ հերթ կանգնենք: Այնտեղ հերթ է կանգնել Թուրքիան՝ արդեն 50 տարուց ավել է, Վրաստանը՝ 20 տարուց ավել, Ուկրաինան` 15 տարուց ավել, բայց Հայաստանը հերթի մեջ էլ չի։ Մյուսներին գոնե ասել են՝ եկեք հերթ կանգնեք, երբ ձեզ լավ պահեք, կընդունենք կամ չենք ընդունի: Իսկ մեզ ո՛չ հրավիրում են, ո՛չ էլ տեսնում են այդտեղ: ԵՄ-ում հերթ կանգնելու գաղափարով ոգեւորված են օտար ազդեցության գործակալները, ովքեր պատրաստ են զոհաբերել Հայաստանի տնտեսությունը, ինքնիշխանությունը բոլոր առումներով, որպեսզի բավարարեն իրենց տերերի պահանջը կամ հանձնարարությունը։

«ՄԻԱԿ ՈՒԺԸ, ՈՐՆ Ի ՎԻՃԱԿԻ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՀՀ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՌԴ-Ն Է»

Բաբայան - Բայց երբ ներկայացվում է այս օբյեկտիվ իրականությունը, մարդիկ սկսում են մեղադրել, թե Հայաստանն ուզում են դարձնել գուբերնիա: Ինչպե՞ս եք վերաբերվում այս խոսույթին, երբ զուգահեռ իրականության մեջ տեսնում ենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեր երկիրը տանում են վիլայեթացման, բայց սա ոչ մեկին չի անհանգստացնում:

Բաբուխանյան - Ալիեւն արդեն հայտարարել է, որ Սեւանը Սևան չի, չգիտեմ ինչ է, Սյունիքն էլ Սյունիք չի, այլ Զանգեզուրի միջանցք է իրենց համար եւ այլն: Հասկանալի է, որ Թուրքիան եւ իր ենթակա Ադրբեջանը, որն, ի դեպ, արդեն այնքան է ուժեղացել, որ կարող է ինքնուրույն, նույնիսկ դերակատար համարվել տարածաշրջանում, ունեն խնդիրներ, օրինակ` խմելու ջրի պաշարի գրավման: Իրենց համար սա նոր խնդիր չէ, այդ խնդիրը կար 100 տարի առաջ էլ: Նրանք ուզում են տիրանալ Սեւանի ջրին, որը հսկայական թանկ պաշար է մեզ համար։ Ուզում են տիրանալ ամբողջ Սյունիքին եւ անգամ Վայոց ձորն են դիտարկում որպես միջանցք, որը խանգարում է իրենց, եւ իրենք պետք է վերացնեն։ Ո՞վ է այդ ամենին այսօր խանգարում, միայն Ռուսաստանը։ Իրանն ավելի շատ չեզոք դիրք է գրավել եւ անգամ եթե ուզենա էլ, չի կարող որեւէ բանով խառնվել։ Իրանը, այսպես ասած, իր դարդը պետք է լացի:

Ինչպես տեսաք, Եվրամիությունը նպաստեց, որպեսզի Արցախը Նիկոլը ճանաչի Ադրբեջանի մաս, իրեն կանչեցին եւ ԵՄ ստրուկտուրաներում դա տեղի ունեցավ։ Թրամփը ուզում է ինքը տիրանալ միջանցքին, Միացյալ Նահանգների ենթակայության վերահսկողության տակ դնել։ Այսինքն` մենք տեսնում ենք, որ միակ ուժը, որն ի վիճակի է պահպանել Հայաստանի գոնե այս մնացած ինքնիշխանությունը, Ռուսաստանն է։ Եթե դա էլ չլինի, Թուրքիան այստեղ 2 րոպեի մեջ բոլոր հարցերը կլուծի եւ կվերցնի իրեն այն, ինչ պետք է, ինչ էլ պետք չի, այսինքն` այն քարերը, չոլերը եւ այլն, որտեղ բնակության համար դժվար է կամ որեւէ օգտակար հանածո այդ պահին չկա, դա էլ կարող է թողնել, որպեսզի ինչ-որ հայեր որոշ չափով մնան: Բայց խոսքն արդեն կես միլիոն թուրք-ադրբեջանցի տեղափոխելու շուրջ է։ Սրանք դատարկ խոսքեր չեն, հիշեք՝ ինչ եղավ Արցախում: Մենք զգուշացնում էինք տարիներ շարունակ, որ խնդիրը լուծվելու է ի վնաս մեզ, եթե չլինեն այս կամ այն գործողությունները, եթե չլինի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի դիմումը Ռուսաստանին, որպեսզի Արցախը ներգրավվի ՌԴ պրոտեկտորատի տակ: Չդիմեցին, որովհետեւ ամեն մեկը մտածում էր իր եւ իր բիզնեսի մասին, թե մի ձեւ կլուծվի էլի այդ հարցը:

Բաբայան – Իսկ Ռուսաստանը կարձագանքե՞ր, ըստ Ձեզ, նման դիմումին:

Բաբուխանյան - Դրա համար աշխատանք էր պետք իրականացնել։ Պետք է մենք շահագրգռեինք Ռուսաստանին, որ արձագանքեր, որտեղից կարող էր գալ օգնություն։ Եթե տեսնում ես, որ քեզ գրավելու են, ոչնչացնելու են, պետք է գնաս խնդրես, առաջարկես լուծումներ, բացատրես, ցույց տաս նրանց օգուտը։ Շատ տեղերից մարդիկ սթափեցնող կոչեր էին անում, որ այսպես երկար չի կարող շարունակվել, չի կարող օդում մնալ Արցախը՝ այն դեպքում, եթե չի կատարվում 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության պլանը։ Խաղաղության պայմանագիրը, ըստ էության, ստորագրված էր այդ ժամանակ: Այո՛, հիմա փաստ է, որ նոյեմբերի 9-ը խաղաղության պայմանագիր էր, որին անվանում էին կապիտուլյացիա եւ այլն։ Մենք պարտվել ենք խայտառակ պատերազմում, բայց սա այլ թեմա է, ինչը կապիտուլյացիա չէր: Խաղաղության պլան էր՝ արդեն իսկ ստորագրված եւ եթե իրականացվեր քայլ առ քայլ, կունենայինք խաղաղ վիճակ եւ կունենայինք նաեւ Արցախի այն մեծ հատվածը, որը մնացել էր:

«ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԵՏԱՁԳՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԼԱՆ Է»

Բաբայան - Իսկ Ձեր գնահատամամբ՝ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթուղթն ի՞նչ է:

Բաբուխանյան - Հետաձգված պատերազմի պլան է: Ցավում եմ, բայց պատերազմ անպայման լինելու է, եթե Հայաստանը չձեւավորի հստակ, պարզ, հասկանալի քաղաքականություն՝ Ռուսաստանին ներկայացնելու համար, եւ եթե Հայաստանը չձեւավորի Ռուսաստանի հետ այնպիսի դաշինք, այնպիսի միություն, որի ընթացքում ՌԴ-ն նաեւ ռազմական գործողություններով կարողանա պաշտպանել Հայաստանին: Եթե այդպես չեղավ, ապա շատ կարճ ժամանակահատվածում Ադրբեջանը դուրս կգա դեպի Սեւանա լիճ, սահմանը այլեւս կանցնի լճի ափով, ապա կօկուպացնի Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը: Երբ դա կլինի, իհարկե, ասել դժվար է, բայց մոտակա տարիներին այդ ծրագիրը դրված է Ադրբեջանի սեղանին:

Դրանից հետո միաժամանակ կես միլիոն ադրբեջանցիներ կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն։ Հաշվի առնելով ադրբեջանցիների դեմոգրաֆիկ զարգացման աճի թվաքանակի տեմպերը եւ հաշվի առնելով հայերի դեմոգրաֆիկ պատկերը՝ արտագաղթի ֆոնին, պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա: Հիմա Հայաստանում ունենք 2 միլիոն բնակչություն, որի կեսն ունի այլ քաղաքացիություն` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, եվրոպական երկրների: Սա է իրականությունը: Այնպես որ, ստեղծված իրավիճակում ով խոսում է Ռուսաստանի դեմ, կամա թե ակամա, մեկը հիմարությունից, մեկն անգրագիտությունից, մեկը վարձատրության դիմաց եւ այլն, բայց նրանք խոսում են հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի, թուրք-ադրբեջանական Միութենական պետության։ Չմոռանանք, որ եթե ռուսները բելառուսների հետ են ստեղծել Միութենական պետություն, ապա Թուրքիան եւ Ադրբեջանը նույնպես ստեղծել են Միութենական պետություն՝ Շուշիի հռչակագրով, որտեղ, ըստ էության, ամեն ինչ նկարագրված է։

Բաբայան - Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ վերականգնվի Սովետական Միության նման մի միություն:

Բաբուխանյան - Տա Աստված, որովհետև Սովետական Միությունում Հայաստանի Երկրորդ Հանրապետությունը՝ ՍՍՀ-ն, որպես պետություն, որպես քաղաքական միավոր կարողացավ զարգանալ: Ամենակարեւորը՝ 800 հազար մարդով մտանք Սովետական Միություն, դուրս եկանք 4 միլիոն մարդով: Դրանից 32 տարվա մեջ ի՞նչ դարձավ 4 միլիոնը: Այս թվերն ամեն ինչ ասում են, թե որտեղ էր հայ ժողովրդի համար լավ, որ պետությունում էր զարգանում, որ կարգերն էր նպաստավոր:

Վերադառնալով Ձեր հարցին՝ ասեմ, որ իհարկե, ռեալ է, բայց, իհարկե, կարող է հենց Սովետական Միություն չկոչվել։ Օրինակ, այսօր կա ԵԱՏՄ, որը տնտեսական միություն է, կա ՀԱՊԿ, որը ռազմական միություն է: Ուկրաինական պատերազմից հետո կսկսվեն աշխարհում շատ նոր պրոցեսներ։ Այդ պրոցեսները կլինեն աշխարհի վերաֆորմատավորման պրոցեսներ, որտեղ բազմաբեւեռ աշխարհում կլինեն հիմնական երեք ուղղություն՝ Միացյալ Նահանգները, Չինաստանը եւ Ռուսաստանը։ Իրենց շուրջ կլինեն տարբեր երկրներ, որոնք այս կամ այն ձեւով կհամագործակցեն այդ բեւեռների հետ, եւ կլինեն ենթաբեւեռներ։ Օրինակ` Թուրքիան, որն այսօր ստեղծել է արդեն Օսմանյան կայսրության, այսպես ասած, համապատասխանող գաղափարախոսություն, որով հասել է արդեն մինչեւ Չինաստանի սահման, հասել է արդեն նրան, որ առնվազն 6 պետություն պանթուրքիստական ծրագրին է միանում: Դրա դեմ Հայաստանը պետք է կարողանա գտնել բանալի, որովհետեւ այդ Թուրանի ծրագիրը մեզ կկլանի։ Այդ Թուրանի ծրագրով միայն Հայաստանի շուրջ կանգնած է 130 հազարանոց թուրք-ադրբեջանական բանակ։ Հասկանու՞մ եք` այդ բանակն ունի նպատակ։ Թուրքը միշտ մնալու է թուրք։ Միշտ ցանկանալու է, որ Հայաստանը, հայը, որպես այդպիսին, այստեղ գոյություն չունենա, քանի այստեղ կա հայ քրիստոնեական բնակչություն, որն ունի պատմական հիշողություն թե՛ Արեւմտյան Հայաստանի վերաբերյալ, թե՛ բաց վերք Արցախի տեսքով։ Թուրքը միշտ ձգտելու է մեզ վերացնել, նայեք ինչ է կատարվել 1915 թ.-ից մինչեւ այսօր։ 100 եւ ավել տարվա ընթացքում մենք կորցրինք Արեւմտյան Հայաստանը, կորցրինք Հյուսիսային Արցախը, Դաշտային Արցախը եւ այլն: Էլ չասեմ, որ կորցրինք հոծ հայաբնակ տարածքներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=328140&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ