«Իրավունք». Էջմիածնում «Հանրապետությանը» առաջ տանելու մեխանիզմը եւս չի աշխատում
Մամուլի տեսություն«Իրավունք»-ը գրում է.
«Ինչպես հայտնում է ՔՊ-ից քաջատեղյակ մեր աղբյուրը, փաշինյանական շրջանակներում սկսել են լուրջ, տագնապի հասնող մտահոգություններով նայել Վաղարշապատի նախընտրական իրավիճակին: Ի սկզբանե այն տրամադրության մեջ էին, որ «խաղաղություն» քարոզի ներքո իրենց թեկնածուն՝ Արգիշտի Մեխակյանը, առանց խնդիրների հաղթելու է: Հետո հասկացան, որ խանգարող գործոնները շատ են, այդ թվում՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի տեսքով: Գրիգորյանի սպանությունից հետո, սակայն, ըստ աղբյուրի, իրավիճակը ոչ միայն չկարգավորվեց, այլ ավելի վատացավ: «Եթե չեմ սխալվում, այդ ժամանակ Ձեզ արդեն պատմել եմ, որ Գրիգորյանի մերձավոր մի շարք անձինք, ովքեր որոշակի կշիռ ունեն տարածքում, որոշել են, որ ոչ միայն չեն դադարեցնում իրենց գործունեությունը, այլ կշարունակեն աշխատել նրա մատնանշած ուղղությամբ, թեկուզեւ հանուն իրենց ընկերոջ հիշատակի»,- հիշեցրեց աղբյուրը:
Արդյունքում, ինչպես մանրամասնեց մեր զրուցակիցը, ընտրարշավի ընթացքին զուգահեռ, իշխանական վերնախավի մոտ ավելի ու ավելի հաստատվեց համոզմունքը, որ ցանկացած վարչական ռեսուրսի պարագայում Մեխակյանի շանսերը չեն ավելանում: Ըստ այդմ. «Որոշումն այն է, որ փորձեն հիմնական շեշտը դնել ՔՊ-ի կցորդի՝ «Հանրապետության» թեկնածուի վրա, որի շանսերն ավելի նախընտրելի են»,- շարունակեց պատմել աղբյուրը, բայց նաեւ նշելով, որ այդ մեխանիզմը եւս, պարզվում է՝ «ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»:
«Բանն այն է, որ ներկա բոլոր հաշվարկները հուշում են, որ Երեւանի սցենարը Էջմիածնում կրկնելն անհնար է: Նկատի ունեմ ՔՊ-ի եւ «Հանրապետության»՝ միասնաբար 50 տոկոսից ավել ձայներ տանելու տարբերակը: Հաշվարկները հուշում են, որ ներկա դրությամբ, եթե նաեւ ողջ վարչական ռեսուրսն են գործի դնում, անգամ 40 տոկոսի հասնելը պետք է շատ լավ արդյունք համարել: Ընդ որում, կարող է աշխատել Գյումրիի սցենարը. չեն տեսնում անցողիկ որեւէ ուժ, որը կցանկանա համագործակցել ՔՊ-ի եւ «Հանրապետության» հետ՝ 50 տոկոս + 1-ն ապահովելու համար: Այսինքն, հիմա կաշխատեն ՔՊ-ի թեկնածուի օգտին, թե՝ «Հանրապետության», դրանից ընդհանուր գումարը չի փոխվում: Նաեւ նկատել են, որ «Հանրապետության» օգտին աշխատելը լրջագույն այլ վտանգ ունի. այդ դեպքում ՔՊ-ն պարզապես կարող է հայտնվել լավագույն տարբերակով երրորդ տեղում: Իսկ ամենամռայլ կանխատեսումներով, կարող է նաեւ անցողիկ շեմը չանցնել, ինչն արդեն կդառնա իսկական կատաստրոֆա Փաշինյանի համար: Ուստիեւ, վերջին պահին փորձում են նորից լծակները շրջել Մեխակյանի օգտին, չնայած նա, ինչպես պատմեցին, արդեն բավականին դեպրեսիվ վիճակում է. սովորել էր երջանկահիշատակ հոր հաշվին տարբեր դիրքեր զբաղեցնել, ու հիմա հեր անունից էլ շատերը նրան դատափետում են: Ու փոխարենը, կարող է ձեռնունայն մնալ»:
Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա, ըստ աղբյուրի, արդեն այս պահին հիմնական մտածմունքները սպասվող համապետական ընտրությունների մասին են: «Էն գլխից էր հասկանալի, որ Էջմիածնի ընտրությունները ոչ միայն հակաեկեղեցական արշավում կոշտ քայլերի գնալու (անվերապահ հաղթանակի դեպքում, իհարկե) համար են, այլ նաեւ սպասվող ԱԺ ընտրությունների համար են փորձաքարի դեր ունենալու: Եթե չկարողանա ինքնուրույն, առանց «Հանրապետության» հաղթել, ուրեմն ԱԺ ընտրություններում խնդիրները շատ լուրջ են լինելու: Որոշ համայնքապետների կալանավորելը նաեւ Էջմիածնում ընդդիմադիր թեկնածուների աչքը վախեցնելու իմաստ ուներ: Բայց նման է, որ այդ մեխանիզմը եւս չաշխատեց: Ամեն դեպքում, սպասենք ընտրություններին, դրանք կտան շատ հարցերի մասին իրատեսական պատկերացումներ, նաեւ, թե առաջիկա ամիսներին ինչ նոր իրողությունների ենք բախվելու»,- խոսքն ավարտեց աղբյուրը»:

